«Մեծ համաներումն» Ադրբեջանում հիասթափություն է առաջացրել
Վաղուց սպասված «մեծ համաներումը», որը նվիրված է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, հասարակությունում բացահայտ հիասթափություն է առաջացրել: Չնայած որ նախագահ Ալիևը ներում է շնորհել 634 բանտարկյալի, այդ ցուցակում ավելի քան 140 քաղբանտարկյալներից ընդամենը 12 մարդ կա: Ընդ որում, նրանցից շատերի ազատազրկման ժամկետն առանց այդ էլ ավարտին էր մոտենում:
Համաներման մասին սկսել էին խոսել դեռևս տարվա սկզբին խորհրդարանում, ընդ որում, մի քանի պատգամավոր՝ իշխող կուսակցության առաջնորդներ: Օրինակ, «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը կոչ էր անում ազատ արձակել Ղարաբաղում կռված բանտարկյալներին, «ընդդիմության վատ ազդեցության տակ ընկած երիտասարդ ակտիվիստներին»:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպանության միավորման նախագահ Նովելա Ջաֆարօղլուն ասում էր.
«Մենք վստահ ենք, որ շուտով Ադրբեջանում ոչ մի քաղբանտարկյալ չի մնա»:
Սակայն համաներումը չտարածվեց.
- ղարաբաղյան պատերազմի վետերանների, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկների վրա (դատապարտվել են զմահ ազատազրկման պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով),
- «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վրա (դատապարտված է 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով),
- «հուշարձանի գերիների»՝ երիտասարդ ակտիվիստների վրա, որոնք քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա. Գիաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին 10 տարվա ազատազրկման են դատապարտել թմրանյութերի տարածման մեղադրանքով,
- հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլիի վրա, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության և սահմանի ապօրինի հատման համար,
- Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի վրա, որին 4 տարվա ազատազրկման են դատապարտել մաքսանենգության մեղադրանքով
և շատ այլ հայտնի դատապարտյալների վրա, որոնք ներառված են իրավապաշտպան կազմակերպությունների քաղբանտարկյալների ցուցակում:
Համաներված քաղբանտարկյալների թվում են հիմնականում կրոնական ակտիվիստները, որոնք դատապարտվել են Նարդարան ավանում անկարգությունների կազմակերպման համար:
Ինչպես նաև «հիջաբի գերիները», որոնք բողոքում էին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:
Ազատ են արձակվել նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլնուր Ֆարաջևը, որը բանտարկվել էր 2017 թ-ի մայիսին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, և շաքարախտով հիվանդ գրող Սադայ Շեքերլին, որը դատապարտվել էր 2015թ-ի դեկտեմբերին սպառնալիքների միջոցով դրամաշորթության համար:
Իրավապաշտպաններից շատերը չեն թաքցնում իրենց հիասթափությունը համաներվածների ցուցակի կապակցությամբ: Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևը «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է. «Քաղբանտարկյալների մեր ցուցակում ներառված մոտ 150 մարդ դեռ բանտում է»:
Նա հավելել է, որ իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորել քաղբանտարակյալների խնդիրները լուծելու համար:
«Արտահերթ նախագահական ընտրությունների ողջ ընտրարշավի ժամանակ «մեծ համաներման» նախապատրաստման պատրանք էր ստեղծվում: Պարբերաբար նիստ էր անցկացնում համաներման հարցերի հանձնաժողովը, տեղեկատվության «արտահոսք» էր կիրառվում, թե իբր իշխանությունները մեկընդմիշտ լուծելու են քաղբանտարկյալների հարցը՝ միջազգային քննադատությանը վերջ դնելու համար: Եվ ահա այսօր պարզվում է, որ այդ ամենը խաբեություն էր: Համաներման տակ ընկած 12 քաղբանտարկյալներից չորսի ազատազրկման ժամկետի լրանալուն ընդամենը մեկ շաբաթ էր մնում», — Գյուլալիևի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»: