Մետաքսից մինչև մեղր
57-ամյա Միրղալիբ Հուսեյնովը Տերտերի շրջանի Սեիդիմլի գյուղի բնակիչ է: Մետաքսագործությամբ դեռևս նրա պապերն են զբաղվել:
«Սա սեզոնային աշխատանք է: Տարվա մնացած ժամանակահատվածում անասնապահությամբ ենք զբաղվում: Մետաքսագործության համար առաջին հերթին տերևներ են անհրաժեշտ: Դրանք դժվար է գտնել: Հատուկ այգի է պետք: Այժմ Սեիդիմլի գյուղում այդպիսի պայմաններ չկան», — մետաքսագործության դժվարությունների մասին է պատմում Միրղալիբ Հուսեյնովը:
Տերևների վրա փոքր հարսնյակներ կան, նրանք հիմնականում սնվում են թթենու տերևներով: Այն հատվածից, որը երևում է լուսանկարում, մոտ 2 արկղ հարսնյակ դուրս կգա: Ամեն տուփում՝ 19 գրամ հարսնյակ, որից էլ 38-40 գրամ մետաքսե թել է ստացվում: Գյուղացիները կիլոգրամը 8 մանաթով են վաճառում:
Տերտերի շրջանի Սեիդիմլի գյուղի բնակիչ Սարա Մուսաևան արդեն 15 տարի է ինկուբատորում հավի ճուտ է մեծացնում: Ամեն երեք շաբաթը մեկ 1000-2000 ճուտ է դուրս գալիս: Այս աշխատանքում ամենաբարդը չքնելն է. «Չենք քնում մինչև առավոտ: Հերթով հետևում ենք ջերմաստիճանին, որպեսզի այն չբարձրանա կամ չիջնի, նորմայի սահմաններում մնա»:
Սեիդիմլը Տերտերի շրջանի այն գյուղերից է, որը ռիսկի գոտում է: Ապրիլյան գնդակոծության հետևանքով 2 հոգի էր վիրավորվել: Մուսաևների ընտանիքը չի լքել գյուղը նույնիկ մեկ օրով. «Ես, ամուսինս ու երեխաս մնացինք և շարունակում էինք աշխատել»:
53-ամյա Գյուլում Աբբասովան 18 տարեկանից դաշտերում է աշխատում: Մեկ սոխ է ցանում, մեկ բամբակ կամ երեքնուկ: Աղդամի շրջանի Ահմեդագալի գյուղի գրեթե բոլոր բնակիչները նրա պես գումար են վաստակում հողագործությամբ: Նրանք այժմ աշխատում են շփման գծից 500 մ հեռավորության վրա: «Կրակում են, իսկ մենք մեր գործն ենք անում», — ասում է նա: Հետո ավելացնում, որ արդեն մեկ ամիս է՝ չեն կարողանում տարածքը մոլախոտից մաքրել:
Կանայք, ովքեր աշխատում են Ղարադաղլի գյուղի հողատարածքում, շաքարեղեգը մաքրում են մոլախոտից: Նրանց աճեցրած շաքարեղեգն ուղարկում են հարևան շրջանների գործարաններ:
Մոտակա գյուղերի բնանկիչներն այստեղ աշխատում են ամեն օր: Ոմանք՝ ողջ ընտանիքով: Գլխավոր պատճառը գործազրկությունն է: Գյուղացիների խոսքով, քանի որ ընտանիքների անդամները չեն կարողանում ամեն օր առանձին-առանձին աշխատանքի գնալ, ստիպված են միասին աշխատել դաշտում, որտեղ 1 հոգին ստանում է 6 մանաթ:
Այս հողակտորը, որի վրա աշխատում են բնակիչները, շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա է: Գյուղացիներն ասում են, որ ինտենսիվ գնդակոծության ժամանակ նրանք կարճ ժամանակով դադարեցրել են իրենց աշխատանքը: Նրանք աշխատում էին նույնիսկ, երբ արկեր էին պայթում: Եվ հիմա, երբ ամեն ինչ այնքան էլ վտանգավոր չէ, շարունակում են շաքարեղեգը մոլախոտից մաքրել: Չէ՞ որ այն օրերին, երբ նրանք աշխատանքի դուրս չեն գալիս, փող են կորցնում, այդ պատճառով էլ այլընտրանք չունեն:
Իրենց աշխատանքի դիմաց գյուղացիներն ընդամենը օրական 6 մանաթ են ստանում: Հետները տանը պատրաստած ուտելիք են բերում, որպեսզի կեսօրին հենց աշխատավայրում ուտեն: Այս ընտանիքն այստեղ է գալիս Ղարադաղլիի Ջամիլի գյուղից:
Ղափանլի գյուղի բնակիչ 56-ամյա Էլբրուս Թանրիվերդիևն արդեն 20 տարի մեղվաբուծությամբ է զբաղվում:
«Նայեք, որքան ծաղիկներ կան այստեղ, մեղուները դրանցից նեկտար են հավաքում: Մենք վաճառում ենք մեղրը, դա ինչ-որ չափով օգնում է ընտանիքին: Աշխատանքը դժվար չէ, մենք աշխատասեր մարդիկ ենք: Միակ դժվարությունը կայանում է նրանում, որ կրակոցները մեզ թույլ չեն տալիս աշխատել», — ասում է Թանրիվերդիևը:
Տերտերի շրջանի Ղարադաղլի գյուղի բնակիչ 78-ամյա Զիբեյդա Ալիևան մոտ 200 հավի ճուտ և 40 հնդկահավ ունի: «Ես չեմ կարող դրանց թողնել ու հեռանալ, ես գնում եմ հարևան գյուղ: Երբ կրակոցները դադարում են, վերադառնում եմ, որ հոգ տանեմ թռչունների մասին: Արդեն երկու ամիս է՝ այսուայնկողմ եմ գնում»:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
- 2016թ. հակամարտության գոտում սրացումը տևել է ապրիլի 2-ից 5-ը: Ապրիլի 5-ին կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է փոքր մասշտաբներով: Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է 27.05.2016