Մոլդովան շախմատի՞ստ կգլխավորի
Հոկտեմբերի 30-ին Մոլդովայում նախագահական ընտրություններ կկայանան: Ակնհայտ ֆավորիտը, որը հաղթում է առաջին կամ երկրորդ փուլում, Իգոր Դոդոնն է, որին սատարում է Սոցիալիստների կուսակցությունը:
Ո՞վ է նա և ո՞ւր կտանի երկիրը, եթե ընտրվի:
Ճկուն հայացքներ
Սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնն աչքի է ընկնում քաղաքական ճկունությամբ: 2008թ-ի հունիսին, զբաղեցնելով վարչապետի առաջին տեղակալի, էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնները, նա հայտարարեց, որ «եվրաինտեգրացիան Մոլդովայի Հանրապետության համար բնականաբար առաջնահերթություն է», սակայն ԵՄ անդամակցելու մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է եվրոպական չափանիշներն ու բարեփոխումներն իրականացնել:
Օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ընթացքում Դոդոնի դիրքորոշումը փոխվեց: 2011թ-ի ապրիլին այն հարցին, թե ինչու է նա որոշել Քիշնևի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել, Դոդոնն այսպես է պատասխանել. «Խորհրդարանում ես ինձ հարմարավետ չեմ զգում, քաղաքականությունն ինձ համար չէ, ես հստակ նպատակներ ու լուծումներ եմ ընտրում»:
«Մաքսային միությանն առանց ընդհանուր սահմանի անդամագրվելու մասին խոսակցությունները ուտոպիա են», — հայտարարել է Դոդոնը 2011թ-ին: Երկու տարի անց նա արդեն պրոպագանդում էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալը. «Եվրաինտեգրացիան լավ է հնչում, սակայն տեսքն այն չէ: ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը քաոս, պառակտում կստեղծի, և պետականության կորուստ: Մոլդովան այլ ուղով պետք է գնա: Մաքսային միությունը Մոլդովայի Հանրապետությանը կայուն սոցիալ-տնտեսական զարգացում կապահովի»:
2014թ-ի նոյեմբերի 30-ի ընտրություններից հետո Դոդոնը հայտարարեց. «Մենք կարող ենք Մերձդնեստրի և Գագաուզիայի հետ պայմանավորվել դաշնային պետություն ստեղծելու վերաբերյալ, որը Մաքսային միություն կմտնի»:
Նախագահական նախընտրական ծրագրի շրջանակում Դոդոնն ասում է, որ կվերականգնի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, իսկ առաջին այցը որպես նախագահ Մոսկվա կիրականացնի: Սակայն Մաքսային միության մաս կազմելու մասին այլևս չի հիշատակում:
Այն հարցին, թե քանի քայլ առաջ է նա հաշվարկում իրավիճակը, նախագահական քարոզարշավի ֆավորիտը պատասխանել է. «Ես Մոլդովայի Շախմատի ֆեդերացիայի նախագահն եմ»:
Ընդդիմությունը հարստացնում է
Իգոր Դոդոնը՝ Սոցիալիստների թեկնածուն պետության ղեկավարի պաշտոնին, ընտանիքի ամենամսյա եկամտի կեսից ավելին փոխանցում է 1.47 մլն լեյ վարկի մարման հաշվեհամարին, որը վերցվել է 2013թ-ին մայրաքաղաքի Բույուկան թաղամասում շքեղ տուն գնելու համար:
Չնայած ո՛չ նա, ո՛չ նրա կինն առևտրային ընկերություններ չունեն, թեկնածու Դոդոնի անունը տարբեր միջնորդների, այդ թվում նաև մոտ բարեկամների միջոցով հիշատակվում է որպես միլիոնանոց բիզնեսի սեփականատեր: Նրա քենին, օրինակ, գլխավորում է մի ՍՊԸ, որը վերջին տարիներին նվազագույնը 50 պետական աճուրդում է հաղթել՝ 1.5 մլն լեյից ավել գումարով: Նրա բարեկամները, ընկերներն ու կուսակցական գործընկերներն առաջին հայացքից աղքատ են, սակայն ընկերություններ ունեն, որոնք բարգավաճ բիզնես են զարգացնում:
Նրանց ներկայացրած փաստաթղթրի համաձայն՝ Դոդոնի ընտանիքի բարեկեցության կտրուկ աճը տեղի ունեցավ ոչ թե այն ժամանակ, երբ նա կառավարությունում պաշտոններ էր զբաղեցնում, այլ երբ անցավ ընդդիմության շարքերը:
Ո՞ւմն է Ղրիմը
Առավել մեծ ուշադրություն գրավեցին Իգոր Դոդոնի վերջին հայտարարությունները Ղրիմի պատկանելիության վերաբերյալ: RTRMoldova-ի եթերում նա հստակ պատասխանեց՝ «Ռուսաստանի դաշնությանն է պատկանում» : Իսկ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այսպես պարզաբանեց ՌԴ կազմում Ղրիմի իրավական ճանաչման ընթացակարգ նախաձեռնելու ցանկության բացակայությունը. «Եթե մենք ճանաչենք Ղրիմը, արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ ինչ-որ մեկն էլ Մերձդնեստրը ճանաչի: Ահա թե ինչ է ինձ հուզում: Որ մեզ մոտ Մերձդնեստրի հետ նույն բանը տեղի չունենա: Եկեք այսպես անենք. քաղաքական գործիչ Իգոր Դոդոնը Ղրիմը փաստացի ռուսական է համարում: Հոկտեմբերի 31-ից հետո կխոսենք»:
Հրապարակվել է 29.10.2016