Միխայիլ Շևելյով. Վախի վերջը
Լուսանկարը՝ Մաքսիմ Շիպենկովի / EPA / Scanpix / LETA
2017թ-ի մարտի 26-ը կարևոր օր է Ռուսաստանի պատմության մեջ: Եվ ոչ միայն նրա:
Այս կիրակի տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել իրենց բողոքը հայտնելու ռուսական կոռուպցիայի դեմ: Ցույցի աշխարհագրությունը ներառում էր Վլադիվոստոկը, Խաբարովսկը, Պերմը, Չելյաբինսկը, Վորոնեժը, Եկատերինբուրդը, Սանկտ Պետերուրգը, Մոսկվան:
Ես ակնատես եմ եղել միայն Մոսկվայի ցույցին: Եվ համեմատելու բան ունեմ: Վերջին քսան տարվա ընթացքում բաց չեմ թողել այդ քաղաքի և ոչ մի ցույց:
Այն, ինչ տեղի ունեցավ 2017թ-ի մարտի 26-ին, խոշորագույն չարտոնված ցույց էր 1991-ից ի վեր, երբ մոսկվացիները հավաքվել էին Սպիտակ տան առջև, և դա ԽՍՀՄ վերջի սկիզբն էր:
Այդ ժամանակից ի վեր եղել է, որ ավելի շատ մարդ է հավաքվել ցույցերին՝ 50 հազար մարդ, 100 հազար մարդ, սակայն դրանք արտոնված, իշխանությունների կողմից թույլատրված ակցիաներ էին: Սա ոչ միայն թույլատրված չէր, այլ, ընդհակառակը, իշխանություններն այն ուղղակիորեն արգելել էին, այլև վախեցնում էին նրանց, ովքեր պատրաստվում էին մասնակցել դրան:
Եվ դրան նոր մարդիկ էին գնացել: Շատ երիտասարդ: Ուսանողներ և դպրոցականներ, բազմաթիվ երիտասարդ զույգեր: Կային նաև ցույցերի վետերաններ, սակայն նրանք մեծամասնություն չէին:
Եվ այդ երիտասարդներն իրենց հետ բերել էին այն, ինչ մոսկովյան փողոցները վաղուց չէին տեսել՝ վախի բացակայություն: Դա անմիտ խրոխտություն չէր: Նրանք քայլում էին՝ իմանալով, որ ռիսկի են դիմում, իրենց կարող են ծեծել, տանել, ոստիկանական բաժանմունք, իսկ հետո՝ դատի տալ: Նրանք գիտակցաբար վտանգում էին իրենց առողջությունը, ազատությունը, բավականին բարեկեցիկ կյանքը՝ դատելով հագուկապից և նրանց ձեռքերում առկա թանկ գաջեթներից:
Եվ իրոք, ծեծում և կալանավորում էին: Միայն Մոսկվայում ավելի քան 3 հազար մարդ է ձերբակալվել:
Սակայն կասկած գրեթե չկա, որ ցույցի դուրս եկածներին վախեցնել չհաջողվեց: Նրանք կվերադառնան: Ինձ համար մի պարտադիր ցուցանիշ կա այն բանի, որ այդպես է լինելու:
Ոչինչ, ոչ մի ուժով և ոչ մի դաժանությամբ չի կարելի մի բան անել ամբոխի հետ, որտեղ երիտասարդներն ամաչում են ընկրկել, քանի որ դա նրանց պատիվը գետնով կտա կողքին կանգնած աղջիկների աչքերում: Դիմադրության այդ խթանը կարող է ծիծաղելի թվալ, սակայն իրականում այն գլխավորն է: Եվ մարտի 26-ին Մոսկվայում դա աչքի էր ընկնում:
Նրանք կվերադառնան, քանի որ վախենալն ամոթ է դարձել:
Դա նշանակում է, որ Ռուսաստանում իրավիճակը մեռյալ կետից շարժվել է: Նոր ցույցի զանգվածայնությունը, դրա աշխարհագրությունն ու մասնակիցների միջին տարիքը դրանում կասկած չեն թողնում: Ինչպես և որ կողմ է այն շարժվելու, դեռևս ոչ ոք չգիտի: Սակայն պարզ երևում է, որ նախկինն էլ չի լինելու:
Հատվածային տպավորություններ Մոսկվայի փողոցներից և հրապարակներից:
«Այժմ դո՛ւ պինդ կաց, Դիմո՛ն» պաստառով տղան՝ ընկերուհուն. «Եթե ձեռքերս ոլորեն, մորս ամեն դեպքում ասել եմ, որ ձեր տանն եմ գիշերելու: Ինձ չմատնես, հասկացա՞ր»:
Ընկերուհին՝ նրան հիացմունքով նայելով. «Եթե չոլորեն, կրկին ինձ մոտ կգա՞ս»:
Պուշկինի հրապարակում ամբոխի միջից մեկը Պետերբուրգի ակցիայի ուղիղ միացումն է նայում և շրջապատի մարդկանց հաղորդում, որ Նևայի քաղաքը Կիևի Մայդանում հայտնի կարգախոս է առաջ քաշել. «Ով չի թռչկոտում, նա Դիմոն է»:
Ամբոխն ի պատասխան դանդաղ թռչկոտում է տեղում:
Թանկ մուշտակով և ադամանդե ականջողերով էլեգանտ կինն ուշադիր հետևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց բռնում և տանում դեպի մեքենաները:
«Տեր աստված, — երազկոտ հայացքով ասում է կինը՝ հստակ ոչ ոքի չդիմելով, — ապրեմ, մինչև հախից գան»:
Պուշկինի հրապարակում տեղի ունեցող աղմուկի, վանկարկումների, ոստիկանների կողմից մարդկանց որսի, լարված մթնոլորտի պայմաններում հանկարծ 4 ջորի է հայտնվում: Այստեղի ջորիներն են, նրանք հրապարակում աշխատում են ամեն օր, երեխաներին փողով ման են տալիս:
«Հեծելզորը ժամանեց», — նրանց հայտնվելը ողջունում է ցուցարարներից մեկը:
«Ի՞նչ է այստեղ կատարվում», — հարցնում է ջորու լիովին ապաքաղաքական տերը: Նրան բացատրում են և հարցնում. «Ձիերը նո՞ւյնպես Պուտինին դեմ են»:
«Սրանք ջորի են, այլ ոչ թե ձիեր: — Սակայն ընդհանրապես, այո՛: Այսեղ երեխաներ կա՞ն: Այսօր զբոսանքն անվճար է»:
Երեխաներ իրոք կային: Մոր հետ եկած մոտ 12 տարեկան երեխան զիլ ձայնով հերթական զոհի վրա հարձակված ոստիկանների հասցեին հանկարծ գոռաց. «Ոչխարնե՛ր»:
«Պետյա, — խիստ ձայնով ասաց մայրը, — քեզ կարգին պահիր: Դու ցույցի ես, այլ ոչ թե դպրոցում»:
Միխայիլ Շևելյով, լրագրող