Հնարավո՞ր է հայ-թուրքական կարգավորում առանց Բաքվի․ Երևան-Անկարա հեռակա բանավեճ
Միրզոյան-Ֆիդան հեռակա բանավեճ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է թուրք գործընկերոջ հայտարարությանն ու ընդգծել՝ Երևանի համար կարևոր է ինչպես Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, այնպես էլ Բաքվի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։
«Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն»,- հայտարարել է Միրզոյանը։
Ազգային մեծ ժողովում Հաքան Ֆիդանը, մասնավորապես՝ նշել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը կարևոր են Հայաստանի համար: Թուրքիայի արտգործնախարարն այդ գործընթացները, հերթական անգամ, կապել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև «վերջնական խաղաղության» հաստատման հետ։
«Եթե հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք Հայաստանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենահիմնավոր շարժառիթից։ Դա կարող է բերել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ինչը մենք չենք ուզում»,- նկատել էր Ֆիդանը և վստահեցրել՝ թուրքական կողմն արդեն արել է տեխնիկական աշխատանքներն ու գործնականում պատրաստ է սահմանի բացմանը։
Արձագանքելով այս պնդումներին՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ եթե փորձենք անպայմանորեն պատճառահետևանքային կապ տեսնել Հայաստան-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա գործընթացների միջև, «գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»։
Երևանից և Անկարայից հնչած հայտարարությունները, խորհրդարանականների այցը Ստամբուլ
- «Առաջիկա ամիսները որոշիչ են լինելու Հայաստանի ապագայի համար»․ Կարո Փայլան
- «Հայաստանը սպասում է Թուրքիայի գործուն քայլերին»․ կարգավորման ներկայիս փուլի մասին
- «Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան
Թուրքիայի ԱԳ նախարարը՝ կարգավորման և «միջանցքի» մասին
Խոսելով Հայաստանի հետ սահմանը բացելու մասին՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան չի գնա այդ քայլին, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել:
«Զանգեզուրի միջանցքն» ու ՀՀ-ի Սահմանադրության հարցը դուրս են մնացել վաշինգտոնյան փաստաթղթերից։ Երբ դրանք լուծվեն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատվի, մենք էլ մեր քայլը կանենք»,- հայտարարել է նա։
Թուրք պատգամավորները Ֆիդանին հարցել են ուղղել նաև «Թրամփի ուղի» նախագծի մասին։ Ֆիդանը, սակայն, հերթական անգամ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նրա կարծիքով՝ այդ հարցում Երևանի ու Բաքվի միջև վերջնական համաձայնություն չկա, կողմերը բանակցում են, իսկ Անկարան միայն նպաստում է այդ բանակցություններին․
«Երբ մեզ քննադատում են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, տպավորություն է, թե դա մի հարց է, որ գտնվում է մեր ինքնիշխանության ներքո, ո՛չ։ Տարածքը Հայաստանում է, հավակնորդը՝ Ադրբեջանը, մենք որպես միջնորդ ենք հանդես գալիս երկու կողմերի համար, քանի որ այդ ճանապարհը նաև մեզ է անհրաժեշտ»։
Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե «միջանցքի» հարցը ներկայումս ակտուալ է, Վաշինգտոնում այն բարձրացրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միջանցքի հայեցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել՝ մի շարք հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես՝ ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները»,- նկատել է նա։
Երևանից հիշեցնում են՝ կա «Թրամփի ուղի», այլ ոչ թե միջանցք
Արձագանքելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը՝ Հայաստանի վարչապետը շեշտել է՝ ՀՀ տարածքում գտնվող ենթակառուցվածքների անվանումներն իրավասու է որոշել միայն Հայաստանը:
«Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և կա TRIPP [«Թրամփի ուղի»] նախագիծը։ Ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է Փաշինյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հիշեցրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իր հերթին, վկայակոչել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովն ու թվարկել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հիմնական սկզբունքները՝
- տարածքային ամբողջականություն,
- սահմանների անխախտելիություն,
- ինքնիշխանություն,
- իրավազորություն,
- փոխադարձություն:
«Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարել է նախարարը։
Այց Ստամբուլ․ հայ պատգամավորների ակնկալիքները
Հայաստանի խորհրդարանից պատվիրակություն էր մեկնել Թուրքիա՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանին։
Հայ պատգամավորները լավատես են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքներ։
«Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության»,- նկատել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հենց նա է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը։ Ստամբուլում շփումներ են եղել նաև Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ ապաշրջափակման թեմային։
«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային»,- նիստերից մեկի ընթացքում հայտարարել է Խանդանյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Միրզոյան-Ֆիդան հեռակա բանավեճ