Մեկնաբանություն. ինչո՞ւ արևմտյան երկրներից ռուս դիվանագետների վտարումն այնքան էլ չի հուզում Կրեմլին
Վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս մի քանի երկրներ ընդհանուր առմամբ 139 ռուս դիվանագետ են վտարել: Դա կապված է անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
The New Yorker-ի հրապարակման հեղինակ, լրագրող Ջոշուա Յաֆան կարծում է, որ դիվանագտներին արտաքսելը բացառապես սիմվոլիկ ժեստ է, որն իրապես ոչ մի լուրջ հետևանք չի կրում: Կրեմլի համար այս իրավիճակում լուրջ խնդիր կարող է դառնալ միայն Արևմուտքի երկրների գործողությունների սինխրոնիզացիան:
Կրեմլը հույսը դրել է արևմտյան երկրների միջև տարաձայնությունների վրա
Ռուսական իշխանությունների հիմնական արտաքին քաղաքական խնդիրը վերջին տարիներին արևմտյան երկրների առկա միությունները քանդելն ու նորերի կազմավորումը թույլ չտալն է, գրում է Ջոշուա Յաֆան: Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, Ռուսաստանն աջակցում էր Բրեքսիթին և ԱՄՆ նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Թրամփն, ըստ ռուսական իշխանությունների, կարծում է հոդվածի հեղինակը, կարող էր նպաստել արտաքին աշխարհից ԱՄՆ մեկուսացմանը, ինչը Ռուսաստանին ձեռնտու կլիներ:
The New Yorker-ի հեղինակը կարծում է, որ ՌԴ նախագահի շրջապատի մարդիկ նախկինի պես Թրամփի հետ հույսեր են կապում: Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ի բոլոր հակառուսական գործողությունները Թրամփի կողմից հաստատվում են միայն նրա վրա վարչակազմի գործադրած ճնշման պատճառով:
Երկու եզրակացություն կա. Եվրոպան կարող է միավորվել, սակայն ոչ ամբողջապես: Եվ այստեղ Մոսկվայի համար ռեսուրս կա
Սկրիպալի գործի շուրջ Արևմուտքը ցուցադրաբար կոնսոլիդացվեց. ռուս դիվանագետներին վտարելու մասին հայտարարեցին և ԱՄՆ-ն, և Եվրամիության 16 երկիր:
Սակայն ոչ բոլոր եվրոպական երկրները գնացին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով:
Այսպես, օրինակ, Հունաստանը սատարեց Մեծ Բրիտանիային Սկրիպալի թունավորման համար ռուսական իշխանություններին մեղադրելու հարցում: Սակայն երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարեց, որ դեռևս չի պատրաստվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Ավստրիայի իշխանությունները նույնպես պատրաստ չէին Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնել, նրանք հայտարարեցին, որ իրենց երկրի խնդիրն «Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ կառուցելն է»:
Անհրաժեշտ է ստուգել եվրոպական բանկերում ռուս գործարարների և պաշտոնյաների հաշիվները
Ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումը Ռուսաստանի համար լուրջ խնդիր չէ, կարծում է հոդվածի հեղինակը: Կրեմլը պատասխան պատժամիջոցներ կկիրառի, կվտարի եվրոպական, ամերիկյան և կանադական դիվանագետներին, և դրանով ամեն ինչ կավարտվի: Ռուսական պրոպագանդան դեռ երկար կարող է օգտվել այդ իրավիճակից և խոսել Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի անարդար վերաբերմունքի մասին:
Միաժամանակ, ըստ Ջոշուա Յաֆայի, Կրեմլը կշարունակի փորձել պառակտել Եվրամիությունը և խոչընդոտել Արևմուտքի կոնսոլիդացմանը:
Սակայն ռուսական իշխանություններին այնքան էլ շատ լծակներ չեն մնացել, որոնցից նրանք կարող են օգտվել: Եվ արևմտյան երկրները պետք է դա գիտակցեն, որքան հնարավոր է, շուտ:
Ջոշուա Յաֆայի կարծիքով՝ իրական պատժամիջոցները, որոնք կարող են ռուսական կառավարությանը մեծ վնաս հասցնել, ռուս գործարարների և պաշտոնյաների հաշիվների ստուգումն է, որոնցից շատերն են իրենց փողերը եվրոպական բանկերում պահում:
Այդ փողերի ծագման օրինականության պարզումը կարող է լուրջ հարված հասցնել Վլադիմիր Պուտինի շրջապատին: Առաջին հերթին, դա կարող է անել Մեծ Բրիտանիան, քանի որ հենց այդ երկրի բանկերի հաշիների վրա է պահվում ռուսական փողերի հսկայական քանակ:
Ինչո՞ւ Եվրոպան մինչև հիմա նման բան չի արել
Քանի որ այդպիսի միջոցները բացասաբար կանդրադառնան ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նրանց վրա, ովքեր նման պատժամիջոցներ կկիրառեն: Լոնդոնը, որը վերջին ժամանակներս կորցնում է միջազգային ֆինանսական կենտրոնի կարգավիճակն, ըստ ամենայնի, դեռ պետք է ապացուցի, որ պատրաստ է կորցնել ռուսական կապիտալը: