«Զարգացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը՝ դեռ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու»․ կարծիք
ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին
ՆԱՏՕ-ն Հայաստանին խրախուսում է մերձենալ իր հետ, ՌԴ-ից ահազանգում են՝ «պետք է հասկանալ, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կհանգեցնի»։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հարցազրույցին այդ կերպ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա պնդել է, որ որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մերձեցումը շատ երկրների համար նշանակել է մինչև անգամ «սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայություն»։
APRI Armenia ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ սա ուղիղ սպառնալիք է Հայաստանին։ Կարծում է՝ Երևանի՝ լեզվակռվի մեջ մտնելը որևէ բան չի փոխի, ընդհակառակը՝ ավելի կծանրացնի իրավիճակը։ Փոխարենը, ըստ նրա, պետք է զբաղվել արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայով, պատրաստվել հնարավոր սցենարների։
«Կա բովանդակային տեղաշարժ»․ Կոլոմինա
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կարծում է, որ «բովանդակային տեղաշարժ» է տեսնում Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին նա ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։ Կոլոմինան հայտարարել է, որ «վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը», դաշինքն էլ պատրաստ է առաջ գնալ այն տեմպերով, որոնցով ուզում է առաջ գնալ Երևանը։
Կոլոմինան նշել է, որ շատ գոհ են Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններից, և իրենց ոգևորում են այն որոշումները, որոնք ՀՀ-ն ընդունել է «արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը որոշել են իրականացնել»։
«Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ։ Եվ դա այն է, ինչ անում է Հայաստանը»,- շեշտել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ խրախուսում են այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Օրինակ է բերել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը ավելի քան 50-ով ավելացնելու հայկական կողմի որոշումն ու հավելել, որ դա «ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության և նվիրվածության նշան է»։
Խավիեր Կոլոմինայի փոխանցմամբ՝ այժմ աշխատում են անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։
«Բացեք քարտեզը»․ հորդոր Ռուսաստանից
Կոլոմինայի հարցազրույցը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ՆԱՏՕ-ի հետ ՀՀ մերձեցումն, ըստ էության, հակադրել է երկրի ազգային շահերին և հայկական կողմին հորդորել «բացել քարտեզը և տեսնել, թե «որ տարածաշրջանում և ինչ հարևանների միջև» է։ Հայտարարել է նաև, որ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն երկարաժամկետ շահերը, ոչ թե հիմնվեն Արևմուտքի խոստումների վրա, որոնք «երբեք չեն իրագործվում»։ Շեշտել է՝ շատ երկրների հետ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումն ունեցել է «վտանգավոր» հետևանքներ՝ թվարկելով դրանք․
«Հակամարտություններում ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, ուրիշի պլանավորումներին կամքի ենթարկեցում՝ բառի բոլոր իմաստներով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայություն»,- թվարկել է նա։
Ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքի հարցերով արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևն էլ այսօր հայտարարել է, թե կա տեղեկատվություն, որը հստակ ցույց է տալիս՝ Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության։
Վստահեցրել է՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց դրված չէ, իսկ կառույցի միջոցառումներին Երևանի չմասնակցեը «կատարվել է [Արևմուտքի] ճնշման ներքո»։
Փորձագիտական կարծիք
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նույնպես ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում տեսնում է բովանդակային տեղաշարժ։ Օրինակ է բերում ՀՀ տարածում Նահանգների հետ համատեղ իրականացված զորավարժությունները, բարձրաստիճան զինվորականների այցերը Երևան։
JAMnews-ի հետ զրույցում նա նշել է, որ մերձեցման ուղղությամբ որոշ քայլեր արվել են։ Պատահական չի համարում այն հանգամանքը, որ ՆԱՏՕ անդամ Ֆրանսիան Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեց․
«Այդ օրինակով դեռ կարելի է ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը մինչև ինչ-որ աստիճան զարգացնել, առաջ շարժվել՝ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու վերջնական որոշում ընդունելու։ Իսկ այդ պահը գալու է։ Բայց հիմա Արևմուտքում հասկանում են՝ ՀՀ-ն ունի խնդիրներ կապված ՀԱՊԿ-ի և ՌԴ հետ իր կապերը կտրելու հետ»։
Փորձագետի գնահատմամբ՝ կարևոր է նաև այն, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի ՀՀ-ին անել այնպիսի առաջարկներ, որոնք «կծածկեն ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերը»։
«Երաշխիքներ են հարկավոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՌԴ հետ կապված, ընդ որում՝ ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական։ Ռուսաստանի պատասխանը կարող է լինել կամ Ադրբեջանի միջոցով՝ ռազմական, կամ էլ տնտեսական»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին՝ Ներսիսյանն ասել է՝ ուղիղ սպառնալիքի հետ գործ ունենք։
Ասելիքն, ըստ նրա, հետևյալն է՝ «եթե շարժվեք դեպի ՆԱՏՕ, ձեր երկրի հետ խնդիրներ կարող եք ունենալ»։ Նկատում է՝ Զախարովան խոսում է հնարավոր խնդիրների մասին, սակայն չի նշում, որ խնդիրներ են լինելու հենց ՌԴ հետ։
Հիշեցնում է՝ երկար տարիներ Երևանը «նայել է քարտեզին», համագործակցել բացառապես ՌԴ հետ, սակայն ինչպես 2020 թ․-ի պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական աջակցություն չի ստացել։
«Հիմա խոսել այն մասին, որ ՀՀ-ն իրավունք չունի փորձել ուրիշ գործընկերներ գտնել, ծիծաղելի է»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին