Հայաստանում սկսում են խոսել մանկաբարձական բռնության մասին և պայքարել դրա դեմ
Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում
Մանկաբարձական բռնության մասին Հայաստանում պատկերացումներ կա՛մ չկան, կա՛մ աղոտ են: Դրան ենթարկված կանայք անգամ չգիտեն կամ լիարժեք չեն գիտակցում, որ բռնության են ենթարկվել:
Տեղեկատվության պակասի պատճառով կանայք շատ ուշ են իմանում մանկաբարձական բռնության ձևերի մասին։ Պատահաում է՝ տարիներ անց են հասկանում, որ չիմացության պատճառով չեն կարողացել պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են ծննդաբերական վախերի, գինեկոլոգիական հետազոտություններից բարդույթների և բժիշկների կողմից չհասկացվածության մասին:
Որոշ հասարակական կազմակերպություններ, խմբեր և սոցցանցային հարթակներ այդ թեմայով սկսել են նյութեր տարածել, քննարկումներ ծավալել։ Այդպիսով բարձրացնում կանաց շրջանում տեղեկացվածության մակարդակը։ Նաև հետազոտություններ են անցկացնում հասկանալու համար, ինչպիսին է իրավիճակը ներկա պահին:
Նրանց փորձում են օգնել և մանկաբարձական բռնության ենթարկված կանայք։ Մտաբերելով իրենց գլխով անցածը, վերլուծելով իրենց մոտ առաջացած հոգեբանական ու ֆիզիոլոգիական խնդիրները, միանում են այս թեմայով տեղեկատվության տարածմանն ու իրազեկման արշավներին:
- Մանկաբարձական բռնությունը Հայաստանում. չկան թվեր՝ չկա խնդի՞ր
- Անորեքսիա․ կատարյալ մարմին՝ հոգեկան առողջության գնով։ Երկու կնոջ պատմություն
- Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
- Ինչպե՞ս հարմարվել ցավին և դադարել վախենալ․ ի՞նչ է իրենից ներկայացնում «հայկական» հիվանդությունը
«Չեմ հաղթահարել առաջին ծննդաբերության սթրեսը, չեմ կարող մտածել երկրորդի մասին»
Նունեն 38 տարեկան է, ունի 11 տարեկան աղջիկ երեխա: Մտերիմների հարցադրումներին, թե երբ է պլանավում ունենալ հաջորդ երեխային, միշտ ուղիղ պատասխանում է՝ «դեռ չեմ հաղթահարել առաջին ծննդաբերության սթրեսը, չեմ կարող մտածել երկրորդի մասին»:
Պատմում է, որ նախքան ծննդաբերությունն ինքն իր բժշկի հետ քննարկել է բոլոր մանրամասները։ Նախապես հայտնել է, թե որ միջամտություններն են ընդունելի իր համար, որոնք՝ ոչ։ Նաև համաձայնեցրել է դեղորայքի նշանակման հետ կապված հարցերը:
Սակայն մեծ հիասթափություն է ապրել, երբ ծննդաբերության ընթացքում բժիշկը սկսել է արագ որոշումներ կայացնել առանց իր հետ քննարկելու։
«Ասաց՝ մենք հիմա պետք է արագացնենք քո ցավերը, որ կարողանանք կազմակերպել բոլոր յոթ աղջիկների ծննդաբերութունը: Ջիգերի մեջ էի, ահավոր վախեցած, խնդրեցի թողնել բնական հունով ընթանա»,- ասում է Նունեն:
Կնոջ խոսքով, իրեն չեն լսել, հարցերին չեն պատասխանել, ավելին անվանել են հիստերիկ, ասելով՝ «քեզ նորմալ պահի, ձեր տանը չես», «մեղք են ձերոնք քո ձեռքը», «կոտոշներդ մի տնկի» և այլն: Այն որ դեղորայքային միջամտությամբ արագացրել են ծննդաբերության ընթացքը այնքան մեծ հետք չի թողել մեր զրուցակցի վրա, ինչքան իրեն անտեսված և մեղադրված զգալը:
Նախքան ծննդաբերությունը պայմանավորվել է բժշկի հետ, որ իրեն չանզգայացնեն, որովհետև նախկինում վիրահատական անզգայացումեր է ունեցել և դրանք իր առողջության վրա վատ են անդրադարձել:
«Երեխայի ծնվելուց րոպեներ անց, երբ դեռ նոր էի շոկից դուրս գալիս, զգացի, որ ներարկում արեցին: Մի քանի ժամ անց արթնացել եմ ծնարանում և հարցրել մանկաբարձին, թե ինչու են ինձ քնեցրել ծննդաբերությունից հետո։ Պատասխանել է, որ բժիշկը պետք է կարեր դներ»:
Դեռ հիվանդանոցում եղած ժամանակ որոշել է զրուցել բժշկի հետ, ասել իր դժգոհությունների և իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Սակայն իրեն մի քանի րոպե լսելուց հետո բժիշկն ասել է՝ այն, ինչ արվել է, միայն իր և իր երեխայի լավագույն շահի համար է արվել:
«Ես պնդեցի ինձ լսել մինչև վերջ, որովհետև նախապես ունեցել ենք համաձայնություն։ Սակայն զրույցը կիսատ մնաց, որովհետև բժիշկը հեռախոսազրույցի պատասխանելու պատրվակով դուրս եկավ սենյակից և այլևս չվերադարձավ: Ի դեպ, ես այդ բժշկին ընտրել էի կանչով և վճարել դրա համար»,- վիրավորված պատմում է Նունեն:
Ասում է՝ հույս է ունեցել հեշտ մոռանալ այդ միջադեպը։ Սակայն երեխայի խնամքի առաջին ամիսների սթրեսին գումարվել են ծննդաբերության հետ կապված առողջական խնդիրներ և տագնապային իրավիճակ:
Սթրեսն այնքան է խորացել, որ նա դիմել է հոգեբանի: Ու միայն մասնագետի օգնությամբ է կարողացել վերգնտել իրեն և ամուսնու հետ սեռական կյանքը վերսկսել ծննդաբերությունից ուղիղ մեկ տարի անց․
«Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել մանկաբարձական բռնություն կոչվածը։ Ինձ համար բացահայտեցի, որ նախքան ծննդաբերությունն եմ բախվել երևույթին, երբ կոնսուլտացիոն սենյակում այլ հղիի ներկայությամբ պատասխանել եմ անձնական բնույթ ունեցող հարցերի»:
Չնայած դրան, որ առաջաին ծննդաբերությունից ավելի քանի 10 է անցել, կինը խուսափում է նման իրավիճակում հայտնվել։ Երկրորդ երեխայի մասին դեռ մտածել չի կարողանում: Մտերիմների և հարազատների հետ այս թեմաներով հաճախ է զրուցում, նյութեր տրամադրում՝ փորձելով այդ տեղեկություններով նրանց պաշտպանված դարձնել:
Հայաստանյան փորձն ու երևույթի դեմ պայքարը
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերջերս այս թեմայով իրականացրել է ուսումնասիրություն՝ գնահատելու համար իրավիճակը Հայաստանում:
Հետազոտությանը մասնակցել է և՛ կանայք, և՛ բժիշկներ։ Քննարկման ընթացքում մասնակիցներն առանձնացրել են հետևյալ խնդիրները.
- ծննդկանի անտեսվածություն՝ իր համար խիստ կարևոր, խորը հոգեբանական պահին չլսված լինելու դրվագներով,
- տեղեկացվածության, համաձայնեցման բացակայություն, վիրահատական միջամտությունների մասին կնոջ անտեղյակություն՝ օրինակ, կեսարյան հատման վերաբերյալ որոշման կայացման մասին,
- ծննդալուծմանը ներկա ընտանիքի անդամների վերաբերյալ ծննդկանի համաձայնության բացակայության,
- աջակցության բացակայություն կամ ոչ բավարար աջակցություն նախածննդյան և հետծննդյան փուլերում, ծննդաբերության ընթացքում,
- ցավի նորմալացման և ցավազրկման մերժում,
- մեկուսիության և գաղտնիության խախտում։
Կանանց խոսքով՝ նման վերաբերմունքը ոտնահարում է արժանապատվությունը։ Իսկ բժիշկների փոխանցմամբ՝ այնպիսի պատասխանատու պահի, ինչպիսին ծննդաբերությունն է, դա կարող է սպառնալ ծննդկանի կյանքին, ֆիզիկական և հոգեկան առողջությանը:
Խոսելով Հայաստանում այս թեմայի շուրջ քննարկումների բացակայության մասին՝ «Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանն ասում է, որ խնդիրը վերաբերում է անձնական կյանքի շատ զգայուն ու ինտիմ դրվագների։
Նրա կարծիքով՝ օբյեկտիվորեն միշտ չէ, որ կանայք կարող են անկաշկանդ խոսել նման հարցերի մասին, նույնիսկ եթե պատճառված ֆիզիկական ու հոգեկան ցավը մեծ է․
«Մյուս պատճառն այն է, որ կանայք ուղղակի չեն էլ հասկանում, որ ենթարկվել են բռնության։ Օրինակ, ծննդաբերության պահին, երբ կինը խոցելի հոգեվիճակում է և հոգատարության ու ճիշտ ուղղորդման կարիք ունի, բժշկի «հեսա էրեխուդ կսպանես» ռեպլիկը ընկալվում է ոչ թե վերբալ ագրեսիա, այլ իբրև սթափեցնող խոսք»։
Ըստ Աստղիկ Կարապետյանի՝ մանկաբարձական բռնության դրսևորումներն ապացուցելը հիմնականում բավականին բարդ է։ Նույնիսկ ծանր հետևանքների դեպքում, երբ կա ծննդկանի կամ նորածնի մահ կամ առողջությանը պատճառված վնաս.
«Ես չեմ պատկերացնում կնոջ, ով ծննդաբերության պահին մտածի իր հետ կատարվողը ձայնագրելու կամ տեսագրելու մասին։ Դա այն դեպքում, եթե համարենք, որ իրեն թույլատրվել է հեռախոս կամ այլ սարք ներս տանել»։
Կարծում է՝ մանկաբարձական բռնությունը համակարգային խնդրի հետևանք է։ Հետևաբար, լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային։ Դրանք իրականացնելու պատասխանատուն և հիմնական ռեսուրսներն ունեցողը պետությունն է․
«Սա ենթադրում է համալիր գործողությունների շարք՝ բուժանձնակազմի վերապատրաստումներ, ծննդատներում հարմարավետ, սթրեսից զերծ պայմանների ապահովում։ Օրինակ, սենյակը մթեցնելու հնարավորություն, ծննդաբերության պահին հարմար դիրք ընտրելու հնարավորություն, բաղնիք։ Նաև պետք է բժիշկների գերծանրաբեռնվածությունը վերացնել և արժանապատիվ վարձատրելու հնարավորություն ստեղծել»։
Այս ոլորտում, ըստ ՀԿ ներկայացուցչի՝ կարևոր է հետազոտությունների իրականացումը, պաշտոնական տվյալների համակարգային հավաքագրումն ու հրապարակումը․
«Օրինակ, կեսարյան հատումների վերաբերյալ ամեն տարի հրապարակվում են տվյալներ։ Եվ հենց դրա արդյունքում է, որ այսօր կեսարյան հատումների թվի աճը հանրային քննարկման է դրված։ Քննարկվում են պատճառները և նվազեցնելուն ուղղված քայլերը։ Մինչդեռ կան միջամտություններ, օրինակ, շեքահատումները, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան»։
Կարապետյանն ասում է, որ ընդհանրապես ավելի հեշտ է կանխել իրավունքի խախտումը, քան վերականգնել խախտված իրավունքը։ Հետևաբար, շատ կարևոր է, որ կանայք տեղեկացված լինեն իրենց իրավունքներից և պահանջեն, որ բուժաշխատողը հարգի դրանք։
«Կետ 33» կազմակերպությունում հայտարարում են, որ առաջինն են սկսել է այս ուղղությամբ հետազոտություններ անել ու իրազեկումներ կատարել։ ՀԿ անդամները կարծում են՝ սա առաջին անհրաժեշտ քայլն է խնդիրը հանրային դարձնելու համար։ Ակնկալում են, որ այժմ այլ կառույցներ էլ կմիանան խնդրի լուծմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում