Վրացական «Batumelebi» և «Netgazeti» պարբերականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին կշնորհվի հեղինակավոր Free Media Awards մրցանակը:
Լրագրողը դատապարտված է երկու տարվա ազատազրկման Բաթումի քաղաքի ոստիկանապետին ապտակ հասցնելու համար: Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գործը համարում են քաղաքական շարժառիթներ ունեցող, իսկ լրագրողին՝ խղճի բանտարկյալ:
«Մզիա Ամաղլոբելին դարձել է Վրաստանի անկախ ԶԼՄ-ների դեմքը»,- նշվում է մրցանակ շնորհող նորվեգական The Fritt Ord Foundation կազմակերպության կայքում:
Ամաղլոբելիից բացի այս տարի մրցանակի դափնեկիրներ են նաև ուկրաինական Gwara Media պարբերականը, հունգարական Direkt98 պարբերականը, ռուս լրագրող Ալեքսանդրա Աստախովան, ադրբեջանցի լրագրող Նարգիզ Աբսալամովան և Բելառուսական հետաքննությունների կենտրոնը:
Free Media Awards մրցանակը նորվեգական The Fritt Ord Foundation-ի և գերմանական ZEIT STIFTUNG BUCERIUS-ի համատեղ մրցանակն է, որը շնորհվում է լրագրողներին և ԶԼՄ-ներին անկախ լրագրության ամրապնդման համար: