Մոտորոլան և նոր պատերազմը
Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են Ուկրաինայում Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում հայտնի դաշտային հրամանատարի զոհվելու մասին: «Սպարտա» աօպրինի զինված կազմավորման ղեկավար Արսենի Պավլովը, որը առավել հայտնի էր որպես Մոտորոլա, սպանվել է Դոնեցկի իր տան վերելակում:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ ընդհանուր առմամբ սրացում է գնում: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում գնդակոծվել է Պոպասնայա գյուղի հիվանդանոցը, կրակոցների արդյունքում վնասվել է 8 տուն Մարյինկա ավանում: Ինչպես նշում են տեղի փորձագետները, այս համատեքստում Մոտորոլայի սպանությունը կարող է ռազմական գործողությունների վերականգնման առիթ դառնալ:
Hromadske TV-ն՝ այն մասին, թե ով է Մոտորոլան և ինչու են նրա մասին այդքան գրում և խոսում:
Ո՞վ է Մոտորոլան
Ընդհանրապես նրա անունը Արսենի Պավլով է, և պատերազմից առաջ նա մեքենաների լվացման կետում է աշխատել:
Նրանից հերոս են դարձրել ռուսական «Ռոսիա 1» և «Ռեն Թի-Վի» հեռուստաալիքների լրագրողները: Նրանք սկսել են Մոտորոլայի մասին սյուժեներ նկարահանել, որտեղ նա կիսամերկ կրակում է գնդացրից և հետ մղում ուկրաինական բանակի հարձակումը: Ինչպես գրում է Hromadske TV-ին, այդպիսի մի քանի սյուժեներ նկարահանվել են տաղավարում:
Արսենի Պավլովն աշխատել է ռուսական Դոնի Ռոստովում մինչև 2014թ-ը, մեքենաներ է լվացել, դատվածություն է ունեցել հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Երբ սկսվել է Մայդանը, Պավլովը եկել է Ուկրաինայի արևելյան քաղաքներ որպես «Կիևի քաղաքականությունից դժգոհ ուկրաինացի»:
Ինչպես գրում է Hromadske TV-ն, չունենալով մշտական աշխատանք և ունենալով դժվարություն բնակարանի հետ կապված՝ ապագա Մոտորոլան Սլավյանսկում սկսված ռազմական գործողությունների սկզբում մեկնում է Ուկրաինա և դառնում առանձին «վաշտի» հրամանատար:
Հունիսի 3-ին նրան նկատել են ուկրաինական զինվորականների հետ 7-ժամյա մարտում:
Ռուսաստանում նրան էին սպասում կինն ու երեխան, ինչպես նաև մեքենա գողանալու համար ևս մեկ պատիժ:
Ռազմաճակատային կինը
2014թ-ի հուլիսին «Մոտորոլան» ամուսնանում է երկրորդ անգամ՝ առաջին կնոջ հետ ապահարզան չձևակերպելով: «ԴԺՀ» կողմնակից Ելենա Կոլենկինան Սլավյանսկից դառնում է նրա հարսնացուն, նրանք ամուսնանում են Ղրիմում:
Խոշտանգումներ և սպանություններ
Ինչպես գրում է Hromadske TV-ն, Արսենի Պավլովը մասնակցել է ուկրաինացի զինվորականների սպանությանը, խոշտանգել գերիներին: Այսպիսով, 2015թ-ի ապրիլի 6-ին Մոտորոլան KyivPost-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է Դոնեցկի օդանավակայանում գերի վերցված Իգոր Բրանովիցկուն սպանելու վերաբերյալ մեղադրանքները: Պավլովը խոստովանել է, որ անձամբ 15 գերի է սպանել:
Hromadske TV-ի պնդմամբ, առանձնակի դաժան վերաբերմունք Պավլովը դրսևորելիս է եղել կամավորական վաշտերի և «Աջ սեկտոր» շարժման գերիների հանդեպ:
Վաստակն ու պարգևները
Պավլովը շատ մոտ հարաբերությունների մեջ է եղել ինքնահռչակ ԴԺՀ
Ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հետ: Մասնավորապես, 2016թ-ի մայիսի 6-ին Զախարչենկոն 30 բնակարան է նվիրել իր համախոհներին Դոնեցկի կենտրոնում: Նրանց թվում էր նաև Արսենի Պավլովը:
Նրա զինակիցն է դարձել Իլովայսկ քաղաքի բնակիչ Միխայիլ Տոլստիխը՝ Գիվի մականվամբ, որը պատերազմից առաջ սուպերմարկետում անվտանգության աշխատակից է եղել:
2016թ-ի զորահանդեսին Դոնեցկում Պավլովն առանցքային դեմքերից մեկն էր. Զախարչենկոյի, Գիվիի և այլ հրամանատարների հետ միասին նա քաղաքի բնակիչներին ձեռքով էր անում ամբիոնից:
Մոտորոլայի «համազգեստն» ու պարգևները Ռուսական կայսրության, ԽՍՀՄ և Ռուսաստանի շքանշանների տգեղ խառնուրդ էին կազմում:
Նոր պատերազմը
Մոտորոլային սպանել են Դոնեցկում 2016թ-ի հոկտեմբերի 16-ին: Նրա մահվան փաստը հաստատել են ինքնահռչակ ԴԺՀ-ում: Այնտեղ սպանության համար կասկածում են «ուկրաինական դիվերսանտներին»:
Հեռահար կերպով գործի դրված պայթուցիկի հզորությունը կազմում էր 1.5 կգ տրոտիլային համարժեքով: Ինքնահռչակ ԴԺՀ ներկայացուցիչ Դենիս Պուշիլինի խոսքով, պայթյունից ևս մի քանի մարդ է տուժել:
Ալեքսանդր Զախարչենկոն արդեն հայտարարել է, որ ուկրաինական կողմը խախտել է «լռության» ռեժիմն, ու ասել է, որ զինյալի մահը գնահատում է որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից պատերազմի հայտարարում:
«Ես այնպես եմ հասկանում, որ Պյոտր Պորոշենկոն մեզ պատերազմ հայտարարեց: Սպասեք», — ասել է նա:
Իր հայտարարությունում Զախարչենկոն սպառնալիքով է դիմել ուկրաինական ուժային կառույցների աշխատակիցներին. «Հիմա գնացեք ու վախեցեք… Բոլոր ձեր գործակալները, որոնք այստեղ են գտնվում, օրենքից դուրս են: Ոչ միայն այստեղ, այլ նաև Ժիտոմիրում, Խարկովում, Կիևում, Դնեպրոպետրովսկում: Ոչ մի ներում չի լինելու», — ասել է նա:
Հրապարակվել է 18.10.2016