Միխայիլ Սահակաշվիլի՝ հեծանվորդ
2016թ.-ի մայիսին լրանում է մեկ տարի այն պահից, երբ Օդեսայում հայտնվեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքով, նա քաղաքի «նոր տեսարժան վայրերից է դարձել»: Ընդ որում, դրածոները բոլորը տեղական ընտրություններում պարտություն կրեցին, սակայն Միխայիլ Սահակաշվիլիի համբավն Օդեսայից դուրս աճում է: Ուկրաինայում ինչ-որ մի բան այնպես չէ, ինչպես Վրաստանում:
Ծավալները
Իր գործունեության առաջին իսկ օրվից Սահակաշվիլին կաշառակերության դեմ պայքար հայտարարեց: Ահա այս ոլորտում նրա գլխավոր հաջողությունները.
- Օդեսայի մարզպետարանի աշխատակազմի կրճատում՝ 800-ից 500 մարդ: Վերջնական արդյունքը՝ թողնել 400 աշխատակից:
- Նոր ճանապարհային ոստիկանության աշխատանքը քաղաքում, որը պետք է փոխարինի շրջանի միլիցայությանը:
- Շրջանի գլխավոր միլիցիոներ-ոստիկան է նշանակվել Սահակաշվիլիի դաշնակից, Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Գիորգի Լորտկիպանիձեն, իսկ շրջանի սեփական անվտանգության վարչության պետը՝ մեկ այլ վրացի Կոնստանտին Մչեդլիշվիլին:
- Ուկրաինայի խոշորագույն, Օդեսայից ոչ հեռու Իլյիչևսկ (ներկայումս Չերնոմորսկ) քաղաքի ծովային նավահանգստի տնօրենի սկանդալային հեռացումը:
- Օդեսայի մաքսատան ղեկավար է նշանակվել Մայդանի ակտիվիստ Յուլյա Մարուշևսկայան, ով նախկինում ոչ մի կապ չէր ունեցել մաքսատան հետ:
- Օդեսայի բոլոր շրջանների ղեկավարների փոփոխություն:
- Ուկրաինայում Վրաստանի օրինակով Վարչական ծառայությունների տրամադրման կենտրոն է բացվել, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է ստանալ ցանկացած վկայական կարճ ժամկետներում և առանց կաշառքի:
- Ծովափերին ապօրինի ցանկապատների դեմ խաչակրաց արշավանք սկսվեց: Շինարարական տեխնիկան քանդում էր օլիգարխների ծովափնյա առանձնատների ցանկապատերը: Քանդման ենթակա էին Ուկրաինայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկու և ուկրաինացի միլիարդատեր Վասիլի Խմելնիցկու ցանկապատերը: Նայելով տեղի ունեցող իրավիճակին՝ Օդեսայի սահմանապահ ծառայության ղեկավարությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրենք սկսեցին քանդել տարիներ շարունակ փակ ծովափերի դարպասները:
- «Էստրադային էմբարգոն»: Սահակաշվիլիի պահանջով, Օդեսայում չեղյալ հայտարարեցին ռուս երգիչ և ՌԴ նախագահ Պուտինի վստահելի անձ Ստաս Պյեխայի և նոր ուկրաինական իշխանություններին խիստ քննադատության արժանացրած ռեփեր Տիմատիի համերգներն, ով Ուկրաինան անվան էլ էր «փոքր եղբայր, որը թմրանյութերի վրա է»:
- Տեղացիների բողոքների հիման վրա Սահակաշվիլին շրջանային իշխանությունների կողմից ծովափնյա հողատարածքների բաժանման վերաբերյալ ստուգումներ անցկացրեց: Օդեսայի Կրիժանովկա ավանում պարզվեց, որ ողջ ծովափը գտնվում է ավանի ղեկավարության բարեկամների և ընկերների սեփականության տակ: Իսկ տեղացիներն իշխանություններից չեն կարողացել անգամ մեկ մետր հող ստանալ: Սահակաշվիլին սկանդալ սարքեց և խոստացավ «նստեցնել» բոլոր մեղավորներին:
Հարվածի արդյունքները
Ահա թե ինչպես այդ ամենն ավարտվեց.
- Մարզպետարանի աշխատակազմը մինչև 400 մարդ կրճատելը չհաջողվեց: Հավանաբար, Վրաստանի նախկին նախագահը բախվեց ուկրաինական օրենսդրության այն կետին, համաձայն որի մարդուն պետական պաշտոնից հանելը, եթե նա որևէ խախտում չի արել, այդքան էլ հեշտ չէ:
- Նոր ճանապարհային ոստիկանությունն իր աշխատանքում բախվեց հին միլիցայության հետ կապված դժվարություններին: Նոր ոստիկանության գործառույթների մեջ դեռևս միայն պարեկային ծառայությունն է: Այսինքն, քննչական գործողությունները, քրեական գործերի հարուցումը, գործերը դատարան և դատախազություն փոխանցելը նախկինի պես կրճատված միլիցայության գործառույթներն են:
- Իլյիչևսկի նավահանգստի սկանդալն, ինչպես անսպասելի բռնկվեց, այնպես էլ անսպասելի հանգեց: Նավահանգստում Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից Սահակաշվիլիի խոստացած ստուգումների արդյունքն այդպես էլ ոչ ոք չտեսավ, իսկ ձեռնարկության ղեկավարը նախկին տնօրենի նախկին տեղակալն է:
- Օդեսայի մաքսատան պետի պաշտոնում Յուլյա Մարուշևսկայայի գործունեության ամենանկատելի արդյունքը լրատվամիջոցներում տեղեկատվության հրապարակումն է, համաձայն որի նա խոշորագույն ուկրաինական «24» հեռուստաալիքի տնօրեն Մարկիյան Պրոցիվի կինն է, «Ինքնօգնություն» ուկրաինական կուսակցության առաջնորդ և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի ընկերը (հեռուստաալիքը հիմնվել է 2006թ.-ին Սադովիի կողմից): Իսկ նրա կարիերայի արագ աճը բացատրվում է Ուկրաինայի նախագահի կուսակցության և «Ինքնօգնություն» կուսակցության միջև պայմանավորվածության առկայությամբ:
- Օդեսայում հոկտեմբերի 16-ին բացված Վարչական ծառայությունների տրամադրման կենտրոնը մինչ օրս իրավաբանական կարգավիճակ չունի: Դրա նորմալ գործունեությունն ապահովելւ համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել ուկրաինական օրենսդրություն, այդ պատճառով էլ այժմ ահռելի և ժամանակակից կենտրոնը զբաղվում է միայն քաղաքացիներին ընդունելով և խորհրդատվությամբ:
- Օդեսայի ափամերձ տարածքներում ցանկապատերի քանդումն ավարտվեց: Իսկ քանդվածների փոխարեն օլիգարխների տարածքների և պետական կառույցների անվտանգության ծառայությունը «ժամանակավոր» ցանկապատեր տեղադրեց, որոնք փակում են ծովը քաղաքացիներից:
- Ուկրաինայի երաժշտական ալիքները, օրինակ, М1-ի և «Եվրաերաժշտության» եթերի 80 տոկոսը տրամադրվում է ռուսական փոփ-երգիչներին, ներառյալ՝ Տիմատիին:
- Սահակաշվիլիի ևս մեկ արշավը, որը կապված էր տեղի ղեկավարության բարեկամներին ու ընկերներին ափամերձ հողերի բաշխման հետ, նույնպես ավարտին չհասցվեց: Կրիժանովկայի ղեկավարին, ինչպես և խոստացել էր Սահակաշվիլին, նրա այցի հաջորդ օրը ձերբակալեցին 2.7 մլն գրիվնա (119 հազ. դոլար) մսղելու կասկածանքով: Սակայն նրան նույն օրն ազատ արձակեցին 1.5 մլն գրիվնա (66 հազ. դոլար) գրավով: Օդեսայի շրջանային դատախազությունը Կրիժանովկայի ղեկավարի գործով այլևս որևէ տեղեկատվություն չտրամադրեց:
Սակայն Օդեսայում բարեփախումների «վրացական մոդելի» արդյունավետության հանդեպ կասկածներ առաջացան հոկտեմբերին շրջանային ընտրությունների հետո:
Չնայած կուսակցությունների և թեկնածուների մեծ քանակին՝ պայքարն ընթանում էր երկու ճամբարների միջև՝ քաղաքի նախկին տերերի և նոր ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջև: Առաջինները վստահ հաղթանակ տարան:
Սակայն Սահակաշվիլիի գործունեության գլխավոր վճիռը շրջանային ընտրությունների ձայների 46.6 տոկոսն էր: Օդեսայի բնակիչների կեսից ավելին չներկայացավ ընտրություններին՝ չնայած Սահակաշվիլիի թիմի կոչերին:
Նպատակը ոչինչ է, շարժումն՝ ամեն ինչ
Օդեսայի մարզպետ Սահակաշվիլին «Մաքրության համար» անվանումով «հակակոռուպցիոն ֆորումներով» արշավ սկսեց Ուկրաինայի շրջաններում: Պատմելով կաշառակերության և գործող պետական համակարգի թերությունների մասին, նա մեծ հայտնիության է հավակնում: Ըստ ավանդույթի, նա իր ելույթն ուկրաիներենով է սկսում, հետո, ներողություն է խնդրում և անցնում ռուսերենի:
Սահակաշվիլին խոսում է ցավոտ թեմաներից ոչ թե քաղաքական-բյուրոկրատական, այլ հասարակ մարդկային լեզվով՝ քննարկելով հարցեր, որոնց բախվում է յուրաքանչյուր քաղաքացի: Նրա գլխավոր փաստարկներն իր նախագահության ժամանակների Վրաստանի գործունեության օրինակներն են:
«Ես այս երկրում ավելի մեծ քաղաքական հավակնություններ ունեմ, քան պարզապես վարչապետ դառնալն է: Ես ուզում եմ խաղի նոր կանոնների հաստատում և նոր քաղաքական էլիտայի իշխանավարում Ուկրաինայում», — հայտարարեց Սահակաշվիլին հարցազրույցներից մեկում:
Միաժամանակ նա ամեն կերպ աջակցում է Պետրո Պորոշենկոյին, հայտարարելով, որ ուկրաինացի նախագահի գլխավոր առավելությունը «բարեփոխումների պատրաստակամությունն» է:
Դեռ վաղ է խոսել Սահակաշվիլիի ստեղծած «Մաքրության համար» նոր շարժման արդյունավետության մասին: Սակայն Օդեսայից դուրս դրա աճող համբավը չնկատել անհնար է:
Սահակաշվիլին Ուկրաինայում հայտնվելու իր մեկ տարվա նախաշեմին ոմանց համար կարծես «վարյագ» լինի, ով կապված չէ տեղի օլիգարխիկ համակարգի հետ և, կարծես թե, ունակ է դրա դեմ պայքարելու:
Իսկ Վրաստանի նախկին նախագահը գործում է որպես հեծանվորդ, ով գիտի, որ կանգ առնելը հավասարազոր է ընկնելուն:
Հրապարակվել է 21.03.2016