Միխեիլ Սաակաշվիլին Կիև է վերադարձել
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին մարզպետ Միխեիլ Սակաշվիլին Ուկրաինա է վերադարձել, որտեղից արտաքսվել էր 2018թ-ի փետրվարին։
Կիևի օդանավակայանում Սակաշվիլիին դիմավորել են նրա կողմնակիցները, որոնք «Միշա» էին վանկարկում։
«Ես վերադարձել եմ այն երկիր, որը սիրում եմ։ Ես այստեղ եմ եկել ոչ թե ինչ-որ մեկից վրեժ լուծելու, պատժելու կամ ինչ-որ բան քանդելու։ Դա իմ ոճը չէ։ Ես վերադարձել եմ, որպեսզի անեմ այն, ինչ լավագույնս եմ կարողանում անել՝ կառուցել։ Դա այն է, ինչ ինձ թույլ չտվեցին անել Օդեսայում։ Ես ուզում եմ միլիոնավոր ուկրաինացիների հետ, նոր նախագահի թիմի հետ պատմական շանսն օգտագործելով, մասնակցել նոր Ուկրաինայի կառուցմանը», — լրագրողներին ասել է Սաակաշվիլին։
Իրեն քաղաքացիությունը վերադարձնելու մասին Զելենսկու որոշումը մեկնաբանելիս նա նշել է, որ «նախագահ Զելենսկին ցույց է տվել, որ ունակ է խիզախ և արագ որոշումներ կայացնել»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իշխանության ինչպես նախկին, այնպես էլ գործող ներկայացուցիչների շրջանում շատ են մարդիկ, որոնք իրեն չէին ուզում երկրում տեսնել, սակայն Զելենսկին «ոչ ոքի չի լսել և ընդունել է այդ որոշումը»։
«Պորոշենկոյի (քաղաքացիությունից զրկելու) որոշումը վախկոտ և անարժան որոշում էր։ Զելենսկու որոշումն արժանի նախագահի խիզախ քայլ էր․․․ Այս նախագահը հասարակ տղա չէ, նա շատերին կզարմացնի, ես այդպիսի բաների լավ հոտառություն ունեմ», — ասել է Սաակաշվիլին։
Նրա հավաստիացրել է, որ ոչ մի բանակցություն չի վարել նոր նախագահի թիմի հետ իրեն որևէ պաշտոնում նշանակելու մասին։
•«Վրացի» և «ուկրաինացի» Սաակաշվիլիի չորս տարբերություն
Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը, որից նրան զրկել էր նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոն։ Ուկրաինա մուտք գործելու ժամանակավոր փաստաթուղթը Սաակավիլին ստացել է Լեհաստանում Ուկրաինայի հյուպատոսությունում։
Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը մասնակցելու է հուլիսի 21-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, այս մասին պատմել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սակվարելիձեն։
«Այո, մենք որպես կուսակցություն մասնակցելու ենք այս ընտրություններին և պաշտպանելու ենք այն փիլիսոփայությունն ու նախագծերը, որոնք ուզում ենք իրականացնել։ Ընտրություններին մասնակցելն ընտրողների առաջ մեր պարտքն է», — ասել է նա։
Թե ինչպես Սաակաշվիլին սկզբից Ուկրաինայում հայտնվեց, իսկ հետո՝ աքսորում
Ուկրաինայի քաղաքացություն Վրաստանի նախկին նախագահին տվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն 2015թ., երբ Սաակաշվիլին նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ: 2016թ. վերջին Սաակաշվիլին հրաժարական ներկայացրեց և նախագահ Պորոշենկոյին մեղադրեց կոռուպցիայի և բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայության մեջ: Սաակաշվիլին հայտարարեց, որ ստեղծում է սեփական կուսակցությունը և անցնում է ընդդիմություն:
2017թ. հուլիսին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Նման որոշման համար պատճառ հանդիսացավ այն, որ Սաակաշվիլին իբր քաղաքացիության համար դիմելիս թաքցրել է Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը: Սաակաշվիլին այդ ժամանակ այցով արտասահմանում էր և չէր կարող Ուկրաինա վերադառնալ։
2017թ-ի սեպտեմբերին Սաակաշվիլին, իր կողմնակիցների շնորհիվ, կարողացավ ճեղքել լեհ-ուկրաինական սահմանը, որը նրան թույլ չէին տալիս հատել ուկրաինացի սահմանապահները։
2017թ-ի հոկտեմբերին Սաակաշվիլին ու նրա համախոհները Կիևի կենտրոնում բողոքի անժամկետ ակցիա սկսեցին։
2017թ. դեկտեմբերին Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրեց «ի վնաս պետության շահերի՝ հանցավոր կազմակերպության մասնակիցներին աջակցելու և հանցավոր կազմակերպությանն օժանդակելու մեջ». իբր նա բողոքի ակցիաներ կազմակերպելու համար գումար էր ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին մոտ կանգնած անձանցից:
Սաակաշվիլին այդ ժամանակ ձերբակալման մի քանի անհաջող փորձերից հետո կալանավորվեց, բայց Ուկրաինայի դատարանը հաջորդ օրը նրան ազատ արձակեց:
2018թ. փետրվարին Սաակաշվիլին Ուկրաինայից արտաքսվեց Լեհաստան:
Այդ օրվանից նա ապրում էր Նիդերլանդներում առանց որևէ պետության քաղաքացիություն ունենալու, քանի որ ուկրաինական քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրամանով զրկվել էր վրացական քաղաքացիությունից։