Նամակ նրան, ով չի կարդա այն
Բարև՛, Թելմուրա’ն:
Գրում եմ քեզ՝ շատ լավ իմանալով, որ միգուցե երբեք էլ չես կարդա այս նամակը։ Երկար ժամանակ է անցել, ինչ մենք իրար հանդիպել ենք։ Տարիները գլորվել են, իսկ ես մեր միասին ապրած ամեն օրը հիշում եմ։ Վստահ եմ՝ դու էլ։
Հիշու՞մ ես, թե ինչպես ծանոթացանք։ Անկեղծ ասած՝ ես արդեն չեմ հիշում։ Բայց, երևի, դա կարևոր էլ չէ։ Չէ ո՞ր մենք հիշելու շատ ավելի կարևոր բաներ ունենք։ Հիշում եմ, երբ տեսա երիտասարդական ծրագրի հայտարարությունը. դասընթաց էին կազմակերպում հակամարտության գոտում գտնվող երիտասարդների համար։ Դասընթացի մասնակիցները պետք է մի քանի օր ապրեին միասին, խոսեին իրենց զգացմունքների, հույզերի ու ապրումների մասին։
Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ սկսեցինք մտերմիկ զրուցել։ Երկուսս էլ ապշել էինք, որ այդքան նմանություններ ունենք։ Ես քո մեջ տեսա ինձ. դա ինձ համար առաջին անգամ էր, երբ մեկ ուրիշի մեջ տեսա այդքան նմանություններ ինձ հետ։ Ու ես չեմ խոսում բնավորության նման գծերի մասին. մենք աշխարհին նայում էինք գրեթե նույն կերպ, կիսում էինք նույն գաղափարախոսությունն, ունեինք նույն համոզմունքները։
Հիշու՞մ ես, թե ինչպես էիր առաջին անգամ համոզում ինձ՝ սեղանի ֆուտբոլ խաղալ։ Ես առաջին անգամ էի խաղում։ Մենք սկսեցինք ամեն օր խաղալ, ամեն ազատ րոպեին։ Դարձանք անպարտելի զույգ։
Խմբի մյուս անդամները «վախենում» էին մեզ հետ խաղալ, քանի որ մեզ երկուսիս գրեթե անհնար էր հաղթել։ Սկսած այդ օրից, մենք գրեթե միշտ միասին էինք, խոսում էինք հնարավոր ամեն ինչ, բայց ոչ երբեք` սահմաններից ու ատելությունից։
Հիշում եմ, երբ մի օր հյուրանոցից դուրս էինք եկել քաղաքում զբոսնելու, վերադառնալիս սկսեցինք երգել մեր ավանդական երգերը. դուք ձեր լեզվով, մենք՝ մեր։ Ես դեռ հիշում եմ, թե ինչպես էր հնչում նույն երգը երկու լեզվով, երկու երկրների ներկայացուցիչների շուրթերից։ Մենք կոտրել էինք սահմանները, անցել դրանց վրայով, կոտրել էինք ատելության այդ շղթան, որը, դեռ չծնված, փաթաթված է մեր վզին։
Ապրելով այդքան իրար մոտ, բայց լինելով իրարից այդքան հեռու՝ մենք կարող էինք շփվել ընդամենը այդ մի քանի օրերի ընթացքում, այդ մի հեռավոր, երրորդ քաղաքում։
Հիշում ե՞ս, երբ վերջին օրը տանիքին նստած նայում էինք աստղերին ու ոչինչ չէինք խոսում։ Բոլոր բառերն ու մտքերը թողել էինք լռությանը, երկնքին ու աստղերին։ Երբ արդեն մոտենում էր թռիչքիդ ժամը, մենք մի վերջին անգամ միասին խաղացինք սեղանի ֆուտբոլ։ Բոլորը քնած էին։ Միայն ես ու դու էինք արթուն, միայն մենք՝ անպարտելիներս, վերջին անգամ միասին խաղացինք սեղանի ֆուտբոլ ու առանց որևէ խոսքի հրաժեշտ տվեցինք։ Դա ինձ համար ամենահուզիչ ու գեղեցիկ ձևն էր իրար հրաժեշտ տալու։
Մենք իրար չենք խոստացել, որ կրկին հանդիպելու ենք։ Մենք միմյանց ոչինչ չենք խոստացել ապագայի վերաբերյալ։ Բայց ես հիմա ուզում եմ քեզ խոստանալ, որ մենք կրկին հանդիպելու ենք, կրկին նստելու ենք տանիքին ու խոսելու ենք մեր հույզերի, ապրումների, նպատակների մասին, որ միասին երգելու ենք մեր ազգային երգերը տարբեր լեզուներով։ Ես քեզ խոստանում եմ, որ մի օր մենք՝ անպարտելիներս, կոտրելու ենք սահմանները, անցնելու ենք դրանց վրայով։
Ես վստահ եմ, որ մենք դեռ հանդիպելու ենք։ Ու այդ հանդիպման ժամանակ միմյանց հաջողություն չենք ասելու, մենք ասելու ենք` ԱՌԱՅԺՄ։
Քո ընկեր՝ Աննա Սարգսյան։
Խմբ. ՝ Հոդվածում օգտագործված անունները գրչանուններ են, հեղինակի ու նամակի հասցեատիրոջ անվտանգության նկատառումներից ելնելով։
Չլսված ձայներ» նախագիծը InternationalAlert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների
աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը
լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սե փականհասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից`«Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության
խաղաղկարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնորկազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ