Մի կուսակցության տոն
Ադրբեջանում նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Իշխող “Ենի Ադրբեջան կուսակցության բոլոր հիմնական մրցակիցները մրցավազքից դուրս են. քաղաքական խմբակցություններն ու առաջատար ընդդիմադիր ուժերն արդեն հրաժարվել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Դա նշանակում է, որ հետագա 5 տարիներին ադրբեջանական խորհրդարանում այլընտրանքային տեսակետ չի հնչելու:
Չնայած, Ադրբեջանում սա առաջին դեպքը չէ. “Ենի Ադրբեջանը 1995թ.-ից մինչ այժմ անցկացված բոլոր խորհրդարանական ընտրությունների մշտական հաղթողն է: Ընդդիմությունն ու միջազգային դիտորդներն, իհարկե, թերահավատորեն են վերաբերվում այդ շռնդալից հաղթանակին: Սակայն, ըստ ամենայնի, “Ենի Ադրբեջանը գիտի ինչպես հակադարձել այդ թերահավատությանը. այս ընտրություններին ամենակարող կուսակցությունը կարող է ոչ միայն առանց մրցակիցների, այլ նաև առանց դիտորդների մնալ:
Առանց մրցակիցների
Ընտրություններն առաջին անգամ բոյկոտեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցությունը (ԱԺՃԿ): Այդ որոշումը նա բացատրում է անբարենպաստ քաղաքական իրավիճակով: Այնուհետև ընտրություններից հրաժարվելու հայտարարություններ տարածեցին N!DA երիտասարդական շարժումն ու Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը: REAL շարժումը (Այլընտրանքային հանրապետական շարժում) դեռևս չի հրաժարվել մասնակցությունից, բայց նախապես հայտարարել է, որ ըստ ամենայնի, արդյունքները չի ընդունի:
Նույնիսկ “Մուսավաթ կուսակցությունը, որը վերջերս հայտարարել էր , որ ընտրությունները բոյկոտելն արդյունավետ չէ, արդյունքում հրաժարվել է մասնակցությունից, թեկուզև ի սկզբանե առաջադրել էր իր թեկնածությունը:
Իշխող կուսակցության առանցքային հակառակորդ “Մուսավաթը որոշեց բոյոկտել ընտրություններն այն բանից հետո, երբ Տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվեց գրանցել նրանց թեկնածուներից շատերին: Բոլոր այս մերժումները “Ենի Մուսավաթն անհիմն է համարում: Եվս մեկ պատճառ է ընտրությանը կարծես թե ձայն տալու պատրաստ ընտրողների հանդեպ բռնություն կիրառելու հաստատված փաստերը: Բացատրելով ընտրությունները բոյկոտելու իր որոշումը՝ կուսակցությունը հայտարարեց, որ այդ որոշման վրա ազդել է ընտրություններին որպես դիտորդ ԵԱՀԿ առաքելության՝ մասնակցությունից հրաժարվելը:
Ավելի քիչ վկաներ
ԵԱՀԿ-ն ծրագրում էր 30 երկարաժամկետ ու 350 կարճաժամկետ դիտորդների մասնակցությամբ ադրբեջանական ընտրությունների մշտադիտարկում անցկացնել: Սակայն Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընդունել միայն 6 երկարաժամկետ ու 125 կարճաժամկետ դիտորդների: Եվ քանի որ Ադրբեջանն անսասան էր իր որոշման մեջ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն, ի պատասխան այդ սահմանափակումների, որոշեց հետ կանչել դիտորդական առաքելությունը:
Սակայն ընդհանրապես առանց դիտորդների ընտրություններ Ադրբեջանում, փառք աստծո, դեռևս չեն անցկացվում. դրանց հետևելու են 27 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Իսրայելի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի ու ԵԽԽՎ պատվիրակությունները: