ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ի՞նչ է որոշվել Վրաստանի, Ուկրաինայի և մնացած հարցերով
Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու․ գագաթնաժողովի արդյունքները
«Վրաստանը Դաշինքի անդամ է դառնալու, և Անդամակցության գործողությունների պլանն այդ գործընթացի անբաժանելի մաս է դառնալու»։ Այս մասին խոսվում է կոմյունիկեում, որում ամփոփվում են ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքները։ Այնտեղ ևս մեկ անգամ արձանագրվում է աջակցությունը Դաշինքի անդամ լինելու Վրաստանի ցանկությանը։
Նույնպիսի դիրքորոշում է արտահայտված Ուկրաինային վերաբերող փաստաթղթում։
Սա նշանակում է, որ Բուխարեստում 2008 թ-ի գագաթնաժողովին այդ երկրներին տրված խոստումը, որ նրանց ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների պլան կտրամադրվի, ուժի մեջ է։ Սակայն այս 13 տարվա մեջ հստակ ժամկետներ այդպես էլ չեն սահմանվել։
«Մեր ուղերձն այն է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և մենք դա հաստատել ենք վերջին մի քանի տարում, երբ Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան միացան Դաշինքին»,— հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները Դաշինքին Վրաստանի անդամակցության հստակ ամսաթիվ չեն նշի։ Սակայն, ըստ նրա, միայն թեկնածու երկիրն ու նրա դաշնակիցները պետք է որոշում ընդունեն ընդլայնման մասին, և «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու այդ գործընթացին»։
Սա առաջին գագաթնաժողովն է Բրյուսելում, որին ներկա էր Ջո Բայդենը՝ որպես ԱՄՆ նախագահ։ Ի տարբերություն նախորդ գագաթնաժողովների՝ Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին հրավիրված չէին։ ՆԱՏՕ-ում դա բացատրել են ժամանակի սղությամբ, քանի որ գագաթնաժողովը միայն մեկ օր է տևել։
Ի՞նչ է գրված Վրաստանի մասին կոմյունիկեում
Բրյուսելում հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում «Վրաստանի վերաբերյալ կարևոր որոշումներ են ընդունվել, ինչպես Վրաստանի անդամակցության համատեքստում, այնպես էլ Դաշինքի ապագա ադապտացիայի վերաբերյալ»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Որոշ ասպեկտներ, որոնք արտացոլվել են Վրաստանի մասին կոմյունիկեում․
● Թբիլիսիի համար ամենակարևորն այն էր, որ կոմյունիկեն հաստատել է Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու», և Վրաստանն ունի բոլոր «պրակտիկ գործիքները՝ հնարավոր անդամակցությանը նախապատրաստվելու համար»։
● Դաշինքի դիրքորոշումն օկուպացված տարածքների նկատմամբ նախկինի պես միանշանակ է․ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու չճանաչման քաղաքականությանը։ ՆԱՏՕ-ի առաջնորդները Մոսկվային կոչ են արել չեղարկել օկուպացված երկրներն անկախ պետություններ ճանաչելու իր որոշումը, պահպանել 2008 թ-ի հրադադարի համաձայնագիրն ու «վերջ տալ մարդու իրավունքների խախտումներին, Վրաստանի քաղաքացիների կամայական ձերբակալություններին և հետապնդմանը»։
● Պաշտոնական Թբիլիսին հատկապես գոհ է Ռուսաստանի վերաբերյալ Դաշինքի գնահատականներից։ Դաշինքն ընդգծում է արտաքին քաղաքականության սեփական առաջնահերթություններ ընտրելու Վրաստանի ինքնիշխան իրավունքը, և ոչ մի երրորդ կողմ չպետք է միջամտի այդ գործընթացին։
● Անդամ պետությունները Ռուսաստանին «ագրեսիվ» են անվանում՝ Վրաստանի մնացած մասից երկու օկուպացված շրջաններն առանձնացնելու նրա փորձի համար։
● Կոմյունիկեի մեջ ընդգծվում են մարդասիրական լուրջ խնդիրներն ու անվտանգության խնդիրներն օկուպացված շրջաններում․ բորդերացման, Վրաստանի քաղաքացիների առևանգման, նրանց ապօրինի ձերբակալման և հետապնդումների հաճախակի դարձած դեպքերը։
● Գագաթնաժողովին դաշնակիցները պայմանավորվել են բարելավել Հյուսիսատլանտյան դաշինքի մարտունակությունն, արձագանքն ու պաշտպանությունը։ Այդ որոշումից ելնելով՝ վրացական կողմը հույս ունի, որ «Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունն է՛լ ավելի կուժեղանա, ինչը զսպող լուրջ գործոն կդառնա»։
«Վրաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ դաշնակիցները ճիշտ գնահատեն Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականությունը Սևծովյան տարածաշրջանում և պատրաստակամություն հայտնեն էլ ավելի խորացնել Վրաստանի հետ համագործակցությունը սևծովյան անվտանգության ոլորտում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։
● Բացի այդ, Վրաստանը՝ «որպես ՆԱՏՕ-ի ապագա անդամ», կարևոր է համարում ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգի թարմացման մասին որոշումը, որն, ինչպես սպասվում է, կհաստատվի 2022 թ-ին Դաշինքի գագաթնաժողովին։ Թբիլիսին հույս ունի, որ նոր հայեցակարգն «ադեկվատ կարտացոլի» բաց դռների քաղաքականությունն ու ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնման հարցը։ Թբիլիսին նոր փաստաթղթից ակնկալում է «Դաշինքի հստակ և ճշգրիտ ռազմավարություն Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ»։
●Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է շարունակել խորացնել պայքարն ապակառուցողական ուժերի դեմ, որոնք հիբրիդային պատերազմ են մղում ոչ միայն անդամ երկրների, այլև գործընկեր երկրների դեմ՝ նրանց ապակայունացնելու համար։ Այս առնչությամբ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ամրապնդել իր հնարավորություններն ու խորացնել համագործակցությունը ոչ անդամ պետությունների հետ։
● Կոմյունիկեում ասվում է, որ, ՆԱՏՕ-ի գործողություններում «զգալի ավանդ բերելով», Վրաստանն, իր հերթին, ցուցաբերել է եվրատլանտյան անվտանգության մեջ ավանդ ունենալու իր պատրաստակամությունն ու ունակությունը։
Հասարակական գործերի վրացական ինստիտուտի (GIPA) դոցենտ Թենգիզ Փխալաձեի խոսքով՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընդլայնման գագաթնաժողով չէր, այդ պատճառով էլ Թբիլիսին չպետք է մեծ հույսեր կապի դրա հետ․
«Կարծում եմ, որ այդ եռաժամ մինի-գագաթնաժողովից ստացվել է հնարավոր առավելագույնն այս պահին»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է վերլուծաբանը։
«Կոմյունիկեն մի բան է, բայց շատ կարևոր թեմա է նաև ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը։ Այն թարմացվում է 10 տարին մեկ և որոշում տասնամյա ժամկետում Դաշինքի առանցքային ռազմավարական նպատակները։ Շատ կարևոր է ոչ միայն այն, որ կոմյունիկեում հիշատակվում է Վրաստանը, այլև այն, որ ռազմավարական այդ հայեցակարգը կիրառելի է տարածաշրջանում, որում դիտարկվում ենք նաև մենք, և սա կարևոր է մեզ համար, սա Սև ծովի անվտանգությունն է»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ռազմավարական հայեցակարգը հաստատում է հետագա ընդլայնմանը ՆԱՏՕ-ի պատրաստակամությունն ու այն, որ Սև ծովի տարածաշրջանը պետք է պաշտպանված լինի։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ՝ Բրյուսելում համաժողով է անցկացվել, որի շրջանակում հրավիրված էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին Դաշինքի անդամներին և գործընկեր պետություններին պատմել է հիբրիդային պատերազմի և Ցխինվալիի ու Աբխազիայի ռուսական օկուպացիայի մասին։
Ուկրաինայի խնդիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում Դաշինքի առաջնորդները սատարել են նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և, ինչպես Վրաստանի դեպքում, նշել, որ ապագայում այդ երկիրը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու։
Այն բանից հետո, երբ Մոսկվան 100 հազար զինծառայող է ուղարկել Ուկրաինայի հետ սահման, Վլադիմիր Զելենսկին ակտիվորեն կոչ է արել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործողությունների պլան տրամադրել։
ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ասուլիսին Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին որոշումը կախված է Ռուսաստանից, հայտարարել է․ «Ուկրաինան և ՆԱՏՕ-ի անդամները պետք է որոշեն, թե երբ Կիևը միանա Դաշինքին։ Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի այս որոշմանը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան չի նշանակում, որ Կիևը երբեք չի կարողանա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ։ Սակայն Ուկրաինայի անդամակցության մասին որոշումը կախված է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուց։ Դրանց շարքում ԱՄՆ նախագահը նշել է կոռուպցիայի դեմ պայքարը։
«[ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը] կախված է նրանից, թե արդյոք նրանք կհամապատասխանեն չափանիշներին։ Փաստերը հետևյալն են․ նրանք դեռ պետք է հաղթահարեն կոռուպցիան, կատարեն այլ չափանիշներ, որպեսզի ստանան գործողությունների պլան [ՆԱՏՕ-ի անդամակցության]… Սա դեռևս չկա», — ասել է Բայդենը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Դաշինքը սատարելու է Ուկրաինային, «որպեսզի այն կարողանա շարունակել զսպել Ռուսաստանի ֆիզիկական ագրեսիան»։
«Ոչ միայն ինձնից է կախված այն, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին․ դա կախված է լինելու ողջ Դաշինքից և նրանից, թե ինչպես կքվեարկեն դրա անդամները։ Սակայն ես հստակ գիտեմ․ նրանք [Ուկրաինան] պետք է համոզեն [Դաշինքին, որ համապատասխանում են չափանիշներին], և սա հեշտ չէ»,- հավելել է Բայդենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, հայտարարել է, որ Կիևն այն «դրական» է ընկալել։
«Միաժամանակ, ներկայիս գագաթնաժողովի որոշման մեջ բացակայում են ՆԱՏՕ-ին մեր մերձեցման հետագա քայլերի հստակ ժամանակային շրջանակները, որոնց հույսը մենք ունեինք»,— նշել է նա։
Նախագահ Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է հուլիսին Սպիտակ տուն այցելել։
2021 թ-ի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան 32-րդ գագաթնաժողովի հիմնական կետերը
Սպառնալիքներ Ռուսաստանի կողմից և մարտահրավերներ Չինաստանի կողմից
Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող կոմյունիկեի գլխավոր կետերը Չինաստանի և Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններն էին, թեև դրանք զգալիորեն տարբերվում են բովանդակությամբ և տոնայնությամբ։
«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը»,- ասված է կոմյունիկեում։
Չինաստանի վերաբերյալ մտադրություններ են հնչել դիմակայության այլընտրանքային պլան մշակել՝ «տնտեսական զարգացման թույլ և միջին մակարդակ ունեցող երկրներում Չինաստանի աճող ազդեցության և նրա միջազգային քաղաքականության առնչությամբ»։ Սակայն հայտարարվել է նաև, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են ակտիվորեն համագործակցել Չինաստանի հետ՝ «Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգային շահերի պաշտպանության նպատակով»։
Կիբերհարձակումները՝ համաշխարհային կայունության լրջագույն սպառնալիքներից մեկը
ՆԱՏՕ-ի 30 երկրների առաջնորդները միաձայն կարծում են, որ ոչ թե անուղղակի ռազմական գործողությունները, այլ կիբերհարձակումները կարող են ամենահավանական առիթը դառնալ փոխադարձ ինքնապաշտպանության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի գործարկման համար։ «Զգալի չարամիտ կիբերգործողությունների ազդեցությունը կարող է որոշակի հանգամանքներում դիտարկվել որպես զինված հարձակում», — ասված է կոմյունիկեում։ Սակայն ընդգծվում է, որ «այն մասին որոշումը, թե երբ և ինչ կիբերհարձակում պետք է բերի 5-րդ հոդվածի կիրառմանը, Եվրատլանտյան խորհուրդն ընդունելու է՝ ըստ առանձին դեպքերի»։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին, Ժնևում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով իրեն տրված հարցին, նշել է, որ «մտադիր է Պուտինին պարզաբանել, թե որտեղով են անցնում «կարմիր գծերը»»։
«Ես պատրաստվում են հասկացնել նախագահ Պուտինին, որ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, եթե նա ցանկանա։ Եվ եթե նա որոշի չհամագործակցել և գործի այնպես, ինչպես նախկինում է գործել կիբերանվտանգության ոլորտում և գործունեության այլ տեսակներում, մենք կպատասխանենք, և կպատասխանենք նույն եղանակով»։
Բայդենը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել։
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, Քաբուլի օդանավակայանի ռազմավարական նշանակությունն ու Թուրքիայի դերը
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ սատարել են 2021 թ-ի սեպտեմբերի 11-ին Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը։ Թեև ոմանք նշել են, որ ակնկալում էին իրենց հետ այս հարցով խորհրդակցություններ գագաթնաժողովի նախաշեմին, սակայն դա տեղի չի ունեցել։
Քննարկվել է նաև Աֆղանստանում անվտանգության սատարման կարևորությունն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, հատկապես՝ Քաբուլում։ ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնել են «ժամանակավոր ֆինանսավորում» տրամադրել՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի աշխատանքի շարունակման համար։ Այս կետը հիմնականներից մեկն էր գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների առանձնազրույցի ժամանակ, հանդիպումը տևել է 90 րոպե, ինչը նկատել են բոլոր դիտորդները։
Երկու նախագահները հակիրճ ամփոփել են հանդիպման արդյունքները որպես «շատ արդյունավետ»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր վերահսկողության տակ առնել Քաբուլի օդանավակայանի աշխատանքը․
«Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Թուրքիան դուրս գա Աֆղանստանից, ապա նա պետք է մեզ ակտիվ դիվանագիտական, լոգիստիկ և ֆինանսական աջակցություն ցուցաբերի։ Բացի այդ, չի կարելի հերքել թալիբների իրական լինելը։ Մենք կսկսենք բանակցություններ վարել Թալիբանի հետ։ Մենք ցանկանում ենք, որ Աֆղանստանի ժողովուրդը ոչ մի խնդիր չունենա։ Եկեք նրան ցուցաբերենք այդ աջակցությունը»։
Դիմակայել պոպուլիզմի սպառնալիքին և ավտոկրատիաներին
Գագաթաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսին ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել «դիմակայել ավտոկրատներին և կեղծ պոպուլիզմին, արմատախիլ անել կոռուպցիան, պաշտպանվել ատելությունից և ներդրում անել նվիրական ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում»։