Մթերքն ապօրինի է դարձել
“Ներքին Զարամագ ռուսական մաքսակետում դեպի Հարավային Օսիա ուղղությամբ արդեն երեք շաբաթ է՝ մեկը մյուսի հետևից կանգնած են արագ փչացող մթերքով բեռնատարներ: Գործարարները չեն կարողանում ապրանքն անցկացնել, քանի որ այն հանկարծակի ապօրինի դարձավ:
Ինչպես բացատրեց Հարավային Օսիայի Մաքսային կոմիտեի պետ Մուրատ Ցխովրեբովը, հարավօսական գործարարները Ռուսաստանից ապրանք են գնում վաճառելու համար, սակայն ներմուծելիս այն հայտարարագրում են որպես անձնական անհրաժեշտության ապրանք՝ չվճարելով տուրքը: Այդ համակարգն աշխատել է մինչ այժմ, իսկ հիմա այլևս չի աշխատում: Այժմ ամեն ինչ պաշտոնապես է արվում, և արտահանվող ապրանքը պետք է համապատասխան վկայական ունենա: Այս խնդիրը միանգամից արտացոլվեց խանութներում: Մարդիկ մեծ քանակությամբ կաթնամթերք, դեկտեմբեր ամսից մնացած նրբերշիկ ու երշիկ են գնում: Առավել սուր է հավկիթի ու կաթնամթերքի հարցը: Սահմանն անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն արտահանման վկայական, այլ նաև անասնաբույժի թույլտվություն, որը կարելի է ստանալ միայն Մոսկվայում: Հետևաբար, հավկիթ խանութներում հնարավոր չէ գնել, սակայն հրաշքով երեկ այնտեղ կաթնաշոռ է հայտնաբերվել:
Ինչպես բացատրում են գործարարները, խնդիրը գործնականում անհնար է լուծել: “Արտահանման վկայական ստանալու համար պետք է ապրանքը գնել հենց արտադրողից, այսինքն՝ գործարանից և մեծ քանակությամբ: Իսկ մենք գնում ենք մի տեսակ ապրանքից ընդամենը 10 տուփ: Նման փոքր ծավալի գնում կատարելու պարագայում գործարանում մեզ հետ նույնիսկ չեն խոսի, էլ չասեմ վկայական ձևակերպելու մասին, — գործարար Ալիկ Գաբարաևը բացատրում է խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովին, ով համաձայնել է լսել նրան ու մի քանի տեղացի գործարարների:
“Եթե գործարանում ցանկանանք 10 տուփ կոնֆետ գնել, մեզ կուղարկեն շուկա՝ իրենց ներկայացուցիչների մոտ, իսկ նրանք միայն բեռնագիր են տալիս, որը մաքսակետում անցողիկ փաստաթուղթ չէ:
Խանութների վաճառողները պատմում են, որ արագ փչացող ապրանքն ինչ-որ կերպ փրկելու համար այսպիսի հնարք են կիրառում. վերաբեռնում են մարդատար ավտոմեքենաները, քանի որ դրանց վարորդների առջև նման պահանջներ չեն դնում, համենայնդեպս դեռևս:
Այս փոփոխություններն անխուսափելիորեն Հարավային Օսիայում գների աճի կհանգեցնեն: “Ես 300 անուն ապրանք եմ ներկրում, ամեն ապրանքի համար տուրքը մաքսակետում 200-500 ռուբլի է (մոտ $5): Ստացվում է որ մեքենայի համար նվազագույնը 60 հազ. ռուբլի (մոտ $750) պետք է վճարեմ: Բնականաբար, գները ստիպված պետք է բարձրացնեմ 20-50 տոկոսով, — իր հաշվարկները խորհրդարանի նախագահին ներկայացրեց Ալիկ Գաբարաևը:
Անատոլի Բիբիլովը որպես հնարավոր լուծում դիտարկում է Ռուսաստանի հետ առևտրի մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելը և խոստացել է անել ամեն հնարավորը: Մոտավորապես նման կերպ է մտածում նաև փոխվարչապետ Ալան Տեխովը, որը նույնպես արդեն հանդիպել է գործարարներին:
Իսկ ժողովուրդն այս ընթացքում ասում է, որ նման որոշման հանկարծակիությունը կապված է Ռուսաստանում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման և փողի սուր պակասի հետ: