«Մեդիայի մասին օրենքն» Ադրբեջանում․ արդյո՞ք ավելի դժվար է լինելու Ղարաբաղի մասին խոսելը
«Մեդիայի մասին» ադրբեջանական նոր օրենքն անկախ լրագրողներն ընկալում են որպես ձայնի իրավունքից իրենց վերջնականապես զրկելու փորձ։ Իսկ ինչպե՞ս այն կազդի Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման վրա, որը նախկինում էլ հեշտ ու անվտանգ գործ չէր։
Ադրբեջանի կառավարությունն իրեն իրավունք է վերապահում լիովին վերահսկելու մեդիաոլորտը, ինչպես պահանջում է «Մեդիայի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտնելու նախագահի ստորագրելուց անմիջապես հետո։
Այսպես, օրինակ, պլանավորվում է լրագրողների և մեդիակառույցների ռեեստրի ստեղծում և լրագրողական գործունեության հավաստագրի տրամադրում։ Միջազգային և տեղի շատ փորձագետներ դա համարում են գրաքննության օրինականացում և կանխատեսում են, որ օրենքն էլ ավելի է սահմանափակելու խոսքի ազատությունը երկրում։
Այթան Ֆարհադովա, լրագրող․
«Նոր օրենքը թակարդ է անկախ լլրագրողների և, առաջին հերթին, նրանց համար, ովքեր լուսաբանում են հակամարտությունը։
Դա միշտ բարդ և վտանգավոր ոլորտ է եղել։ Ընդ որում, բարդություններ ստեղծում էր ոչ միայն անմիջականորեն իշխանությունը։ Ահա, օրինակ, 2016 թ-ին ես հարցազրույց եմ վերցրել մի տղայի ընտանիքից, որին անօրինականորեն բանակ էին տարել (նա օբյեկտիվորեն ենթակա չէր զինվորական ծառայության)։ Նա հայտնվել էր շփման գծում և զոհվել։
Այդ նույն փուլում Հայաստանում զինվորների մայրերը բողոքում էին ճակատում տեղի ունեցող մահերից։ Հարցազրույցի ժամանակ ես այդ զոհված տղայի մորից հարցրի, թե արդյո՞ք ուզում է որևէ հակապատերազմական կոչ անել։ Միանգամից բոլոր տնեցիներն ինձ վրա հարձակվեցին։ Սկսեցին հարցնել, թե ով է ինձ ուղարկել, պահանջեցին իրենց մասին ոչինչ չգրել։ Նրանց աչքերում ես սադրիչ էի։
Իսկ հիմա՝ օրենքի ընդունումից հետո, որն անկախ լրագրողների գործունեությունն ապօրինի է դարձնում (չէ՞ որ ոչ ոք մեզ հավաստագիր չի տա, սա պարզ է), նմանատիպ ցանկացած կոնֆլիկտ լրագրողի համար կարող է ավարտվել ձերբակալությամբ։
Մի խոսքով, եթե մինչ օրս հակամարտությունը լուսաբանելիս անկախ լրագրողներն ու մեդիան բարակ սառույցի վրայով էին քայլում, ապա այժմ այդ սառույցը է՛լ ավելի է բարակել, և նրանք ավելի իրավազուրկ են դարձել։
Մյուս կողմից, իմ տպավորությամբ, պատերազմից հետո այդ թեման լուսաբանող լրագրողները պակասել են։ Պակասել են նաև նրանք, ովքեր մտքեր էին հնչեցնում, որոնք տարբերվում են պետության պաշտոնական դիրքորոշումից։
Եվ, ընդհանրապես, պատերազմից հետո իրավիճակը շատ է փոխվել։ Սա արդեն այն հակամարտությունը չէ, որին սովոր ենք։ Եվ լուսաբանման համար այժմ պահանջվում է բոլորովին նոր ձևաչափ, սակայն ոչ ոք դեռ չի մտածել՝ ինչպիսի»։
Հուսեյն Իսմայիլբեյլի, տարածաշրջանային նախագծի խմբագիր․
«Ներկա պահին ամենանհաղթահարելի խնդիրը, որը դրված է հակամարտության լուսաբանմամբ զբաղվող անկախ լրագրողների առջև, այցերն են ազատագրված տարածքներ։
Մենք այնտեղ հայտնվելու շանսեր գրեթե չունենք։ Պաշտոնապես, «հասարակ մահկանացուների» համար այցերն արգելված են այն պատճառով, որ այդ տարածքները դեռ ականապատված են։ Այցերը կազմակերպում են բացառապես իշխանությունները, որոնք այնտեղ են տանում միայն իշխանամետ մեդիակառույցների լրագրողներին։
Եվ նոր օրենքն այս իրավիճակը չի վատթարացնի, որովհետև էլ տեղ չկա։
Դժվարություններ կարող են առաջանալ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալու պարագայում։ Սակայն, կրկին, այդ խնդիրները նախկինում էլ կային։ Օրինակ՝ հարցումների դեպքում, որոնք անկախ լրագրողներն ուղարկում են տարբեր կառույցներ։ Այդ հարցումները նախկինում էլ գրեթե միշտ անտեսվում էին, իսկ այժմ, հնարավոր է, դա անեն արդեն «օրինական» եղանակով։
Իսկ ռեեստրում չներառվելով՝ անկախ լրագրողները փաստացի վերածվում են շարքային քաղաքացիների՝ առանց լրագրողական իրավունքների և առավելությունների։
Եվ այժմ արդեն հազիվ ստացվի փողոցներում հարցումներ անել ղարաբաղյան թեմայով։
Սակայն նրանց համար, ովքեր իրենց տանը համակարգչի դիմաց նստած վերլուծություն են անում, նոր օրենքը բացարձակապես ոչինչ չի փոխի։
Չեմ կարծում, որ անկախ լրագրողները, որոնք զբաղվում են հակամարտության լուսաբանմամբ, սկսեն խուսափել որևէ բան գրել, որը հակասում է այդ հարցով իշխանության պաշտոնական դիրքորոշումից։
Իմ խմբագրական պրակտիկայում ես բախվել եմ այլ խնդրի․ լրագրողներն իրենք երբեմն պարզապես ի վիճակի չեն հարցերին անաչառ նայել համատարած պետական քարոզչության պատճառով»։
Ասաֆ Գուլիև, լրագրող․
«Այս նոր օրենքում ոչ մի նոր բան չկա, քանի որ այն պարզապես օրինականացնում է վաղուց ստեղծված իրավիճակը։
Շատ ավելի վատ է այն, որ Ադրբեջանում շատ քիչ են լրագրողները, որոնք մասնագիտացված են հակամարտության թեմայով և լավ են տիրապետում դրան։
Բնականաբար, դա շատ բարդ թեմա է։ Ճշմարտությունը հաճելի չէ ո՛չ հասարակությանը, ո՛չ պաշտոնական կառույցներին։ Հակամարտության մասին գրողների մեծ մասը կենտրոնացած է «թշնամու կերպարի մերկացման» վրա։ Իրադարձությունների անաչառ արտացոլումը երկրորդ պլան է մղվում։ Դրա համար պետք է տեղեկությունների այլընտրանքային աղբյուրների հասանելիություն, իսկ ադրբեջանցի լրագրողների համար այդ հասանելիությունը շատ սահմանափակ է։
Որքանով ինձ հայտնի է, ոչ մի ադրբեջանական լրատվամիջոց, բացառությամբ արտասահմանից ֆինանսավորվողների, տեղեկությունների աղբյուր չունի Հայաստանում և Ղարաբաղի հայերի շրջանում։ Որովհետև պաշտոնական շրջանակները չեն ուզում։
Տխուր է, որ հիմա էլ՝ պատերազմից հետո, ադրբեջանական լրագրությունում գերիշխում են նախկին կարծրատիպերը։ Միայն մարգինալների մի փոքր խումբ է խաղաղության կոչ անում, սակայն նրանք բավականաչափ կոմպետենտ չեն, և նրանց կոչերը բավականաչափ փաստարկված չեն։
Իսկ այն սակավաթիվ լրագրողները, որոնք հակամարտությունից լավ են հասկանում և սատարում են խաղաղության գաղափարը, կորում են ընդհանուրի մեջ։
Սակայն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այսօր, ինչպես երբևէ, խաղաղություն է պետք։ Սակայն մակերեսային և խեղաթյուրված տեղեկության գերակայության պայմաններում այդ բառն ինքնին հասարակության մեջ ագրեսիա է առաջացնում։
Այս ընկալումը հնարավոր է փոխել՝ փոխելով միայն տեղեկատվական միջավայրը։ Սակայն դրանով պետք է զբաղվեն երկու երկրների կառավարությունները»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։