Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի համար ձախողակ 2015 թ-ից հինգ տարի անց երկրում սկսել են խոսել արժեզրկման մասին։ Եվ կենտրոնական բանկի՝ այդ լուրերը հերքող հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա։
Ադրբեջանի Կենտրոնական բանկի կառավարման նախագահ Էլման Ռուստամովը Report պարբերականին տված հարցազրույցում երկրում անխուսափելի արժեզրկման մասին լուրերը «դատարկ խոսակցություններ» է անվանել։
Հանրապետության գլխավոր բանկիրի այս, թվում է, հույս ներշնչող հայտարարությունը սաստկացրել է փորձագետների կարծիքը մանաթի համար մոտալուտ «սև օրերի» մասին։
«Էլման Ռուստամովը շատ լավ գիտի, որ արժեզրկման մասին իր արտահայտությունները մարդիկ հակառակն են հասկանում։ Այդ պատճառով էլ նա հարցազրույցի ժամանակ իր այդ ժպիտով քողարկված մեսիջ է ուղարկում», — Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
Նա հիշեցրել է նաև, որ 2015 թ-ին արժեզրկման մասին հայտարարելուց չորս օր առաջ Էլման Ռուստամովը նույնպես հայտարարել էր այդ ոչ պոպուլյար գործընթացի անհնարինության մասին։
2015 թ-ից առաջ ադրբեջանական մանաթը երկար ժամանակ համարվում էր ամենակայուն արժույթներից մեկը հետխորհրդային տարածքում, և մեկ ԱՄՆ դոլարն արժեր ընդամենը 0,78 մանաթ։ Սակայն 2015 թ-ին երկրի կառավարությունը երկու անգամ արժեզրկման է դիմել, որի հետևանքով ԱՄՆ մեկ դոլարի արժեքն աճել է մինչև 1,70 մանաթ։ Այդ փոխարժեքը պահպանվում է մինչ օրս։
Մանաթի արժեզրկման տնտեսական անխուսափելիությունը Ֆեյսբուքի իր էջում հիմնավորել է «Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը։
«Արդեն կարելի է հստակ խոսել արժեզրկման հավանականության մասին։ Երկրի 2021 թ-ի պետբյուջեի հրապարակված նախագիծը թույլ է տալիս անել դա։
2018 թ․ օգոստոսի 24-ին նախագահը հաստատել է արտաքին պարտքի կառավարման միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը, և այդ փաստաթղթով, 2020 և 2021 թթ-ին արտաքին պարտքի վճարման համար անհրաժեշտ է վճարել 1,2-ական միլիարդ դոլար։
2020 և 2021թթ-ին այս նպատակների համար բյուջեում սահմանվել է համապատասխանաբար 1,6 մլրդ և 2,2 մլրդ մանաթ։
Պարզ է, որ 1,2 միլիարդ դոլարի վճարման համար կառավարությանը 2020 թ-ին պահանջվում էր 1,6 մլրդ մանաթ, բայց եթե 2021 թ-ի այդ նույն նպատակի համար նրան անհրաժեշտ է 2,2 մլրդ մանաթ գումար, ստացվում է, որ մանաթն էժանանալու է։
Այժմ մենք պետք է կառավարությունից լսենք այս փաստի բացատրությունը։ Կամ 2018 թ-ին հաստատված ռազմավարությունը չի կատարվում, կամ այս ձևով է կատարվում (օրինակ՝ ընթացիկ տարվա որոշ վճարումներ հետաձգվել են մինչև հաջորդ տարի), կամ էլ արժեզրկում է սպասվում։ Կառավարությունը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ինչու է դոլարով միևնույն գումարի համար պահանջվում ավելի մեծ ծավալի մանաթ», — նշել է նա։