Մեկնաբանություն. փանչեր Պուտինը
Վրաստանը քննադատում է, ՆԱՏՕ-ն խոժոռվում. իբր նրան չի կարելի առանց Թբիլիսիի թույլտվության Աբխազիա այցելել: Արձագանքը բավականին կանխատեսելի է, ինչպես օգոստոսյան եղանակն Աբխազիայում, և հեռու իրականությունից, ինչպես Անտարկտիդայի սառույցները:
Կա վարկած, որին համաձայնում են և արևմտամետները, և ռուսամետների մի մասը. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պիցունդա է այցելել, որպեսզի չզիջի փոխնախագահ Մայք Փենսի վերջերս կատարած այցին Վրաստան: Եվ նույնիսկ այս վարկածն է ինձ մոտ մի փոքր ժպիտ առաջացնում իր միամտության աստիճանով:
Այդ իր նախագահության առաջին կամ ծայրահեղ դեպքում երկրորդ ժամկետին Պուտինը կարող էր ահա այդպես երեխայի պես արձագանքել այս կամ այն ամերիկյան թեկուզև շատ բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններին:
Սակայն ոչ հիմա, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարանջատման գիծը կայուն ուրվագծեր է ձեռք բերել, իսկ Պուտինը 17 տարում հարմարվել է ազգի առաջնորդի դերին, ընդ որում՝ մի փոքր էլ հոգնել ավելորդ իրարանցումից: Այժմ ոչ մի Մայք Փենս ունակ չէ չափազանց շատ էմոցիաներ առաջացնել, հատկապես՝ ուշադրությունը շեղել նախագահական կյանքի սովորական ընթացքից:
Օգոստոսի 8-ը Վլադիմիր Պուտինի համար սրբազան ամսաթիվ է: Քանի որ ուղիղ 9 տարի առաջ նա սկսեց էլ բռնցքամարտ «չխաղալ»՝ սովորականի պես խուսափելով միշտ ժպտացող հակառակորդի վիրավորական հարվածներից, նա հանկարծ մենամարտի կեսից որոշեց փոխել ոճն ու փանչեր դառնալ: Այսինքն դառնալ բռնցքամարտիկ, որը մենամարտում հույսը դնում է ոչ թե տեխնիկայի, իր ոտքերի և ձեռքերի արագության, այլ հարվածի ուժի վրա, այն հարվածի, որը ջախջախում է հակառակորդին:
Եվ, կարծում եմ, նրան էլ է դուր գալիս փանչերի այդ դերը: Այլապես նրա զբաղված, երկար ժամանակահատվածի համար լրացված գրաֆիկում օգոստոսի 8-ը չէր նշվի հատուկ ամսաթվերի շարքում:
Նրա այցերը Հարավային Օսիա և Աբխազիա, որպես կանոն, կապված են օգոստոսի 8-ի հետ: Կարելի է ի վերջո գուգլել և հետևել Վլադիմիր Պուտինի տեղաշարժին և հասկանալ, որ Մայք Փենսն այստեղ կապ չունի:
Ես նույնիսկ վստահաբար կարող եմ պնդել, որ Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմի տասներորդ տարելիցը նա սովորականի պես Կովկասում կդիմավորի՝ Ցխինվալում: Անգամ եթե դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի Վրաստան այցելելու մասին, իսկ հետո չեղարկի այն «չեմ ուզում սրել առանց այդ էլ բարդ ռուս-ամերիկյան հարաբերությունները» պատճառաբանությամբ, Վլադիմիր Պուտինը, միևնույն է, կայցելի Հարավային Օսիա:
Եվ կրկին այն պատճառով, որ օգոստոսի 8-ին նա փանչեր է դարձել: Այդպիսի ոճի բռնցքամարտիկը կարող է իհարկե մի երեկո էլ բալետի գնալ: Սակայն ոչ ոքի մտքով չի անցնի, որ նա թատրոն է գնացել, որովհետև սիրում է բալետը:
Այդպես էլ Պուտինը. Մեծ թատրոնում նրան կարելի է տեսնել, սակայն ցանկացած այլ երեկո և առանց դա կապելու այն բանի հետ, թե իբր նա շատ լավ է հասկանում այդ արվեստից:
Օգոստոսի 8-ի երեկոյան՝ այն օրը, երբ նրա մեջ ծնվեց ջախջախիչ հարվածով մաչոն, նա կարող էր նվիրել բացառապես ըմբշամարտիկների մրցաշար գնալուն:
Այսինքն, Աբխազիա այցելելուց հետո, որի հետ այսպես թե այնպես կապված է Պուտինի պահվածքի ոճի փոփոխությունը, նա չէր կարող գնալ ոչ կինո, ոչ թատրոն, ոչ անգամ իր սիրած ձկնորսության, այլ ըմբշամարտի, որտեղ իսկական արյունը միախառնվում է քրտինքին, իսկ փշրվող ոսկորների ձայնը գրգռում է ավելի շատ, քան երկարոտն գեղեցկուհին:
Մի խոսքով, այդ օրը Վլադիմիր Պուտինն անցկացրել է հենց այնպես, ինչպես նախապես և պատկերացնում էր, և ինչպես պետք է անցկացներ իրական փանչերը, որը չի նկատում ուրիշների հարվածները, այլ հույսը դնում է միայն իր հարվածի վրա:
Ինչ-որ մեկին Պուտինը շատ է դուր գալիս, ինչ-որ մեկին էլ, ընդհակառակը, նյարդայնացնում: Եվ դա նրանից է, որ նա փանչեր է:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի