Մարդիկ դեմ են, ու վերջ
Ինչին են դեմ տավուշցիները
Արդեն մեկ շաբաթ է համայնքների միավորմանը դեմ Տավուշի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ մայրուղի փակում: Մեկ՝ տարածքային կառավարման նախախարի ճանապարհը փակելով, մեկ էլ՝ մարզպետի ու հենց այդ նույն նախարարի հետ հանդիպման պահանջով։
Նախորդ շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագիծը: Չնայած նրան, որ մինչև քվեարկությունը որոշ պատգամավորներ խնդրեցին հետաձգել 118 քաղաքի ու գյուղի ճակատագրին վերաբերող փաթեթի քվեարկությունը: Նրանք, ինչպես և խոշորացման ենթակա համայնքների բնակչները, համարում են. այս փուլում միավորումն արդարացված չէ։
Իրավիճակը՝ մի գյուղի օրինակով
Լեռների գրկում թաքնված Բարեկամավան գյուղը նախկինում հենց այդպես էլ կոչվել է՝ Թաքնագյուղ, քանի որ գտնվում է փոսի մեջ: Բարեկամավանը Տավուշի մարզի ծայրամասային գյուղերից է՝ մարզկենտրոնից 48կմ հեռավորության վրա: Իր դիրքով պաշտպանում է սահմանամերձ տարածաշրջանի թիկունքը, Ոսկեպարի լեռնաշղթայից այն կողմ ադրբեջանական գյուղերն են գտնվում:
2011թ. դրությամբ Բարեկամավանի բնակիչների թիվը նվազել է 120-ով, այս պահին գյուղը 180 բնակիչ ունի՝ նախադպրոցական 25 և միջին տարիքի 30 մարդ, մնացածը միջինից բարձր են: Բնակչության թիվ էլի կնվազի համայնքների խոշորացման ծրագրի պատճառով՝ այս կարծիքին է Բարեկամավանի 8 տարվա գյուղապետ Գարիկ Աբազյանը.
«Խոշորացումը տանելու է գյուղերի, հատկապես սահմանամերձների դատարկմանը: Պիտի գոնե սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ տրվեր, չխոշորացվեր»:
Համայնքների խոշորացման ծրագիրը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն սահմանամերձ Բարեկամավան, այլ նաև հարևան գյուղերում: Բնակիչները ոտքի են կանգնել՝ մեր գյուղը գյուղ էլ մնալու է կարգախոսով:
Բողոքի իմաստը՝ մեկ մարդու օրինակով
68-ամյա Հրաչիկ Ղարաքեշիշյանը ծնունդով հենց Բարեկամավան գյուղից է, ասում է, ընտանիքի 5 անդամներն էլ դեմ են խոշորացմանը, դեմ են՝ մի պարզ պատճառով.
«Սրանից մի ամիս առաջ Նոյեմբերյան էի գնացել, էդ աշխատող աղջկան ասի, աղջիկ ջան, խնդրում եմ, Բարեկամավանից եմ, ինձ շուտ ճանապարհ դրեք, գնամ: Մի թուղթ գրեց, դրեց ձեռս, թե բա՝ 51-րդ համարն ես, գնա հերթ կանգնի: Նորի՞ց էդ նույն բանը կրկնվի, ամեն անգամ դրա միջով անցնե՞մ: Էս տարիքիս ես գնամ Նոյեմբերյան ինչ-որ մի հարցով, որքանո՞վ ա ճիշտ:
Ես չեմ կարա ասեմ դրական բան կլի, թե չէ էդ խոշորացումից, բայց ասեք տեսնեմ դրակա՞ն ա: Ես Նոյեմբերյան ո՞նց կարամ ամեն անգամ գնամ, եթե ստեղից այնտեղ 5.000 դրամ ա տաքսին, ընդամենը ստանում եմ 28.000 դրամ թոշակ, կինս էլ` 30.000 դրամ, որևէ նպաստ էլ չենք ստանում: Հարցն ինչու՞մն ա»:
Բարեկամավան համայնքը տրանսպորտային միջոց չունի: Գյուղը Նոյեմբերյան քաղաքին կապող միակ տրանսպորտը հաց բերող մեքենան է, որի մեջ միայն մեկ ուղևորի տեղ կա: Վարորդը բարի է, ասում են բարեկամավանցիները, թեև վարորդին չի թույլատրվում սնունդ տեղափոխող մեքենայով ուղևոր տեղափոխել, բայց ամեն անգամ համաձայնում է որևէ մեկին Նոյեմբերյան հասցնել, այն էլ անվճար:
Մի քիչ գյուղի կյանքից
Բարեկամավան գյուղի բյուջեն կազմում է 6 մլն 500 հազար դրամ: Եվս 3 մլն 600 հազար դրամ էլ պաշտպանության նախարարությունն է տրամադրում, և այդ գումարն ամբողջությամբ ծախսվում է կապի և հոսանքի վրա: Իսկ բյուջեի միջոցով գյուղում բացի գյուղապետարանում 5 անձի համար աշխատատեղ ապահովելուց, որևէ այլ դրական գործ կատարել հնարավոր չէ:
Սահմանամերձ գյուղը բացի ամուր ոգով բնակիչներից ուրիշ ոչինչ չունի. ոչ արարողությունների դահլիճ, ոչ գրադարան, ոչ նախադպրոցական ուսումնական հաստատություն, անգամ գյուղապետարանի փոքրիկ շենքն է վատ վիճակում գտնվում և վերանորոգման կարիք ունի:
«8 տարվա փորձս ցույց է տալիս, որ համայնքներում տեղական ինքնակառավարում իրականացնելիս ավելի է ուժեղանում համայնքի դերը, քանի որ ինքներս կարողանում ենք համայնքի հետ կապված հարց բարձրացնել նախարարությունում և դրական լուծումներ ունենալ: Օրինակ, խորհրդային տարիներին գյուղը գազիֆիկացված չի եղել, այսօր այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:
Խոշորացման դեպքում, իմ կարծիքվ, փոքր համայնքները մեծերում դժվար թե անգամ ավագանու անդամ ունենան, որովհետև մենք ընդամենը 150 ընտրող ունենք, իսկ էդ միավորվող փնջի մեջ, օրինակ, Նոյեմբերյանն ավելի քան 3000 ընտրող ունի, Բերդավան համայնքը՝ 2000-ից ավելի»,- ասում է գյուղապետ Գարիկ Աբազյանը:
Նախորդ դառը փորձը
Բարեկամավան համայնքը խոշորացման փորձ ունի, դեռևս 60-ականներին այն միացել է հարևան Կոթի համայնքին: Բարեկամավանցիները վստահեցնում են, որ այդ միացումը ոչ մի լավ բանի չի հանգեցրել:
Այս է պատճառը, որ բարեկամավանցիներն ակտիվ մասնակցել են օրեր առաջ Նոյեմբերյանում տեղի ունեցած խոշորացման դեմ ցույցին: Մասնակիցներից մեկն էլ Բարեկամավանի գյուղապետի տեղակալ Ջոնիկ Միքայելյան է եղել.
«Օգուտ չենք տեսել էն առումով, որ գյուղացին միշտ էլ տուժվել ա: Կոթին մեզանից հեռու ա 10կմ, ամեն հարցով Կոթի ենք գնացել եկել ու դժվարություն ա եղել, հիմա էլ նույն բանն ա՝ ուղղակի մի տարբերությամբ, դժվարություններն են ավելի շատ»:
Սահմանադրությունն է խախտվում
ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածում (Տեղական ինքնակառավարում, գլուխ 9, Համայնքների միավորումը և բաժանումը) նշվում է. հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։
Բարեկամավանում բնակիչների մեծ մասը ծանոթ է ՀՀ Սահմանադրության այս կետին: Օրենքի այս կետը խախտվել է, քանի որ Բարեկամավանի բնակիչները նախ՝ տեղեկացված չեն եղել Ազգային ժողովի այս որոշման մասին, երկրորդ՝ նրանց կարծիքը ոչ միայն հաշվի չի առնվել, այլ անգամ չի էլ հարցվել:
«Միգուցե հիմա լավ ա էդ խոշորացումը, բայց չգիտեմ էլի, կոնկրետ տեղեկացված չենք, ոչ մի ինֆորմացիա չունենք: Էս պահի դրությամբ գյուղացիները ստորագրահավաք են անում՝ տեսնենք ով է կողմ, ով է դեմ, ինչ կկատարվի:
Էդ ստորագրություններն ուղարկելու ենք նախագահ Սերժ Սարգսյանին: Մեզ թվում ա, որ հաշվի կառնեն մեր կարծիքները: Առաջին հերթին, ուզում ենք, որ մեր` ժողովրդի կարծիքը հաշվի առնեն, մենք ենք ստեղի ապրողը, մենք լավ գիտենք մեր լավն ու վատը, կխնդրենք, որ մեր կարծիքը, մանավանդ էս սահմանամերձ կարգավիճակում, հաշվի առնեն»,- ասում է գյուղապետի տեղակալ Ջոնիկ Միքայելյանը:
Բարեկամավանի բնակիչ Հրանտ Աբազյանն էլ նշում է, որ գյուղի բնակիչներին և իրեն անձամբ ավելի շատ վանում է ինֆորմացված չլինելու հանգամանքը.
«Միգուցե դա լավ ծրագիր ա, բայց գյուղացիք տեղեկացված չեն: Մինչև սա անելը՝ նախապատրաստեին լուրջ մասնագետներ, ուղարկեին գյուղ, ներկայացնեին լավ կամ վատ լինելը, ըստ դրա էլ մարդիկ կորոշեին և ինքնակամ գուցե համաձայնեին միանալ: Նենց չի, որ մեր կառավարությունը մեր լավն է ցանկանում, իսկ մենք` ոչ, առաջին հերթին մենք ենք մեր լավը ցանկանում, հետո նոր իրենք»:
Հրանտ Աբազյանը նշում է, որ մի քանի օր առաջ գյուղի բնակիչներով իրենց հարցերն ու դժգոհություններն են ուղղել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին նրա հետ հանդիպման ժամանակ, բայց՝ անօգուտ.
«Վերևից եկած յուրաքանչյուր մարդ, իրանց մարդն ա , հո չի՞ ասելու. հա, էդ ծրագիրը վատն ա, հակառակ՝ իրանք իրանց արդարացնելու են և ամեն մի փոքր բան գունավոր են ներկայացնելու ու դրական, քան իրականում կա: Բայց մեկ ա, ժողովուրդը ոչ մի կերպ չի համոզվում, կարող եք հարցնել»,- ասում է բարեկամավանցի Հրանտ Աբազյանը:
Հարևաններն էլ են դեմ
Ստորագրահավաք է իրականացվում ոչ միայն Բարեկամավան համայնքում, այլ նաև Տավուշի մարզի այլ համայնքներում:
Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը նշում է, որ հարցն այսքան մեծ արձագանք չէր գտնի, եթե այսպես անակնկալ չլիներ.
«Ի՞նչ է նշանակում մարդն առավոտը արթնանա ու իմանա, որր ինքն արդեն ուրիշ համայնքում ա ապրում: Հիմա փաստորեն էդպես ա դուրս գալիս: Տեղական ինքնակառավրումը մեզ նման համայնքներին էլ ավելի ա ուժեղացնում, խոշորացված համայնքի դեպքում՝ թուլացնում:
Լիազորված ներկայացուցիչն ի՞նչ լիազորություններ ունի: Հաստատ նույնը չի ունենա, ինչ որ ընտրված գյուղապետը: Մեր տեսակ համայնքերի ղեկավարների աշխատանքի մեծ մասը օրենքով նախատեսված լիազորությսուններից դուրս է արվում: Օրինակ, համայնքի ղեկավարրը յուրաքանչյուր ընտանիքի համար բժշկական խնդիրների հետ կապված հարց է լուծում, մի բնակչի համար կարող ա երկու-երեք օրով գնաս Երևան՝ բժշկական խնդրի հետ կապված կամ նպաստի և այլ հարցերով:
Ես չեմ ասում, որ խոշորացված համայնքի ղեկավարը չի անելու դա կամ վատն ա լինելու, բայց ֆիզիկապես, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հնարավորություն չի ունենա լավ կազմակերպել: Այստեղ ոչ թե պաշտոնի կռիվ է, այլ համայնքի բարեկեցիկ կյանքի պայքար»:
Հրապարակվել է՝ 01.07.2016