Նամակներ բանտից. «Ո՞րն էր իմ սխալը»
«Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նախագիծը սկսվեց նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:
Սա Յուրի Սարգսյանի տասներորդ նամակն է:
Նախորդ նամակները.
Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները
Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից
Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա
Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում
Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է
Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը
Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք
Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն
Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»
Ի նչպես և խոստացել էի, այս հոդվածն այն մասին է, թե ինչու է հայկական ազգանվամբ ցմահ բանտարկյալը կիպա կրում և հուդայականություն դավանում: Մայրս հրեա է, իսկ հրեականությունը երեխաներին է փոխանցվում մորից: Այնպես որ, ես ստիպված չեմ եղել ընտրել իմ Աստծուն: Նա ինքն է մի ժամանակ ընտրել Իսրայելի ժողովրդին. իսկ ես պարզապես վերադարձել եմ արմատներիս որպես անառակ որդի:
Թվում է, թե ես այդ ուղղությամբ էի ընթանում մանկական առաջին անվստահ քայլերից և անձնական փոքր անհաջողություններից ի վեր: Սովորում էի կանգնել, քայլել և ընկնել, սովորում էի ինքնուրույն լինել: Փորձառություն էի ձեռք բերում և դառնում այն, ինչ ինձնից կերտում էին իմ ձեռքբերումները: Մինչև 10 տարեկան մայրս է ինձ դաստիարակել. հայրս մեզ հետ չէր, և տղամարդու ընդօրինակման կերպար չկար: Տասը տարեկանից հետո նա՝ հայրս, հայտնվեց, սակայն այդպես էլ օտար մնաց: Իսկ հարազատ դարձավ երկնային Հայրը:
Ինը տարեկան հասակում ես առաջին անգամ օգնության և պաշտպանելու խնդրանքով դիմեցի ոչ թե մորս, այլ Գերագույն ուժին՝ դժվար պահերին և չմտածված: Մայրս այն ժամանակ հեռու էր: Ամեն ինչ տեղի ունեցավ գարնանը. բնությունն ուրախությամբ արթնանում էր, մարդիկ՝ նույնպես: Մենք՝ տղաներով ուրախությամբ քշում էինք երկար ժամանակ չաշխատած հեծանիվները: Ես իմ «Շկոլնիկ» հեծանիվով զառիվայր ափով իջա դեպի սառցապատ գետը և սլացա՝ ճարպկորեն շրջանցելով հալուտները:
Գետի մեջտեղում ես հանկարծ ընկա սառցե կեղևով ծածկված լայն սառցահալատեղ: Հեծանիվս վայրկենապես սուզվեց հատակը, իսկ ես փորձեցի փրկվել՝ ձեռքս գցելով բարակ կեղևին: Սակայն սառույցը կոտրվում էր, թրջված հագուստը տանում էր դեպի հատակ, ցուրտն ու վախը ստիպում էին թպրտալ՝ կորցնելով ուժերս… Եվ ես բղավեցի. «Հա՛յր: Օգնի՛ր»: Հետո էլ ավելի բարձր՝ «Օգնեցե՜ք»:
Եվ Աստծո պատասխանը չհապաղեց. սկզբում հայտնվեց լայն տախտակի ծայրը, այնուհետև՝ փրկիչը: Նա արագ թևատակերովս պարան գցեց, զգուշությամբ ինձ քաշեց դեպի իրեն և ձեռքերով գրկեց: Հետո երկուսիս արդեն քաշում էին նրա գործընկերները՝ ջրապոմպային կայանի աշխատակիցները:
Փրկիչներիս անունները չեմ հիշում: Իսկ որոշ ժամանակ անց մոռացա նաև այն մասին, որ Երկնքին էի դիմել: Սակայն Բարձրյալի հովանավորչությունը զգում էի միշտ: Թեև, զուտ համառությունից ելնելով, հաջողակությանս էի վերագրում: Սակայն որոգայթներ սառցե կեղևի տակ գտնվող սառցահալատեղերի պես դեռ բազմիցս հանդիպելու էին:
Իմ մանկությունն անամպ չէր: Սակայն դժբախտ այն նույնպես չես անվանի: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ մանկան ընկալումը երաշխավորում է երջանկություն ցանկացած պայմաններում. շուրջբոլորն այնքան լավ բան կա, որ վատը՝ ծովում մի կաթիլ է: Եվ ես գիտեի, թե ինչպես անցկացնել ժամանակս. տարբեր զվարճանքներ էի հորինում, արշավների էի գնում, հետաքրքրվում գրականությամբ, ոգեշնչվում պոեզիայով ու երաժշտությամբ: Ատում էի կռիվները, վեճերը, հայհոյանքները: Չէի սիրում ծխողներին և հարբեցողներին:
Այն տարիներին ես չէի վերլուծում իմ նախասիրությունները, չէի էլ կարողանա կապել թուլությունների և արատների հանդեպ իմ անհանդուրժողականությունը գենետիկական նախահակվածության, Աստծո արգելքների հետ, որոնք փոխանցվել էին մորս կաթի հետ: Այն մասին, որ տատս ու մայրս հրեաներ են, ես գիտեի: Սակայն լսել էի նաև, աչքիցս հեռու ինձ «արմյաշկա» էին կոչում [հայ՝ վիրավորական նրբերանգով]: Եվ երկու ազգությունները կարծես փոխադարձաբար բացառում էին միմյանց: Իմ մանկական միամտությունից ելնելով:
Մինչև վեցերորդ դասարան ես սովորում էի Անդրբայկալում և մեծանում առանց հոր: Տասնմեկ տարեկանից մինչև կալանավորվելս ապրել եմ Թբիլիսիում՝ հայրական տանս, մորիցս հեռու: Առաջին փաստի մասին ես չէի էլ մտածում, ես դրա հետ էի ծնվել: Սակայն առանց մորս մեջս մի բան փշրվեց: Այդպես էլ մնացի մեջտեղում՝ երկու կողմերի համար էլ օտար:
Հիշողությանս հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվել. հիշում եմ մորս ձեռքերը, նրա սիրած հագուստն… ու վերջ: Հարազատ դեմքը, աչքերը, ձայնը իսպառ մոռացել եմ: Մեզ բաժանեց ոչ թե տասը հազար կիլոմետր տարածությունն, այլ գիտակցությունում առաջացած անտակ անդունդը՝ որպես վճար անբացատրելի դավաճանության համար:
Եվ նույնիսկ քառասուն տարի անց, տեսնելով մորս լուսանկարն իմ մանկությունից, ես նրան չճանաչեցի. ոչ մի զգացմունք, ասոցիացիա, ոչ մի հիշողություն: Գլխումս միայն հնչում էին Դավիթ թագավորի խոսքերը. «Թէեւ հայրս ու մայրս զիս թողուն, բայց Տէրը զիս պիտի ընդունի»:
Պատանեկությունս հաստատ երջանիկ չեմ անվանի:
Հետո գնացի բանակ, ավելի մեծական խաղեր սկսվեցին: Եվ զորակոչվեցի ծառայելու լույսի մեծ կայսրությանը: Վերադարձա՝ գտնելով միայն չար և մութ ուժերի հոգեվարքը: Միությունը փլվեց, մեզ դավաճանեցին նրանք, ում վստահում էինք՝ լուսավոր կոմունիզմի գաղափարախոսները:
Իրավիճակը միանշանակ չէր, սակայն ես արագ կողմնորոշվեցի և սկսեցի բիզնեսով զբաղվել՝ միաժամանակ ընդունվելով ինստիտուտ՝ տնտեսագիտական ֆակուլտետ: Առաջին իսկ հաջող գործարքով գրավեցի քրեական տարրերի ուշադրությունը. և սկսվեց ողջ մնալու հնգամյա պատերազմը, որը ես տանուլ տվեցի: Եվ ամեն ինչ ավարտվեց սպանությամբ:
Հայացք՝ հայացքի, մարդիկ-գազաններ, անողոք բանականություն, այրվածք՝ գնդակի անցքի շուրջ. կարծես դանդաղեցված կադրեր են անցնում աչքերիս առաջ: Ավելի ուշ, տասնյակ տարիների ընթացքում ես այդ օրը վերապրել եմ հազարավոր անգամ և բարենպաստ ելքի բազում տարբերակներ գտել: Սակայն կոնֆլիկտի պահին ես տեսնում էի միայն մեկ լուծում և բնավ ոչ օպտիմալ:
Սարսափելի ընտրությունը կարծես դոմինոյի էֆեկտ ունենա. բարոյական անկումը նույնպիսի որակային փոփոխությունների է բերում մնացած ոլորտներում: Ես չեմ հավատում, որ կարելի է սառնասրտորեն խլել մեկի կյանքը: Ձգանը քաշելուց հետդ վայրկենական այնպիսի բան է կատարվում, որը գրչով չես փոխանցի: Հույզերն ու զգացմունքները հոխորտում են, արյունը գլխիդ է խփում, բանականությունը մշուշի մեջ հայտնվում… Եվ ոչ մի բարի նպատակ չի կարող քեզ արդարացնել: Ուրիշ մարդուն սպանողն արդեն մարդ չէ:
Հաջորդ ակնթարթում փողոցում ես վախից ցնցվում էի յուրաքանչյուր անցորդի տեսնելիս՝ փախչելով սպանության վայրից: Հազիվ հասցրի քրոջս զգուշացնել կատարվածի մասին, երբ դարպասների մոտ լսվեց մի քանի մեքենայի արգելակների ճռինչը: Բռնեցի տանիքի ծայրից և ձգվեցի… հաջորդ պահին հետ ընկա՝ թերթաքարի կտորը ձեռքս: Ժամանակ չկորցնելով՝ ցատկեցի բաց մառանն ու մի կերպ ծածկեցի դռնակը:
Գլխավերևումս մահն էր շրջում՝ փակաղակները զնգացնելով: Ձեռքերս ջղաձգաբար սեղմեցին ատրճանակի բռնակը: Թվում էր, որ ևս մեկ արյունալի հանգուցալուծումն անխուսափելի է և հիմա կրակոցներ կորոտան: Սակայն հետապնդողները կարծես կուրացած լինեին՝ չտեսնելով մառանի կիսաբաց բերանը, որին անընդհատ կպչում էին ոտքով՝ այս ու այն կողմ գնալիս:
Մեկը ենթադրեց, որ հանցագործը փախչել է տանիքով, մյուսը՝ որ նա ընդհանրապես այստեղ չի եղել: Տասնյակ մարդիկ էին զննում տունն ու հարակից շինություններն՝ անտեսելով իմ ապաստանը: Այնուհետև հարցաքննեցին տերերին և հեռացան՝ դարանակալ թողնելով:
Չեմ հիշում, թե որքան դա տևեց, սակայն այդ պահին հոգիս կրկին Աստծուն դիմեց: Ես փրկվեցի: Այն պահին՝ միայն ֆիզիկապես: Մի քանի օրից լքեցի ապաստանս, տեղափոխվեցի այլ տեղ և… մոռացա Աստծո, հոգու և կատարվածի մասին: Իսկ առջևում այլ փորձություններ էին սպասվում:
Չնայած ինձ բռնելու միջոցներին, որոնք ձեռնարկեցին հատուկ ծառայությունները, ես հաջողացրի հեռանալ Հայաստանից՝ ճանապարհին խուսափելով գայլերի սոված ոհմակի հետ բախվելուց: Սահմանը հատել օգնեցին անծանոթ մարդիկ, որոնց հետ ընդհանուր ընկերներ ունեինք: Իսկ չորքոտանի մարդասպաններից փրկվեցի լքված մի տնակում, որը ճանապարհիս հայտնվեց ճիշտ ժամանակին:
Վեց ամիս թաքնվում էի պատասխանատվությունից: Մի քանի անգամ փոխել եմ ապաստանս: Սակայն ինձ մատնեց հարևանս, և ինձ բռնեցին հորս տանը: Հետո դատն էր, մահապատիժ, ներում… Եվ ահա արդեն քսանչորս տարի՝ ճաղերի ետևում: Բանտում ես հասկացա, թե ինչպիսին չպետք է լինեմ և մարդկանց հետ որ փոխհարաբերություններն են անընդունելի:
Հիշում եմ միայնության խոցող զգացմունքը. այն ինձ ուղեկցում էր ամենուր: Կյանքը համակ մենախոսություն էր. յուրաքանչյուրն իրենն է ասում, և ոչ ոք ոչ ոքի չի լսում: Սակայն որքան երկար եմ աշխարհում ապրում, այնքան համոզվում եմ, որ մարդկային կյանքը երկխոսություն է, երկխոսություն Աստծո հետ. գործով, խոսքով և մտքով ես դիմում եմ Նրան և ստանում պատասխան՝ այն ամենն, ինչ ինձ հետ կատարվում է: Ամեն արաքիս համար նույն չափով ստանալու սկզբունքով: