Մարտի 1-ից 10 տարի անց Հայաստանի 10 քաղաքացիների մահվան հանգամանքները չեն բացահայտվել
10 տարի առաջ` մարտի 1-ին, Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով 10 մարդ զոհվեց:
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական դաշինքի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները:
10 օր շարունակ հազարավոր մարդիկ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում: Նրանց կարծիքով՝ ընտրություններն իրականում հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարտի 1-ի լուսադեմին քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Մյասնիկյանի արձանին հարող տարածքում սպանվեցին ՀՀ 10 քաղաքացի:
Իրադարձություններից 10 տարի է անցել, բայց, իրավապաշտպաններն ու ընդդիմադիրները շարունակում են պնդել. բացահայտված չեն մեղավորները, կրակելու հրաման արձակողները:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս առնչությամբ ասել է. «Մարտի 1-ի» գործը բարդ գործ է, այնինչ, 2008թ.-ին լիազորությունները ավարտող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե սա «ուչաստկովիի գործ է»: Գլխավոր դատախազը նշել է, որ 10 քաղաքացու սպանությունների քննությունը կասեցված չէ, գործն էլ կարճման միտում չունի, բայց չի հայտնել, թե արդյոք կա՞ դրական առաջընթաց բացահայտման ուղղությամբ:
Մարտի 1-ին «Չերյոմուխա — 7» հատուկ միջոցի կիրառման հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, որ վերջին անգամ իրեն 3 տարի առաջ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննվում է գործը:
«Գործը էդպես թոզը վրան դրած, դարակներում գցած ա: Դա դատախազի մշտական խոսքն ա եղել՝ որ ամեն ինչ կանենք, իսկ տասը տարի ա ինչի՞ ոչ մի բան չեք արել: Իրենք իրենց չեն դատելու: Իսկ եթե գան նոր ուժեր, իշխանափոխություն լինի, ես հավատացած եմ, գործը կբացահայտվի», — ասել է Սարգիս Քլոյանը:
Ընդդիմությունը ևս կարծում է, որ «Մարտի 1-ի» սպանությունները կարող են բացահայտվել միայն իշխանափոխությունից հետո:
«Այսօրվա իշխանությունները, որ մեյմունություն են անում, թե ուզում են բացահայտել մարտի 1-ի հանցագործներին, բլեֆ են անում: Դա հերթական խաղն ու հնարքն է, որ փորձում են կիրառել: Միամիտ չլինեք, թե իշխանությունը կընդունի քաղաքական փաստաթուղթ, ինքն իրեն կմեղադրի մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործության համար, կհայտնաբերի իր իսկ անդամներին, որոնք մասնակիցն են եղել ու կազմակերպիչը մարտի 1-ի սպանդի: Նրանք կարող են խնդիրը մի քիչ էլ հեռացնել, խոստումներ տալ, բայց բլեֆ է»,— ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասել է, որ մարտի 1-ի իրադարձությունները պետական մակարդակով ահաբեկչության դրսևորում էին:
Նա շեշտել է, որ իշխանությունները տեղի ունեցածը որակում են որպես զանգվածային անկարգություններ, այնինչ ժողովրդի նկատմամբ իշխանության կողմից զանգվածային բռնություն է կատարվել:
«Կան վկաների ցուցմունքներ այն մասին, որ բռնությունը կատարվել է իշխանության կողմից»,— հայտարարել է Արթուր Սաքունցը:
«Մարտի 1-ի» զոհերի հիշատակը հարգելու համար այսօր տեղի է ունեցել պատարագ: Առավոտյան իրավապաշտպան, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով բացահայտել մեղավորներին: Նույն պահանջով հանրահավաք են անցկացրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները: