«Մեր երեք շրջանները՝ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը մեզ են վերադարձվել։ Մենք այդ շրջանները վերադարձրել ենք առանց որևէ կրակոցի», — նշել է նա։
Ազատագրված տարածքներում իրականացվող առաջին նախագծերի մասին
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ազատագրված հողերում տիրող պատկերը մեծ բարդություններ է խոստանում։ Քանի որ ամեն ինչ ավերված է․ ավերված են ենթակառուցվածքները, քանդված են շենքերը, վարչական շենքերը»։
Նրա խոսքով՝ ներկա պահին այդ վայրերում ապրելու պայմաններ չկան։
«Բայց մենք կվերականգնենք այդ շրջանները, բոլոր շրջանները, մեր քաղաքացիների նորմալ կյանքի համար բոլոր քայլերը կձեռնարկենք։ Ինչպես գիտեք, արդեն սկսել ենք իրականացնել առաջին նախագծերը․․․ Արդեն սկսվել է Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհի, Բարդա-Աղդամ երկաթուղու շինարարությունը», — հայտարարել է Ալիևը։
«Լաչինի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահը խոսել է «Լաչինի միջանցքի» մասին։ «Նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության նախնական տարբերակում այդ միջանցքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահպանելու մասին կետ կար։ Ես դեմ արտահայտվեցի և արդյունքում՝ միջանցքը փոխանցվեց ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողությանը։ <…>
Հայտարարության նախնական տարբերակում մեզ առաջարկվում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ։ Ես կտրականապես դեմ էի և ասացի, որ հայկական կողմի այդ հավակնությունները բացարձակապես անհիմն են։ Միջանցքի շրջանակում անվտանգության միջոցների ապահովման համար նման լայն միջանցքի անհրաժեշտություն չկա»։
Լեռնային Ղարաբաղի բնակիչների ճակատագրի մասին
Ալիևն իր ուղերձում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության մասին․
«Այժմ ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի։ Եթե որևէ մեկը կարծում է, որ այդ հակամարտությունը շարունակվում է, ապա նա սխալվում է։ Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը միասնական Ադրբեջանական պետության շրջանակում լավն է լինելու։ Նրանք կազատվեն այդ աղքատությունից։
Կգա այն օրը, երբ Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող հայերն ու այնտեղ վերադարձած ադրբեջանցիները կրկին բարիդրացիական պայմաններում կապրեն», — նշել է նա։
Լաչինի շրջկենտրոնի խնդրի լուծման մասին
«Այժմ բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով, Լաչին քաղաքն այդ միջանցքի մեջտեղում է։ Իսկ ես Ռուսաստանի նախագահի հետ զրույցում ասել եմ, որ Լաչինը նույնպես պետք է մեզ վերադարձվի։ Այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել։
Լեռնային Ղարաբաղն ու Հայասատնը միացնող նոր միջանցքի երթուղի մշակել և կառուցել այն։ Այստեղ անգամ ժամկետն է նշված՝ 3 տարի։ Սակայն ես կարծում եմ, որ մենք դա կարող ենք ավելի շուտ էլ անել։ Նոր միջանցքի չափանիշների հստակեցումից հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի», — նշել է Ալիևն իր հայտարարությունում։