Հայաստանի վարչապետը 2021 թ-ը տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի է հայտարարել
2021 թվականը Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի է լինելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին։
Նա խոստովանել է, որ անցյալ տարին Հայաստանի տնտեսության համար բարդ էր թե՛ արցախյան պատերազմի, թե՛ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն վարչապետը համոզված է, որ եռակողմ հայտարարությունը, որն ինքը ստորագրել է Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, կարող է բացարձակ նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։
Հայ և վրացի փորձագետները չեն կիսում այս տեսակետը։
- Հայաստանում կտրուկ աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները
- «Հայերի փրկությունը հենց հայերի ընտրությունն է»․ քաղաքագետ
Ի՞նչ է ասել վարչապետը
«Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ», — հայտարարել է Փաշինյանը։
Նոր տնտեսական հնարավորություններ, ըստ նրա, մասնավորապես, տալիս է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ տարածաշրջանում պետք է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում կատարվի․
«Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել՝ կրկնում եմ, մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»։
Տնտեսական կանխատեսումներ
Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության անկումը 2020 թ-ին կկազմի 8%, իսկ 2021 թ-ին սպասվում է 3,1% աճ, 2022-ին՝ 4,5%։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2020 թ-ի արդյունքում կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ անկում 7,25%-ով, իսկ 2021 թ-ին՝ մոտ 1% ՀՆԱ աճ։
Հայաստանի կենտրոնական բանկը 2020 թ-ի արդյունքում կանխատեսում էր 7,2% տնտեսական անկում։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Հայաստանի 2021 թ-ի պետբյուջեով նախատեսված է 3,2% աճ, իսկ արժեզրկումը՝ 4% (±1,5%) սահմաններում։
Ի՞նչ են ասում փորձագետները
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ոչ մի հիմք չկա՝ հաղորդակցության ապաարգելափակումից որևէ տնտեսական շահ ակնկալելու․
«Դա շահեկան է միայն Ադրբեջանի համար։ Բավական է տեսնել երկաթուղու նախագծի քարտեզը՝ հասկանալու համար, որ Հայաստանն այդպիսի հեռանկարներ չունի։ Առաջին հերթին, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի սահման երկաթուղին ավելի երկար է Վրաստանի տարածքով ավտոճանապարհից մոտ 2.3 անգամ։
Երկրորդ հերթին՝ եթե Ադրբեջանը պահպանում է ինքնիշխանությունն այդ ճանապարհի նկատմամբ, ապա Հայաստանի տարածքով անցնող միջանցքն արտատարածքային է։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել իր միջանցքը, բայց ոչ Հայաստանը։
Անդրադառնանք փաստերին․
- Հայաստանն արդեն 2018 թ-ի սկզբին արդյունավետորեն հաղթահարել է շրջափակումը,
- Հայաստանը տնտեսական զարգացման մակարդակով առաջ է անցել Մոլդովայից և Ուկրաինայից, որոնք հաղորդակցության խնդիրներ չունեն»։
Հասարակական հետազոտությունների վրացական ինստիտուտի (GIPA) պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, թե որքանով է Հայաստանի տարածքով «երկու Ադրբեջանները» միացնող երկաթուղին աշխատելու անխափան և արագ․
«Ըստ ամենայնի՝ Հայաստանն անխուսափելիորեն գնացքները ամեն անգամ երկար ժամանակով կանգնեցնելու է իր սահմանին՝ ստուգելու համար, ինչն այս երթուղին այնքան էլ հարմար չի դարձնում։
Նոր հայ-ռուսական միջանցքի հարցը է՛լ ավելի բարդ է։ Նախ, այստեղ պետք է վերականգնվի Երևանից դուրս եկող երկաթուղային ճյուղը, որը փաստացի չկա։ Դրան գումարվում է այն փաստը, որ Հայաստանից Ռուսաստան (և հակառակ ուղղությամբ) գնացող գնացքները պետք է Ադրբեջանի բավականին մեծ տարածք հատեն։
Եթե ենթադրենք, որ անվտանգությունը խնդիր չէ, ապա գնացքների երթևեկությունն, ամենայն հավանականությամբ, կդանդաղի․ երթուղին երկար է և երեք երկիր է ներառում, այդ թվում՝ Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված և նույնպես հայկական գնացքները կանգնեցնելու է իր սահմանին։
Հաշվի առնելով այս ամենը, դեպի Ռուսաստան Հայաստանի ելքի առավել հեշտ տարբերակ է Վրաստանով անցնող ճանապարհը»։