«Մենք մնացել ենք 2020-ում»
Ղարաբաղյան հակամարտություն
«Երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը զոհվել է, այնպիսի տպավորություն է, որ կրկին Էլսևերին են բերել։ Մինչ օրս չեմ հասկանում՝ ինչպես կարող էի դիմանալ դրան և չխելագարվել։ Ես էությամբ հանգիստ եմ, լուռ, չեմ կարողանում բարձրաձայն լացել։ Մարդիկ կան, որոնք կարող են ինչ-որ կերպ իրենց միջից հանել դա, բղավոցով ցավը սրտից հանել։ Իսկ ես ամեն ինչ մեջս եմ պահում։ Անընդհատ կրկնում եմ, որ մենք մնացել ենք 2020-ում։ Մեզ համար ոչինչ չի փոխվում։ Ուր էլ գնամ, հիշում եմ միայն այն ժամանակը, երբ Էլսևերը կենդանի էր։ Թե ինչպես էինք նրա հետ ինչ-որ տեղ գնում, ինչ էր նա ասում։ Եվ երբ տանը Ֆարիդի հետ ինչ-որ բանի շուրջ վիճում ենք, նա ասում է, որ, եթե Էլսևերը ողջ լիներ, սա կասեր, նա կասեր, այսինչ բանը կաներ»։
Դիլբեր Ախադզադեն ապրում է Զաբրաթ ավանում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ է ուղարկել իր երկու որդիներին։ Նրանցից մեկը չի վերադարձել։ Շրջանից Բաքու տեղափոխվելով և սեփական բնակարան չունենալով՝ Դիլբերն ապրել է հանրակացարանի երկու սենյակներում՝ առանց նորմալ պայմանների։ Այնտեղ էլ մեծացրել է որդիներին։ Իսկ ավագ որդու մահից հետո պետությունը նրան տրամադրել է նոր լուսավոր երկսենյականոց բնակարան։ Այդ բնակարանի յուրաքանչյուր անկյունում, դռան շեմից սկսած, մայրը կախել է Էլսևերի լուսանկարներն ու նրան հիշեցնող մյուս իրերը։ Նրա միակ ուրախությունն այժմ որդի Ֆարիդն է, որը վիրավորվել է պատերազմում, և պատերազմից շատ առաջ կաթված ստացած ամուսինը, որն, ինչպես նա հույս ունի, մի օր կապաքինվի։
Զաբրաթ ավանը Բաքվից 30 կմ հեռավորության վրա է։ Այստեղ տներ են կառուցվել այն ընտանիքների համար, որոնք բռնի տեղահանվել են ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով։ Սակայն հիմա ենթադրվում է, որ բռնի տեղահանվածները պետք է Ղարաբաղ վերադառնան, այնպես որ, բնակեցման գործընթացը դադարեցվել է, և բնակարանները սկսել են որպես փոխհատուցում տրամադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների և վետերանների ընտանիքներին։
Փողոցի երկայնքով շարքով փակցված են զոհերի լուսանկարները՝ զինվորական համազգեստով ժպտացող երիտասարդներ։ Այն բազմաբնակարան շենքերի բակերը, որոնցից, կարծես աչքից հեռու, կառուցված է այս յուրօրինակ «ավանը», դատարկ են ու լուռ։
«Սեպտեմբերի 21-ին զանգահարեցին զինկոմիսարիատից, — պատմում է Դիլբերը։ — Էլսևերն աշխատավայրում էր, զանգահարեցին նրա հորը։ Հեռախոսը ես վերցրի։ Ասացին, որ Էլսևերը շտապ ներկայանա զինկոմիսարիատ։ Երեկոյան Էլսևերը մի քիչ սպասեց եղբորը, որ հրաժեշտ տա նրան։ Շատ էր նրան սիրում։ Սակայն Ֆարիդն ավելի երկար էր աշխատավայրում մնացել, Էլսևերն արդեն ուշանում էր, էլ չէր կարող սպասել և գնաց»։
Դիլբերը սկսում է հեկեկալ և անմիջապես կրտսեր որդուն խնդրում է․
-Ֆարիդ, դուրս արի։
Ձեռքի ափերն է միմյանց շփում, մաքրում արցունքները, մեջքն ուղղում։
«Չեմ կարողանում արտասվել նրա ներկայությամբ։ Նա էլ ինձ մոտ չի արտասվում։ Երկու տարի է անցել, իսկ ինձ թվում է, թե ամեն ինչ երեկ է եղել։ Նրան տարել են զորավարժությունների անվան տակ։ Էլսևերը մեկ շաբաթ է անցկացրել Բաքվում, հետո նրան ճակատ են ուղարկել։ Նույն շաբաթ Ֆարիդին էլ են տարել՝ ամսի 29-ին։ Ֆարիդին ինքս եմ ճանապարհել»։
Ղարաբաղյան երկրորդ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Ղարաբաղի մի հատվածի և հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Արյունալի մարտերում երկու կողմերն էլ բազմաթիվ կորուստներ են ունեցել։ Դրան հետևած ժամանակահատվածում երկու երկրները դեռևս չեն կարողացել խաղաղություն կնքել։
Այն մասին, որ իր որդին առաջնագծում է, Դիլբերը չի իմացել մինչև նրա զոհվելը։
«Էլսևերի հետ ամեն օր խոսում էի, և նրա մահվան օրը՝ վաղ առավոտյան, նույնպես։
«Աղոթեք մեզ համար», — ասաց նա։ Էլսևերն անհանգստանում էր Ֆարիդի համար։ Ուզում էր, որ նա վերադառնա։ 24-ի երեկոյան Էլսևերին բերեցին։ Մարդիկ հավաքվել էին միջանցքում։ Հարևաններին ասել էին, որ նրանք ինձ ասեն, բայց ոչ ոք չէր կարողացել։ Տնից դուրս գալիս տարօրինակ զգացողություն ունեցա․ բոլորն ինձ են նայում, ես հարցեր եմ տալիս, ոչինչ չեն պատասխանում, դա ուղղակի խելքահան է անում։ Հետո ինչ-որ մեկն ասաց, որ Էլսևերը վիրավոր է։ Ես պատասխանեցի, որ, եթե վիրավոր լիներ, նրան ոչ թե այստեղ կբերեին, այլ հիվանդանոց կտանեին։
Երբ ամուսինս լացի ձայն լսեց, մենք սկզբից նրան ասացինք, որ որդին վիրավոր է։ Հետո երբ սկսեցինք որոշել, թե որտեղ թաղել նրան, ամուսինս ամեն ինչ հասկացավ, և նրա վիճակն էլ ավելի վատթարացավ։ Իսկ Ֆարիդն իմացավ արդեն այն բանից հետո, երբ պատերազմից վերադարձավ։ Ահա այդպես միմյանց խաբում էինք, թաքցնում։ Այսօր Շահիդների ծառուղի էի գնացել, որտեղ Էլսևերը թաղված է, բոլոր մայրերն այնտեղ էին։ Մենք չենք կարող հարմարվել սրան, չենք կարող համակերպվել»։
Դիլբեր Ախադզադեի սփոփանքը նրա կրտսեր որդին է՝ Ֆարիդը։ Նա Աստծուն շնորհակալ է, որ որդին, թեև վիրավորվել է, պատերազմից ողջ է վերադարձել։ Իսկ հիշելով, թե ինչ դժվարությամբ է նա իր երկու որդիներին մեծացրել հանրակացարանի երկու սենյակում՝ նա զգում է այդ ջանքերի անիմաստությունը։
«Էլսևերը, երբ փոքր էր, շատ էր լաց լինում։ Բայց նաև չարաճճի էր։ Ինձ անընդհատ գալիս-բողոքում էին նրանից։ Նա սնզուսպ երեխա էր։ Բայց՝ դաստիարակված։ Ես ու որդիներս ընկերներ էինք, երբեք նրանց չեմ սպառնացել, չեմ ծեծել։ Ոչ ես, որ հայրը։ Այդ պատճառով էլ նրանք ինձ ամեն ինչ պատմում էին։ Ափսոս, որ ճակատագիրն այդպես դասավորվեց։ Նա շատ ձգտող էր, ինստիտուտ ընդունվեց։ Մեծացավ, դարձավ զուսպ, ազնիվ մարդ։ Նա ընկերներ քիչ ուներ, բայց նրանք բոլորն էլ Էլսևերի նման էին»։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկինի պես պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Դիլբերն ասում է, որ ինչ-որ մեկի զոհվելու մասին լուրը կարծես խառնի իր սեփական վերքերը։
Էլսևերն ու Ֆարիդ Ախադզադեն զինվորական ծառայություն են անցել միևնույն զորամասում։ Մայրն ասում է, որ Ֆարիդն առանձնապես դժվար է տանում եղբոր բացակայությունը․
«Ֆարիդի համար շատ ծանր է։ Մեզ չվշտացնելու համար նա չի արտասվում, զսպում է իրեն։ Իսկ երբ պատերազմի մասին խոսք է գնում, այնպես է խոսում, կարծես հանգստավայր էր մեկնել։ Բայց ես գիտեմ, որ նա էլ է արյուն տեսել, ընկերներ կորցրել։ Վերջերս նրանք ընկերներով հավաքվել էին նրա ծննդյան օրը նշելու։ Նրանք Էլսևերի հետ միշտ մի բան էին պատրաստում միմյանց համար ծննդյան օրերին։ Երեկո էր։ Ես նրա սենյակ մտա և տեսա, որ արտասվում է։ Միայն կարողացավ ասել՝ մայրիկ, գնա։ Դա միակ անգամն էր, որ նրան արտասվելիս տեսել եմ։ Նրան մենակ թողեցի, որ կարողանա սիրտը թափել, հանգստանալ։ Ես գոնե տանը լալիս եմ, երբ նա աշխատանքի է գնում։ Իսկ նա մեր պատճառով չի կարող դա անել։ Գերեզման առանձին-առանձին ենք գնում»։
Դիլբերը մտածում է, որ զոհերն անիմաստ էին, եթե խաղաղություն, միևնույն է, կնքված չէ, և հակամարտությունը շարունակվում է․
«Ճիշտ է, ցրում եմ այս մտքերս։ Բայց չէ՞ որ որդիս կողքս նստած էր և ոչ ոքի ոչինչ չէր անում։ Չեմ ստի, եթե կրկին պատերազմ սկսվի, Ֆարիդին ճակատ չեմ ուղարկի։ Էլսևերն, առանց այն էլ, կյանքի օրոք դրախտի էր արժանի, դրա համար պետք չէր երիտասարդ մահանալ։ Եվ գնաց՝ մեզ թողնելով իր երազանքները։ Այդքան տարի հանրակացարանում էինք ապրում, նա այնքան էր ուզում, որ սեփական բնակարան ունենանք, և ահա, ես ապրում եմ նրա բնակարանում»։
Երբ մեր զրույցն ավարտվում է, Դիլբերը սենյակ է կանչում իր կրտսեր որդուն, թեյ լցնում, պատմում, որ Ֆարիդը պատրաստվում է բուհ ընդունվել։ Ֆարիդը խոսում է այն մասին, որ քննությունները դժվար են, բայց դիպլոմը կարևոր է աշխատանք գտնելու համար։
Ինձ ճանապարհելիս Դիլբերն ասում է, որ այդ ավանում պատերազմում զոհվածների և վետերանների ընտանիքները շատ չեն։ Հետո իմանում եմ, որ մյուս տները վաճառքի են հանված։ Այստեղ երեկոյան էլ է լուռ։ Թեև բակերը վառ լուսավորված են, շենքերում լույս կա միայն մի քանի պատուհաններում։