Մարտեր Ուկրաինայում
Reuters
Ջեմ «Նովայա գազետայի» ու Hromadske-ի
Ուկրաինայի արևելքում հունվարի 29-ից շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները: Դիմակայության կենտրոնը Դոնեցկին մոտ գտնվող Ավդեևկա փոքր քաղաքն է: Սակայն փոխհրաձգությունն ընթանում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի միջև բաժանարար գծի ողջ երկայնքով: Մարտական գործողությունների 10 օրվա ընթացքում հարյուրից ավելի մարդ է զոհվել:
Իրավիճակ
Քաղաքում էլեկտրականություն չկա, հաճախ ջուր չկա: Բնակարաններում շատ ցուրտ է, քանի որ քաղաքը ջեռուցող կոքսաքիմիական գործարանն առանց էլեկտրամատակարարման է մնացել: Ուստի, հենց փողոցներում ջեռուցման կետեր են տեղադրվել:
Հունվարի 31-ին այստեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Ավդեևվկայի բնակչությունն ավելի քան 20 հազար մարդ է, սակայն առաջարկված տարհանմանը համաձայնել է ընդամենը 177 ընտանիք՝ հիմնականում նրանք, որտեղ փոքր երեխաներ ունեն:
Ավդեևկան ուկրաինական բանակի վերահսկողության տակ է գտնվում, և այն գնդակոծում են ԴԺՀ ստորաբաժանումները, ընդ որում օգտագործվում են ծանր զինտեխնիկա, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, հրետանի, տանկեր:
Այսպիսի տեսք ունի կյանքն Ավդեևկայում «Նովայա գազետայի» թղթակցի աչքերով.
«Փողոցներում հազվադեպ կարելի է դատարկաձեռն մարդկանց հանդիպել: Հումանիտար օգնությունը տանում են մանկական սայլակներով, հեծանիվներով, ձեռնասայլակներով: Իսկ պետական և կամավորական օգնությունը գալիս ու գալիս է մեծ բեռնատարներով:
Համար երկու դպրոցի տարածքը, որտեղ նախորդ օրը ողբերգություն է տեղի ունեցել, բազմամարդ է: Պայթած արկից գոյացած փոսը մի թեթև ձնով է ծածկվել, կողքը կրակած փամփուշտ է, այդ ուղղությամբ աշխատում են չնայել: Արկղերը, փաթեթները, պարկերը տանում են տներ, որոնց մեծ մասի պատուհանները նրբատախտակով են ծածկված:
Երեկոյան Ավդեևկան ընկղմվում է մթի մեջ և սկսում է լսել: Ժամը տասից հետո սկսվում են ավանդական փոխհրաձգային մենամարտերը, երկուսից հետո լսվում է ինչ-որ ծանր բանի ձայն: Առավոտյան պարզվում է, որ կանխագուշակումները չեն խաբել, արկն ընկել է Տաճարային փողոցի հինգհարկանի շենքի՝ բնակարանների միջև ընկած պատի վրա:
Քրիստոֆեր Նունը՝ The New Yorker-ի և Financial Times-ի բրիտանացի լուսանկարիչը, վիրավորվել է ապակու բեկորից՝ զրկվել է աչքից: Կամավորները ժամանակին նրան հիվանդանոց են տեղափոխել, և Նունին վիրահատել են: Թվիթերում նա գրել է. «Ես ողջ եմ»:
Երկու վարկած
Ուկրաինական կողմի վարկածը
Ուկրաինական իշխանությունների վարկածով՝ Ավդեևկա շրջանում հաշտությունը խախտվել է չճանաչված ԴԺՀ կողմից հունվարի 29-ին, որը Մինսկի համաձայնագրերով արգելված ծանր զինատեսակներ է կիրառել: Ուկրաինական բանակի պատասխան կրակը դժվարացնում է այն, որ հակառակորդի գործարկման կայանքները տեղակայված են բնակելի զանգվածներում:
Ուկրաինայի ԶՈւ Ավդեևկայում տեղակայված 122-րդ գումարտակի նախկին սպա Մասի Նայեմն իրադարձությունների հետևյալ մեկնաբանությունն է առաջարկում.
«Եթե հակառակորդը (նկատի ունի ԴԺՀ-ն – խմբ.) նպատակ ունենար ոչնչացնել հումանիտար պահեստները, նա կիրականացներ դա բազմաթիվ տեղային հարվածների միջոցով: Իսկ այսպես նրանք մի քանի հարված են հասցրել, որոնցից տուժել են բնակելի տները: Ստացվում է, որ «ԴԺՀ»-ն ցանկանում է պարզապես վախեցնել տեղի բնակչությանը: Ընդ որում, ողջ Ուկրաինան օգնում է տեղացիներին, այստեղ՝ Ավդեևկայում, գրեթե ամեն ինչ կա՝ հաց, ջուր, մարդիկ օրը 2-3 անգամ գալիս են հումանիտար օգնություն ստանալու: Տաքանալու և սնվելու տեղ կա, պայմաններն, իհարկե, այնպիսին են, ինչպես զինվորականներն են ապրում, սակայն հնարավոր է ապրել:
Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի տեղացիները չզգան հումանիտար աղետը, որը նրանց համար փորձում են ստեղծել Ռուսաստանն ու «ԴԺՀ»-ն: Սակայն ամենաշատը վախենում ենք զինվորականների համար: Նրանք արդեն որերորդ օրն է՝ մշտական կրակահերթերի տակ են»:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարկածը.
Ինքնահռչակ ԴԺՀ վարկածով՝ Ուկրաինայի զինված ուժերն են հունվարի 29-ին սկսել գրոհն Ավդեևկայի շրջանում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով:
ԴԺՀ ԶՈւ մամուլի ծառայության պետ Դանիիլ Բեզսոնովի մեկնաբանությունը.
«Միայն այս գիշեր կրակահերթի տակ է հայտնվել ԴԺՀ 28 բնակավայր: Փլուզված տների քանակը մինչև հիմա հաշվում ենք: Հունվարի 29-ից մինչև երեկ դրանք 40-ն էին, այժմ՝ ավելի շատ են: Այս գիշեր, ըստ նախնական տվյալների, երկու խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 15 մարդ: Հստակ տվյալներ դեռևս չունենք, մարդիկ դեռևս շարունակում են դիմել հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, այս օրերին մոտ 10 մարդ է զոհվել, վիրավորվել է 20-ից ավելին»:
Արտաքին գործոնները
Շատ միջազգային ԶԼՄ-ներ հատկապես նշում են, որ Դոնբասում իրավիճակի նոր կտրուկ սրացումը տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել հունվարի լույս 29-ի գիշերը:
Ենթադրություններ կան, որ Ուկրաինան կարող է մանրուն դրամ դառնալ երկու խոշոր գերտերությունների հարաբերություններում:
Չնայած իրադարձությունները դեռևս չեն հաստատում այդ կանխատեսումները: ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2017թ-ի փետրվարի 4-ին կայացած վերջին նիստին ԱՄՆ նոր ներկայացուցիչն այդ կազմակերպությունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի հարավ-արևելքում և Ղրիմում խիստ քննադատության է արժանացրել՝ նույնությամբ օգտագործելով նախորդ վարչակազմի հռետորաբանությունը:
Նիկի Հեյլին, ելույթ ունենալով նիստին, հայտարարել է. «ԱՄՆ-ն քննադատում է ՌԴ գործողությունները, և պատժամիջոցները կպահպանվեն մինչև Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ չհայտնվի»:
Եվրամիությունն, իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները ևս կես տարի պահպանլեու մտադրության մասին:
Այնուամենայնիվ, հայտնի վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին (որը վերջերս է արտագաղթել Ռուսաստանից) կարծում է, որ Ուկրաինայի շուրջ արտաքին իրադրության փոփոխության մասին ենթադրությունները կարող են հիմնավորված լինել: Նրա խոսքով՝ Թրամփը գիտի Պուտինի արժեքը և կիսում է նրա հասցեին հնչող ամենակոշտ օգնահատականները, սակայն այնուամենայնիվ նրան արժեքավոր դաշնակից է համարում:
Հայտնի ռուս քաղաքագետ Լիլիա Շևցովան իր հերթին պնդում է, որ ռուսական իշխանության՝ Թրամփի նախագահության հետ կապվող հույսերը շուտով կարող են ցրվել, հենց պարզվի, որ Պուտինի հետ համագործակցությունը Թրամփի համար ավելի շատ ռիսկեր է պարունակում, քան ձեռքբերումներ:
«Թրամփը գործարար է: Նրա փիլիսոփայությունը պարզ է. «Հաղթողը ստանում է ամեն ինչ», — պնդում է նա իր բլոգում:
Ուկրաինա, «Նովայա գազետայի» և Hromadske-ի նյութերի հիման վրա
- Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտությունը սկսվել է 2014թ-ի ամռանը:
- Ուկրաինայի իշխանությունների վարկածով՝ այնտեղ ահաբեկչական խմբավորումներ են գործում, որոնք բաղկացած են քրեական տարրերից և վարձկաններից, Ռուսաստանի աջակցությունն ունեն, և նրանց դեմ հակաահաբեկչական գործողություն է իրականցվում:
- Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ իշխանություններն իրենց ջոկատները կամավորական աշխարհազոր են անվանում:
- Հակամարտության ընթացքում 3 միլիոնից ավել մարդ է փախստական դարձել, զոհվել է 10 հազարից ավել ուկրաինացի զինվորական:
- Խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն նրանց թիվը հասնում է հազարների:
- ՄԱԿ անդամ երկրների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի գործողությունները որպես ագրեսիա քննադատող բանաձևին: