Նախընտրական Հայաստան. ընտրում են դեմ, ոչ թե կողմ
Հունիսի 20-ին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն մասնակցում են Հայաստանի ներկա և բոլոր նախկին ղեկավարները: Քաղաքագետներից շատերի կարծիքով, գաղափարական և ծրագրային պայքարի փոխարեն Հայաստանի քաղաքացիները իրականում գործ ունեն Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմության կռվի հետ` իշխանության համար:
Սակայն հասարակության ստվար մասն ուղղակի չի ցանկանում մասնակցել այդ կռվին:
Իսկ նրանք, ովքեր կողմնորոշվել են, շատ դեպքերում քվեարկելու են ոչ թե «կողմ», այլ «դեմ»: Ընտրելով Փաշինյանին՝ մարդիկ մերժում են պայմանական նախկիններին, ընտրելով ընդդիմադիրներին՝ մերժում Փաշինյանին: Սա ավելի շատ մերժման ու դեմ արտահայտվելու ընտրություն է:
- «Պողպատ»՝ «թավիշի» փոխարեն․ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոր հեղափոխության մասին
- Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ճանապարհը
Թեև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պակաս չկա՝ 21 կուսակցություն և 4 դաշինք, սակայն ֆավորիտներ են համարվում հինգը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա մրցակից, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական թշնամի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական և ԱԱԾ նախակին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից կազմված «Պատիվ ունեմ» դաշինքը, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները:
Բոլորից զատ՝ «երրորդ ճանապարհ» է առաջարկում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, սակայն վերջինիս ձայնը Փաշինյանի ու նախկին նախագահների սուր դիմակայության պայմաններում գրեթե չի լսվում: Քիչ լսելի է նաև ԼՀԿ-ի նախընտրական «այլընտրանքային» կարգախոսը՝ «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»:
Եվ այսպիսի պայքարի պայմաններում ընտրապայքարը հաճախ ստանում է կեղծ օրակարգ՝ վերածվելով անձնական վիրավորանքների:
Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությանը և դրա հետևանքով ծագած լուրջ սպառնալիքներին՝ ընտրարշավի հիմնական թեման նախկին իշխանությունների դեմ պայքարն է:
Խնդիրների գիտակցման, դրանց լուծման ու, ընդհանրապես, ապագայի մասին խոսքը գրեթե լսելի չէ քաղաքական թիմերի՝ միմյանց ուղղված կոշտ հայտարարություններում:
Կարծես հայկական քաղաքականությունում մոռացվել է, որ հենց այս պահին Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում Ադրբեջանը մինչև 1000-ի հասնող զորք է կուտակել:
Չնայած Հայաստանին սպառնացող վտանգների և խնդիրների խորությանը՝ զարմանալի է նախընտրական շրջանում դրանց շուրջ լուրջ քննարկումների բացակայությունը:
Դոմինանտ է սև ու սպիտակի, գելերի ու գելխեղդերի, «հների» ու «նորերի» բաժանումը:
Նախընտրական պայքարն առանձնանում է նաև ատելության խոսքի և փոխադարձ վիրավորանքների աննախադեպ քանակությամբ ու մակարդակով։ Եվ այդ ամենը՝ հրապարակայնորեն, հանրահավաքների ու հանդիպումների ժամանակ։ Եվ այդ ամենը հետո տեղ է գտնում հեռուստաէկրաններին, մամուլում և սոցիալական ցանցերում։
Քարոզարշավի ամենահաճախ օգտագործվող բառերից է «վենդետան»։ Եվ դա նկատել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
«Այսպես շարունակել չի՛ կարելի», – ասվում է քարոզարշավի առաջին օրերին հրապարակված իր հայտարարության մեջ:
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք»:
Սակայն օմբուդսմենի խոսքերը մնացին ձայն բարբառոյ յանապատի։
Իսկ ընտրապայքարի ավարտից մի քանի օր առաջ Փաշինյանի կողմնակիցը մուրճ նվիրեց նրան, որն, ըստ իրեն, պետք է խորհրդանշեր «թավշյա կառավարումից պողպատյա մանդատին անցումը»։
Հունիսի 17-ին էլ Քոչարյանի մի կողմնակից նրան նվիրեց մանգաղ՝ կոչ անելով «զարգացնել գյուղատնտեսությունը»։
Բնականաբար, սոցիալական ցանցերում միանգամից տարածվեց Փաշինյանի ու Քոչարյանի՝ մուրճի ու մանգաղի համադրությամբ պատրաստված բանվոր-գյուղացիության միասնությունը խորհրդանշող կոլաժը:
Հայ-ադրբեջանական հակամարտությանը, որը, կարծես թե, պետք է առանցքային դեր ունենար այս ընտրություններում, անդրադառնում են, հիմնականում հանգելով «բանակը հզորացնելու», «տնտեսությունը կարգի բերելու» և «նոր պատերազմին պատրաստվելու» թեզերին կամ Հադրութն ու Շուշին «բանակցությունների միջոցով վերադարձնելու» խոստումներին:
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ստեղծել պայմանագրայիններով համալրված պրոֆեսիոնալ բանակ և 18-20 տարեկան զինվորներին հանել առաջնագծից, նոր տեխնոլոգիաներով կահավորել Ադրբեջանի հետ շուրջ 540 կմ նոր սահմանը: Թե ինչպես և ինչ միջոցների հաշվին՝ չեն մանրամասնում կամ կարճ պատասխանում են՝ «կզարգացնենք տնտեսությունը»:
«Բարգավաճ Հայաստանն» ունի անվտանգության խնդիրների լուծման իր դեղատոմսը. պետք է ուղղակի խորացնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը:
«Պետք է խորացնել այդ դաշինքը և մեր ռազմաքաղաքական դաշնակցի հետ վերականգնել Հայաստանի բանակի ներուժն ու հարկ եղած դեպքում պատրաստվել դիմագրավել նոր մարտահրավերների», — պնդում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Չնայած Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային, հայ-ռուսական միավորված զորախմբի առկայությանը, ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությանը՝ ԲՀԿ-ում վստահ են, որ երկու պետությունների հավելյալ ինտեգրման հնարավորության վրա:
Իշխող կուսակցության հիմնական մրցակից, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը նույնպես կողմ է Ռուսաստանի հետ կապերի խորացմանը։ Այդ դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը, վերջերս «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում կոչ է արել Հայաստանին ու Ռուսաստանին «լիարժեք ինտեգրացիա» իրականացնել:
Սակայն նա ևս չի պարզաբանում, թե ինչպես է տեսնում այդ «ավելի խորը փոխգործակցությունը», և արդյո՞ք խոսքը «միութենական պետություն» ստեղծելու մասին է, որն այժմ ՌԴ-ն առաջարկում է Բելառուսին։
Ռուսաստանին անվտանգության ոլորտում Հայաստանի խնդիրների լուծման համադարման է համարում նաև կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անվանելով Ռուսաստանին «մեր անվտանգության թիվ մեկ գործընկեր»։
Դժվար է ասել, թե ինչպես են ընկալում ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերի մակերեսային բանավեճն ու փոխադարձ վիրավորանքների հսկայական դոզան սևանցի ձկնորսը, Շիրակում ապրող գյուղացին, սահմանին Ադրբեջանից բխող վտանգն ամեն օր զգացող Սյունիքի, Տավուշի ու Գեղարքունիքի բնակիչները:
Սակայն քաղաքական ուժերը շարունակում են Հայաստանի տարբեր վայրերից ավտոբուսներով Երևան բերել մարդկանց՝ իրենց օգտին հավաքվող ցույցերին մասնակցելու համար: Իսկ նրանք՝ հասարակ աշխատավոր մարդիկ, այս հնարավորությունն օգտագործում են քաղաքի կենտրոնում պտտվելու, խանութներ այցելելու ու մայրաքաղաքային կյանքի հաճույքները վայելելու համար:
Նրանք և քաղաքական գործիչները կարծես տարբեր մոլորակներից լինեն:
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։