Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ կանգնել է դատարանի առջև։ Ի՞նչ է ասել Վրաստանի նախկին նախագահը
Միխեիլ Սաակաշվիլին դատարանում
Կալանավորվելուց երկու ամիս անց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ կանգնել է դատարանի առջև։ Դատավարությունը վերաբերում է 2007 թ․ նոյեմբերի 7-ի ցույցը ցրելուն և «Իմեդի» հեռուստաալիք ներխուժելուն։ Սաակաշվիլին պատասխանել է մեղադրանքներին և պատմել բանտում դաժան վերաբերմունքի մասին։
«Նոյեմբերի 7-ի գործը»
Ի պատասխան մեղադրանքին՝ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «երկիրը խուսափել է ռուսական սցենարից», որը գլխավորում էր միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին։
«Վրաստանը գնում էր դեպի ՆԱՏՕ։ 2006 թ-ին Պուտինն ինձ ասաց, որ կանի ամեն ինչ՝ այդ գործընթացը կասեցնելու համար։
Այդ նույն տարի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ինձ հարցրեց, թե ով է Արկադի Պատարկացիշվիլին, որն իրեն խնդրել է հանդիպել։ Ես նրան ասացի, որ կարող է նրա հետ հանդիպել, եթե ուզում է, բայց այդ հանդիպումից ոչ մի գործնական բան դուրս չի գա։ Լուկաշենկոն նրան չընդունեց։
Բայց Պատարկացիշվիլին, միևնույն է, մեկնեց Մինսկ, և նրան ընդունեց Լուկաշենկոն։ Նա ինձ ասաց, որ իրեն զանգահարել է Պուտինն ու ասել, որ անհրաժեշտ է հանդիպել Պատարկացիշվիլիի հետ», — ասել է Սաակաշվիլին։
Նախկին նախագահը նաև հավելել է, որ Պատարկացիշվիլիին հանդիպել է Անվտանգության դաշնային ծառայության երեք գործակալ։ Որից հետո Պուտինը Լուկաշենկոյին հայտարարել է, որ նա Վրաստանի հաջորդ նախագահն է։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2007 թ-ի սեպտեմբերին։
Սաակաշվիլիի խոսքով՝ 2007 թ-ի հոկտեմբերին Թբիլիսիում «պատմական կոնֆերանս» է տեղի ունեցել, որին ներկա էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դը Հոոթ Սհեֆերը, ինչպես նաև մի քանի արտգործնախարար, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Սաակաշվիլին նշում է, որ այդ կոնֆերանսին գրեթե որոշվել է Վրաստանին տրամադրել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան, և անմիջապես դրանից հետո՝ նոյեմբերի 2-ին, Թբիլիսիում մեծ ցույցեր են սկսվել․
«Ես հեռու եմ այն մտքից, որ փողոց դուրս եկած բոլոր մարդիկ ռուսական դուդուկի տակ էին պարում կամ գիտեին Պատարկացիշվիլիի պլանների մասին։
Դա բարդ շրջան էր այն իմաստով, որ մենք շատ ցավոտ բարեփոխումներ էինք իրականացնում։ Մի քանի հազար մարդ էր գործազուրկ դարձել ոստիկանության բարեփոխման շրջանակում։ Չափազանց շատ էին մարդիկ, որ չկարողացան նոր հուն մտնել։ Արժեզրկումն էր մեծ։ Ոմանց եկամուտը մեծ էր, ոմանցը՝ փոքր։ Այդ պատճառով էլ մարդիկ մեզ վրա զայրանալու օբյեկտիվ պատճառ ունեին»։
Նրա խոսքով՝ ցույցերը ցրում են շատ երկրներում, և «գործ հարուցելու մասին ոչ ոք չի մտածում՝ բացառությամբ մոլագարների»։ Սաակաշվիլին նշել է, որ գործընթացը գլխավորում էր ներքին գործերի նախարարը, ու ինքը դա դիտում էր հեռուստացույցով, այդ պատճառով էլ ոչ ոքի հրահանգ չի տվել։
«Դրանից հետո ես հրաժարական տվեցի, կրճատեցի իմ նախագահական պաշտոնավարման ժամկետը մեկուկես տարով և նախագահական նոր ընտրությունների գնացի, ինչը բարդ էր, բայց ես հաղթեցի։ Ես դա արեցի, որպեսզի վրացի ժողովրդից նոր մանդատ ստանամ։
Մենք դա արեցինք՝ Ռուսաստանի պլանները խաթարելու համար», — ասել է Սաակաշվիլին։
Գիրգվլիանիի և Գելաշվիլիի գործերը
Սաակաշվիլիի խոսքով՝ «Գիրգվլիանիի» գործ չկա, այն այդպես է անվանվել փիառի համար։ Նրա խոսքով՝ այդ հանցագործությունը կատարած սպաները կալանավորվել են, իսկ 2008 թ-ի պատերազմից հետո համաներում է շնորհվել 280 մարդու, որոնք զինվորական կոչումներ ունեին։ Դրա շրջանակում 2006 թ-ին բանկի աշխատակից Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածի ազատազրկման ժամկետը կրկնակի կրճատվել է, նա ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։
Ինչ վերաբերում է Գելաշվիլիի ծեծի գործին, ասել է Սաակաշվիլին, միակ վկայությունը դասական «ասեկոսեներն» են՝ «ես լսեմ, որ նա լսել է» ոճով։
«Ինձ դատում են այդ ցուցմունքների հիման վրա, որոնք չի կարելի ընդունել որպես ապացույց ոչ մի երկրում, աշխարհի ոչ մի իրավական համակարգում։ Եվ զարմանալին այն է, որ այդ վճիռները կայացվել են և ուղարկվել Ինտերպոլ։ Այնտեղ ծիծաղել են և մերժել այդ վճիռները՝ որպես ամոթալի, և անգամ չեն դիտարկել դրանք», — ասել է նախկին նախագահը։
Անմարդկային վերաբերմունք բանտում
Նախկին նախագահի խոսքով՝ այն բանից հետո, երբ իր վիճակը վատթարացել է հացադուլի պատճառով, իրեն խաբեությամբ Ռուսթավիի բանտից տեղափոխել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանիի բանտային հիվանդանոց։ Սկզբում նրան ասել են, որ ուղարկում են բազմապրոֆիլ հիվանդանոց, սակայն արդյունքում՝ նա հայտնվել է Գլդանիի բանտում, որտեղ մեքենայի դռները բացվելուն պես բանտարկյալներն այսպես կոչված «աղմուկ» են բարձրացրել՝ հայհոյանքներ և սպառնալիքներ տեղալով նախկին նախագահի հասցեին։
Այն բանից հետո, երբ նա բողոքել է, պահակախումբը բռնի ուժով Սաակաշվիլիին դուրս է բերել մեքենայից և գետնով քարշ տվել։
Սաակաշվիլին նաև հիշեցրել է, որ գիտակցությունը կորցրել է բանտային հիվանդանոցում, և նշել է, որ առանց Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Գուլիկո Կիլիպտարիի միջամտության՝ ինքն այսօր կենդանի չէր լինի։
«Բախտս բերել է, որ գիտակցությունս կորցնել եմ փաստաբաններիս ներկայությամբ և բախտս բերել է, որ այդ առավոտ այդ համակենտրոնացման ճամբարի գլխավոր բժիշկն ինձ նայեց և մտածեց, որ ես արդեն մահանում եմ։ Դա մահափորձ էր», — ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ամոթալի փաստ էր, երբ վարչապետը հաշվում էր մեղրի տարաները, իսկ կառավարության անդամներ հետևում էին, թե ինչ է նա գնում բանտային խանութից․
«Եղավ «բարի» առաջարկ, թե ես ինքնասպանության իրավունք ունեմ, հայտարարություններ այն մասին, թե ինչու ես պետք է ողջ մնամ հացադուլի 41-րդ օրը։ Բացի այդ, տարբեր քաղաքական գործիչներ տարբեր խաղադրույքներ էին անում՝ կապրեմ 45, թե՞ 49 օր»։
Սխալներ պաշտոնավարման ընթացքում
«Մենք գործե՞լ ենք սխալներ։ Շատ։ Կան շատ սխալներ, որոնց համար ես շատ եմ ափսոսում, բայց սխալներն ու թերացումները մի բան է, մեղքը՝ այլ բան։ Ես Միխեիլ Սաակաշվիլին եմ, և Վրաստանում երբեք չի եղել հանցագործ նախագահ», — հայտարարել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ այդպիսի սխալներից մեկն այն էր, որ ինքը չի ապահովել դատական իշխանության անկախությունը, ինչը Վրաստանի մյուս քաղաքացիներին զուգահեռ ազդել է նաև անձամբ իր վրա․
«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ով բախվել է դրան, ինչպես նաև մյուս բոլոր սխալների համար, որոնք արվել են անզգուշաբար»։
Շնորհակալություն ժողովրդական պաշտպանին
«Եթե չլիներ օմբուդսմեն Նինո Լոմջարիայի քաջությունն ու նրա հավաքած բժիշկների կոնսիլիումի անդամների սկզբունքայնությունը, ես այսօր կենդանի չէի լինի։ Գործնականում, նա «Էմպաթիա» կենտրոնի (ՀԿ) և, որ ամենագլխավորն է, փողոց դուրս եկած բազմաթիվ մարդկանց հետ միասին փրկեց ոչ միայն իմ, այլև (պատգամավոր) Էլենե Խոշտարիայի և մյուս հացադուլավորների կյանքը, որոնց ես շատ շնորհակալ եմ», — հայտարարել է Սաակաշվիլին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային, որ նա չի տրվել իշխանության սադրանքներին ցույցերի ժամանակ։
«Վրացի՛ ժողովուրդ, մի՞թե չես կարոտել սեփական երկրի համար հպարտության զգացումը»
«Ես ազատ շրջել եմ Վրաստանում մի քանի օր շարունակ և հնարավորություն եմ ունեցել մարդկանց հետ շփվելու մինչև գերի ընկնելը և տեսել եմ, որ մարդիկ շատ տխուր են, չարացած, մարդիկ գրեթե չեն ժպտում, մարդիկ շատ դժբախտ են։ Իսկ ես ուզում եմ քեզ ասել՝ սիրելի՛ վրացի ժողովուրդ, մի՞թե չես կարոտում սեփական երկրի համար հպարտության զգացումը։ Չե՞ս կարոտել զարգացման տեմպն ու դրայվը», — դիմել է Սաակաշվիլին Վրաստանի ժողովրդին։
Նրա խոսքով՝ Վրաստանը տնտեսական բարեփոխումների համար մեկ երկիր էր, իսկ այժմ այն առաջատարն է կորոնավիրուսից մահացությամբ․
«Վերջին ինը տարում Վրաստանն ամբողջությամբ անկում է ապրել, բայց չէ՞ որ ինը տարում (Սաակաշվիլիի կառավարման), պատերազմի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ մենք աճել ենք քառակի։ Ազգային բարեկեցությունն ավելացել է չորս անգամ, Վրաստանի բյուջեն ավելացել է 12 անգամ, աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելացել են 10 անգամ։ Այնուհետև՝ ինը տարուց, աշխատավարձը նվազել է, որովհետև փոխարժեքն է նվազել, իսկ տնտեսությունը չի աճել ոչ մի տոկոսային կետով։ Սա ողբերգություն է, ինչպե՞ս մենք կարող ենք այս ամենին հանգիստ նայել և ընդունել»։
Ակցիա և կալանավորում դատարանի բակում
Ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, որտեղ ընթանում էր Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը։
ՆԳՆ տվյալներով՝ ցուցարարները խախտել են խաղաղ հավաքների մասին օրենքով թույլատրված նորմերը։
Այն բանից հետո, երբ դատարանի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում լարվածություն է առաջացել, ոստիկանությունը պղպեղի գազ է կիրառել ցուցարարների դեմ։
Տուժել է մի քանի քաղաքացի, որոնք տեղում օգնության են դիմել։ Բացի այդ, դիմակայություն է տեղի ունեցել քաղակտիվիստ Բեսիկ Տամլիանիի և ոստիկանության միջև։ Ձերբակալվել է նաև քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան։