Մեկնաբանություն. փրկել Միշկային
Երբ ինձ հարցնում են, թե ինչն է ինձ այդքան դուր գալիս Թբիլիսիում ապրելու մեջ, ես մի փոքր զուգահեռներ եմ անցկացնում իմ սեփական երկրի հետ: Ես հաճախ ասում եմ, որ բրիտանական մշակույթն ինձ ավելի հոգեհարազատ է, համենայնդեպս, դրա փիլիսոփայությունը. իսկական փաբի մթնոլորտն այնքան է գերազանցում վրացական կերուխումի ոգին, որ դրանք համեմատելի էլ չեն; խոսքի ազատությունն ու այլոց հանդեպ հանդուրժողականությունը շատ ավելի բարձր է միջնադարյան արժեքներից և սեփական ընտանիքին խուճապային նվիրվածությունը; երիտասարդներն այնքան ազատ են, որ քսանամյաներն իրենց այնպես չեն պահում, ինչպես տասներկուամյաները:
Այնուամենայնիվ, ես մշտապես հարգանքի տուրք եմ մատուցում վրացական ոստիկանությանն ու առողջապահությանը, հատկապես բրիտանականի հետ համեմատած: Վերջիններիս ձախողումների մասին պատմությունները թերևս թողնեմ այլ ամելի մանրամասն զրույցի համար: Խնդրում եմ միայն հավատալ, որ անգլիացի ոստիկանները հաճախ կանչին չեն գալիս իրենց սակավաթվության պատճառով, իսկ անգլիացի բժիշկները մեղավոր են շատ սխալ ախտորոշումների և մահացու ելքերի համար:
Երեկ, սակայն, վրացական ոստիկանության հանդեպ իմ հավատին լրջագույն հարված հասցվեց:
Իմ ընկեր Միշկա Մգալոբլիշվիլին կալանավորվեց ամֆետամինի պահպանման մեղադրանքով: Միշկան Թբիլիսիում հայտնի ռեփեր է, և, ինչպես ինձ հայտնի է դարձել, դատախազությունը պնդում է, որ ամֆետամինների օգտագործումը տիպիկ երևույթ է ռեփի սիրահարների շրջանում:
Կարդալով սոցցանցերում այն մարդկանց մեկնաբանությունները, որոնք հեշտությամբ ներշնչվում են և վստահում ոստիկանների ցանկացած ասածին՝ ես հասկացա, որ արևմտյան մշակույթի վնասաբերության մասին այդ դատողություններն իրենց լսարանն են գտնում:
Փաստեր չեն հաղորդվում, և ես կցանկանայի լրացնել այդ բացը:
Մի քանի օր առաջ Միշկան ու նրա բեմի գործընկեր Քեյ Ջին երգիծական տեսանյութ են նկարահանել, որը մեղադրանքներ է պարունակում ոստիկանների հասցեին: Վրացական մշակույթն ակնհայտորեն պատրաստ չէ երգիծանք ընկալել, քանի որ շուտով Միշկան սպառնալի անանուն զանգ ստացավ՝ տեսահոլովակը ջնջելու պահանջով: Հաջորդ օրը տուն վերադառնալիս նրան կանգնեցրին ոստիկանները, որոնք նրա մոտ ամֆետամին «հայտնաբերեցին» և կալանավորեցին նրան:
Ես ռեփի սիրահար և թբիլիսիյան համերգների մշտական հանդիսատես չեմ. Միշկայի հետ մենք հաճախ մարզադահլիճում ենք հանդիպում: Նա առողջ ապրելակերպի կողմնակից է, հետաքրքրվում է բոդիբիլդինգով: Մեր վերջին զրույցը դիետայի մասին էր, որ թույլ է տալիս պահպանել պրոտեինի բարձր մակարդակ ածխաջրերի և ալկոհոլի նվազագույն օգտագործման պարագայում: Այնքան էլ տիպիկ թեմա չէ թմրամոլի համար:
Միշկային մերժել են գրավով բաց թողնել, քանի որ նրա քաղաքացիական կինը՝ Էրիկա Քոփլենդը (նրանք փոքր երեխա ունեն), ԱՄՆ քաղաքացի է, և, դատախազության կարծիքով, նա փորձում է թաքնվել այդ երկրում: Էրիկան օգնության է դիմել Բերա Իվանիշվիլիին՝ Բիձինա Իվանիշվիլիի որդուն, որին Միշկան ճանաչում է, քան որ նրանք երկուսն էլ ռեփերներ են: Այդ դիմումը դեռևս անպատասխան է մնում:
Ես երբեք թմրանյութեր չեմ օգտագործել, սակայն շատերին գիտեմ, ովքեր նման բան արել են, այդ թվում՝ Վրաստանում: Վրացիներն ու օտարերկրացիները հաճախ բողոքում են մարիխուանայի ցածր որակից և այլ թմրանյութերի անհասանելիությունից, սակայն, ինչ էլ լինի, Միշկային կալանավորելու համար ընտրված ժամանակը, խոսում է նրա օգտին:
Եթե ներքին գործերի և արդարադատության նախարարություններում ոչ ոքի համար կասկածելի չթվա այն փաստը, որ ոստիկանները Միշկային կանգնեցրել են հենց այդ տեսահոլովակից հետո (և նրա հասցեին սպառնալիքներից հետո), ապա Վրաստանը լիովին կարող է հրաժարվել Եվրոպային պատկանելու իր հավակնություններից:
Ես արդեն գրել եմ, որ Թբիլիսիի կողմից Բրյուսելի պահանջների ֆորմալ կատարումն այն պայմաններում, որ ոչինչ ըստ էության չի փոխվում, ուղի չէ, որը տանում է դեպի քաղաքակիրթ աշխարհ: Միշկայի կալանավորումը տեղի է ունեցել այն բանից երկու շաբաթ անց, երբ ընդդիմադիր ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիում և հայտնաբերվել Բաքվում: Վրացական կառավարույթունը հերքում էր իր մասնակցությունը, մնում է միայն դրանում համոզել մնացած բոլորին:
Ես դավադրության տեսության կողմնակից չեմ, սակայն Միշկայի կալանքը և Մուխտարլիի դեպքը ստիպում են մտածել այն մարդկանց իրավացիության մասին, որոնք պնդում են, թե Վրաստանը վերադառնում է դեպի Սահակաշվիլիի ժամանակաշրջան՝ դրա ոստիկանական ամենաթողությամբ և ավտորիտարիզմով: Ոստիկանության գործողություներն ակնհայտ վստահություն չեն առաջացնում, իսկ կառավարությունը դեռևս ոչ ոքի պատասխանատվության չի ենթարկել: Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ը միջոցներ ձեռնարկեին՝ թեկուզ ամենախիստը, արևմտյան աշխարհին Վարստանի ինտեգրացիան սառեցնելու նպատակով, մինչև որ կառավարությանը հնարավոր լինի վստահել, իսկ երկիրն ազատվի կոռումպացված ոստիկաններից, որոնք իրենց փառասիրության համար պատրաստ են երկու ընտանիք քանդել:
Միշկայի ընտանիքն այժմ միջոցներ է հավաքում փաստաբանների համար: Նրանց կարելի է օգնել այստեղ՝
https://www.youcaring.com/mishkamgaloblishvili-844977 :
Թիմ Օգդեն, բրիտանացի լրագրող, որն ապրում և աշխատում է Թբիլիսիում