Միասեռական պարը դատապարտված է
Այս տեսանյությում «Գանդագան» պարը կատարում է հյուսիսօսական «Ալան» համույթը: Եվ այն առկա է Կովկասի համարյա բոլոր պարային խմբերի ծրագրում՝ վրացական, օսական, հայկական և հյուսիսկովկասյան:
Սակայն Հարավային Օսիայում որոշեցին, որ դա գեյերի պար է և միասեռական մշակույթ է տարածում, պարելն ամոթ է: Հարավօսական մամուլն ու բլոգերներն ընդհանուր առմամբ 3 կարևոր ապացույց են նշում.
Փաստարկ 1. Անհարիր շարժումներ
«Գանդագան» այժմ կանայք էլ են պարում, բայց դա ավելի ուշ մշակում է: Ի սկզբանե, դա արևելյան սուլթանների պատանի սիրեկանների պար էր: Դա աջարական պար է, իսկ Աջարիան պատմականորեն Թուրքիայի ազդեցության տակ է եղել: Իրանում, Թուրքիայում ու Եգիպտոսում տղա պարողներն են պահանջարկ վայելել, նրանց սովորեցրել են էրոտիկ պարեր ու դյութիչ երգեր: Դրանք «բաչա-բազի» են կոչվում:
Ժամանակի ընթացքում այդ հոմո-էրոտիկ պարերն արգելվել են տվյալ երկրների եվրոպականացված կառավարությունների կողմից: Բայց պահպանվել է ադապտացված ձևը, դրանցից մեկը հենց «Գանդագանն» է՝ պարողների կիսակքանստած տիպիկ մեղմիկ շարժումներ, որ հնազանդություն են խորհրդանշում, և ազդրերի հանդուգն շարժումներ: Մի ծայրը կախ լայն գոտին «բաչա-բազի» պարող տղաների մերկ մարմինը ծածկող ազդրաշոր է հիշեցնում: Այսինքն «Գանդագանը» ոչ այլ ինչ է, քան միասեռականների հին մերկապար:
Գրառում Facebook-ում. «Երբ տեսնում եմ՝ ինչպես են տղաները «Գանդագան» պարում՝ հետույքն այսուայնկողմ շարժելով (ինձ և ոչ միայն ինձ մոտ) ակամա դա ասոցացվում է սուլթանական գեյ-պարողների հետ»:
Բրեյք-դանսի պարային խմբի ղեկավար Անդրեյ Թեդեև. «Ես վաղուց եմ լսել «Գանդագանի» անբարո ծագման մասին, մի հոդված էլ վերջերս կարդացի, և այն ամրապնդեց կարծիքս»:
Լրագրող Լյանա Թադեևա. «Ես ոչ մի անպատեհ բան չեմ տեսնում: Ինձ այդ պարը շատ է դուր գալիս»:
Փաստարկ 2. Պատմականորեն դա ստրուկների պար է
Մուսուլմանական երկրներում «բաչա-բազիի» համար օգտագործում էին հպատակ ժողովուրդների՝ վրացիների, հայերի, բուլղարացիների, հույների արական սեռի ներկայացուցիչներին: «Գանդագան» պարելը նշանակում էր ինքնակամ ստրուկ դառնալ:
Լրագրող, «Արդար Օսիա» կուսակցության նախագահ Կոստա Կոշտե. «Այս պարում էլեմենտներ կան, որոնք կատարելը տղամարդու համար ուղղակի ամոթ է, էլ չասեմ՝ օսի համար: Եվ երբ երիտասարդությունը մեծանում է այս պարերի վրա, այն հեռանում է իր արմատներից: Օսական պարն ու «Գանդագանն» այնքան տարբեր գաղափարախոսություն ունեն, որ կարծում եմ՝ վերջինս պետք է պարզապես արգելվի Օսիայում»:
«Խուրզարին» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Գաբարաև. «Մեծ մարտիկների սերունդներին հարիր չէ ստրուկի պար պարելը: Եթե մեր փառահեղ նախնիները տեսնեին, որ հարսանիքներին այս պարն ենք պարում, ուղղակի ամոթից գետինը կմտնեին»:
Փաստարկ 3. Դա վրացական պար է և գաղափարապես անհամատեղելի է օսերի հետ
Գրառում Facebook-ում. «Այս օտարածին պարը օսերի ինքնագիտակցության հետ անհամատեղելի է»:
Հասարակական գործիչ, «Օսիան և օսերը» գրքի հեղինակ Կազբեկ Չելեխսաթի. «Ես կտրականապես դեմ եմ, որ մեր հարսանիքներին այլ ժողովուրդների պարերը պարեն, մանավանդ՝ վրացականները: Ամենագեղեցիկ պարերն օսականն են: Մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր մշակույթի մակարդակը բարձրացնելու մասին»:
Լրագրող Թամարա Տերաշվիլի. «Դա զառանցանք է, Գանդագանը հրաշալի պար է, շատ գեղեցիկ ու բարդ: Այն պետք է կատարվի: Ինչ-որ մի հիմար որոշել է իրեն անուն հանել՝ թշնամիների վրա թքելու հերթական առիթը գտնելով ու իրեն գիտակ և հայրենասեր հռչակելով»:
«Սիմդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Խազբիի Շավլոխով. «Ես սկսեցի ղեկավարել համույթը 4 տարի առաջ, և այն ժամանակ արդեն «Գանդագան» պարը ծրագրում չկար»: Այն, որ այդ պարը մեզ մոտ չեն պարում, ես կապում եմ միայն նրա հետ, որ շատ վերքեր դեռ չեն սպիացել, տղաներից (պարողներից) շատերի մտերիմներն ու բարեկամները զոհվել են, հիշողությունը թույլ չի տալիս: Այդ պատճառով էլ «Գանդագան» դեռևս պարել, իհարկե, չարժե: Ժամանակի ընթացքում՝ միգուցե: Բայց ես անբարո շարժումներ այդ պարում չեմ տեսնում: Ես մանկուց գիտեմ դրա բովանդակությունը. երիտասարդ տղաները մակույկներով լողում են, ուռկան են գցում ու ձուկ որսում, հետո աղջիկներն են նրանց միանում, և պարը շարունակվում է երկու կողմերի մասնակցությամբ: Ցանկության դեպքում ցանկացած պար կարելի է անբարո ձևով պարել»: