Նիկա Մուսավի, Բաքու
Երբ ամերիկացի միասեռականներն ամուսնանալու իրավունք ստացան, ադրբեջանցի միասեռականները քիչ մնաց կռվեին՝ վիճելով՝ լավ է դա, թե վատ: Մի կողմ դնենք սոցցանցերի օգտատերերի (և ընդհանրապես բնակչության) այն հատվածին, որը խստագույնս դեմ է միասեռ սիրուն. այստեղ քիչ թե շատ ամեն ինչ պարզ է: Խոսենք նրանց մասին, ովքեր սոցցանցերի իրենց գլխավոր լուսանկարը ծիածանի գույներով ներկեցին, անկեղծ ուրախացան ամերիկացի գեյերի և լեսբիներին համար՝ կյանքի այդ տոնին անմասն լինելով: Իսկ ամերիկյան իրողությունների քննարկումը բավականին կանխատեսելի կերպով վերածվեց ադրբեջանական իրողությունների քննարկման, և այս թեման երկար ժամանակ ամենաարդիականներից մեկն էր մնում: Մինչև օրս էլ թեթև կայծը բավական է, որպեսզի դաժան քննարկումների կրակը վառվի:
Դա ինքնին բավականին գովելի է: Գոնե այն պատճառով, որ սեքսուալ փոքրամասնությունների իրավունքներ, ինչպես կանանց, երեխաների, շիկակարմիր մազեր ունեցողների, ձախլիկների և մնացածների իրավունքներն ըստ էության պարզապես մարդու իրավունքներ են: Եվ դրանց համար պետք է պայքարել: Սակայն միգուցե ոչ այստեղ և ոչ հիմա՞:
Տվյալ պահին Ադրբեջանում միասեռականների իրավունքների մասին խոսելը մեղմ ասած միամտություն է: Նրանք իհարկե վաղ թե ուշ պետք է իրենց իրավունքները ձեռք բերեն: Սակայն նախապես պետք է հերթ կանգնել և 50 տարի սպասել, մինչև դա անեն հետերոսեքսուալները: Քանի որ, եթե մտածենք, ապա վերջիններս Ադրբեջանում նույնպես ոչ մի իրավունք չունեն: Եվ դա պարզելու համար բավական է կետերով թվարկենք ԼԳԲՏ բոլոր հիմնական պահանջներն ու դրանց նայենք հետերոսեքսուալների աչքերով:
Տղամարդ զուգընկերոջ հետ ամուսնանալու իրավունք:
Ամեն երրորդ ադրբեջանցին իրավունք չունի անգամ իր կին զուգընկերոջ հետ ամուսնանալու: Այսինքն, իրավական տեսանկյունից նա իհարկե այդ իրավունքն ունի: Սակայն գործնականում մայրն ուշագնաց կլինի, հայրը կսպառնա նզովել որդուն, արդյունքում նա ստիպված կլինի ամուսնանալ մի աղջկա հետ, որին ընտանիքը կընտրի:
Նույն բանը կանանց էլ է վերաբերում. նրանց համատարած կամքին հակառակ ամուսնացնում են՝ ում հետ հարկ համարեն: Իսկ արևելյան հասարակությունում կնոջ յուրահատուկ դիրքը եթե հաշվի առնենք, իրավիճակն այդ պարագայում ավելի այլանդակ կլինի:
Տվյալ դեպքում ավանդույթները, հասարակական կարծիքն ու ծնողների կարծիքն ավելի մեծ դեր են խաղում, քան օրենսդրությունը: Քանի որ օրենքի վրա ադրբեջանցիները ցանկության դեպքում կարող են աչք փակել, իսկ ծնողների և հասարակության վրա՝ ոչ:
Զգացմունքներդ արտահայտելու, այլ ոչ թե անկյուններում թաքնվելու իրավունք, ինչպես առաջարկում են հոմոֆոբները:
Բավականին բնական ցանկություն է: Ադրբեջանցի հետերոսեքսուալները նույնպես շատ են ուզում, որ այդպես լինի: Սակայն հասարակության ընդամենը մի փոքր հատված է արդեն հասել զարգացման այն մակարդակին, որ դա նորմալ համարի:
Մնացածներն այնքան բացասական են վերաբերվում ոչ միայն նախաամուսնական սեքսին (աստված մի արասցե), այլ նաև ռոմանտիկ պլատոնական հարաբերություններին: Ծնողները ձգտում են իրենց աղջիկներին առավելագույնս հեռու պահել տղամարդկանց աշխարհից, արդյունքում՝ երիտասարդները սիրավեպեր են ունենում՝ բարեկամներից ու հարևաններից գաղտնի:
Հասարակական վայրում համբուրվելու համար հեշտությամբ կարող ես իրավապահներից զգուշացում ստանալ, էլ չենք խոսում խեթ հայացքներից: Իսկ այդ ընթացքում հանցագործությունների մասին լուրերը աչք են ծակում «ընտանիքի պատիվը գետնով տալու» հողի վրա կատարված սպանությունների մասին հաղորդագրություններով, իսկ բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկը հիմենոպլաստիկան է՝ կուսաթաղանթի վերականգնումը:
Ադրբեջանական ձևով քամինգ աութն այն չէ, երբ տղան ծնողներին ասում է, թե պայմանական Մամեդի է սիրում և ուզում է նրա հետ ապրել:
Ադրբեջանական ձևով քամինգ աութն այն է, երբ նույն բանը աղջիկն է անում:
Հետո ի՞նչն է գալիս: Համատեղ ունեցվածք և քաղաքացիական ամուսնության շրջանակում զուգընկերների այլ «համատեղություննե՞ր»
Դա ի՞նչ բան է: Ադրբեջանում նման բան չեն էլ լսել: Զուգընկերդ, որի հետ թեկուզ 30 տարի ապրած լինես, միևնույնն է, բացարձակ օտար մարդ է մնում: Քաղաքացիական ամուսնությունների գոյության մասին էլ ամաչում են խոսել:
Գուցե ինչ-որ բան մոռացել եմ նշել: Սակայն, կարծում եմ, թվարկածս էլ բավական է կրկնելու համար. ժամանակակից Ադրբեջանում միամտություն է լրջորեն խոսել ԼԳԲՏ իրավունքների մասին: Չի կարելի բաց թողնել էվոլյուցիայի մի աստիճանը: Երկրները, որտեղ այժմ խոսում են գեյերի իրավունքների մասին, այն երկրներն են, որտեղ վաղուց լուծված են հետերոսեքսուալների իրավունքների հարցը:
Եվ կրկին հարցը օրենսդրությունը չէ և ոչ էլ կառավարության վերաբերմունքն ու նրա ինչ-որ գործողություններ: Հարցը հասարակությունն է, մարդկանց աշխարհահայացքը: Անձնական և ընտանեկան հարցերը շատ դժվար է պետական մակարգակով լուծել: Եվ քանի դեռ ադրբեջանցի հետերոսեքսուալները չեն կարողացել նահապետական հասարակության հարցերը լուծել, միասեռականների իրավունքների համար պայքարը թերևս պարզապես հուզիչ է:
Հրապարակվել է 04.11.2016