«Մայրս ինձ միշտ կշտամբում էր՝ ինչի՞դ են պետք այդ գրքերը։ Ավելի լավ է՝ ամուսնացիր»․ Վրաստանում միայնակ ծերության մասին
Վրաստանում ծերանոցների և ծերության մասին
Վրաստանում ավելի քան հարյուր տարեցներ սպասում են ծերանոց ընդունվելու հնարավորության։ Սակայն պետական ծերանոցներն այնքան սուղ բյուջե ունեն, որ կարող են ընդունել բոլոր ցանկացողների միայն մի փոքր մասին։ Իսկ մասնավոր ծերանոցներն անհասանելի են թոշակառուների մեծ մասի և նրանց ընտանիքների համար։
Մյուս խնդիրը, որ շատերին թույլ չի տալիս ծերանոց գնալ, տեղի մտածողությունն է։ Հասարակությունում շարունակում են խայտառակություն համարել, երբ ընտանիքը տարեցին ուղարկում է ծերանոց։
Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես են Վրաստանում ապրում տարեցները, որոնք խնամքի կարիք ունեն, բայց օգնող չունեն։
Քեթևան Տուշուրին ողջ կյանքն ապրել է Թբիլիսիից 80 կմ հեռավորության վրա գտնվող Թիանեթի ավանում։ Նա երեխաներ չի ունեցել, ամուսինն ու միակ եղբայրը մահացել են շատ տարիներ առաջ։ Եվ 83 տարեկանում նա բացարձակ մենակ է մնացել Գոձյանթ գյուղի իր տանը։
«Ծնվել եմ 1938 թ-ին, հինգ տարեկանում զրկվել եմ հորիցս։ Դպրոցից հետո սպասարկել եմ հարևաններին, օգնել եմ նրանց, իսկ նրանք ինձ սնունդ են տվել։ Ես քիչ էի ուտում, ամաչում էի։ Հետո ամուսնացա, բայց երեխա չունեցա։ Երբ բժիշկն ինձ տեսավ, ասաց, որ օրգանիզմս թերզարգացած է վատ սնվելու պատճառով, և չեմ կարողանա հղիանալ և երեխա ունենալ։ Այդպես էլ մենակ մնացի, ոչ ոք չկա, որ ինձ համար հոգ տանի»։
Անցել են տարիներ, նա ծերացել է և այլևս չի կարողացել այգին խնամել։ Երբեմն հարևանները խղճացել են և օգնել ջրել այն։ Աստիճանաբար նրա մոտ մենակության ուժեղ վախ է առաջացել, և նա դիմել է տեղի գյուղապետարան՝ խնդրելով օգնել ծերանոցում տեղավորել։
Նրան կարողացել են օգնել։ Արդեն երկու ամիս է՝ Քեթևանն ապրում է Թբիլիսիի «Իմ ընտանիքը» ծերանոցում։
«Մայան [ինտերնատի տնօրենը] հոգ է տանում ինձ համար այնպես, ինչպես թերևս հարազատ աղջիկս չէր տանի, եթե ունենայի աղջիկ։ Հիմա էլ այս կորոնավիրուսը, և նա մեզ դուրս չի թողնում։ Ինքն է գալիս, պատուհանները բացում է, որ սենյակներում թարմ օդ լինի։ Մեզ ամիսը մեկ թեստավորում են։ Ոչ ոք դեռևս չի հիվանդացել, նույնիսկ սովորական գրիպ չենք ընկել։ Բախտս շատ է բերել, որ այստեղ եմ հայտնվել»։
87-ամյա Ցիալա Թավարթքիլաձեն արդեն ութ տարի է՝ ապրում է Թբիլիսիի «Բասիլիադա» ծերանոցում։ Ինչպես «Իմ ընտանիքը» ծերանոցը, այն նույնպես հասարակական կազմակերպություն է։ Այն աշխատում է և որպես մասնավոր ծերանոց, և ընդունում է սոցիալապես անապահով տարեցների, որոնց համար պետությունն է վճարում։
Ցիալան գյուղատնտեսական գիտությունների դոկտոր է, նա 62 տարի աշխատել է գիտահետազոտական ինստիտուտում։ «Մայրս ասում էր՝ ինչի՞դ են պետք այդ գրքերը։ Ամուսնացի՛ր»։ Բայց ես այդպես էլ չամուսնացա։ Հետո ծանոթացա մի վարորդի հետ, բայց նա ամուսնացած էր։ Ո՞վ գիտի, միգուցե այստեղ խելամիտ մեկին հանդիպեմ և ամուսնանամ», — կատակում է Ցիալան։
Ինչպե՞ս են աշխատում ծերանոցները Վրաստանում
Քեթևանի և Ցիալայի բախտը բերել է։ Սակայն հարյուրավոր այլ տարեցներ Վրաստանում այդպիսի հաջողության համար հերթի մեջ են։
Երկրում բնակչության 14,8 տոկոսը 65 տարեկանից բարձր է։ Սակայն աշխատում է ընդամենը 15 պետական ծերանոց։
Դրանցից երկու խոշորը Թբիլիսիում և Քութայիսիում են։ Մնացած 13-ը փոքր ծերանոցներ են, որոնք տեղակայված են մասնավոր տներում։ Միջինում յուրաքանչյուրում կարող է տեղավորվել մինչև 30 մարդ։
Ընդհանուր առմամբ, ողջ երկրի ծերանոցներում ապրում է 400 տարեց, որոնց համար վճարում է պետությունը։ Սակայն դրանցում երբեք ազատ տեղ չկա, ցանկացողները շատ են։
Պետական ծերանոցներում հայտնվող ծերերը հիմնականում բնակչության խոցելի խմբին են պատկանում։ Ըստ օրենքի՝ ծերանոցում տեղ գտնելու հույս կարող են ունենալ կենսաթոշակային տարիքի քաղաքացիները՝ 60 տարեկանից բարձր կանայք և 65 տարեկանից բարձր տղամարդիկ։
Այնտեղ հայտնվելու համար տարեցը պետք է սոցիալական ծառայություն դիմի։ Դրա աշխատակիցը կայցելի տարեցին, կգնահատի նրա պահանջմունքները։ Եվ դրա հիման վրա արդեն որոշում կկայացվի, թե արդյոք կարող է տարեցը ծերանոց գնալ և ինչ չափով պետական ֆինանսավորում կստանա։
«Իմ ընտանիքը» ծերանոցը, որտեղ ապրում է Քեթևան Տուշուրին, պետական ծերանոց է, որը տեղակայված է Թբիլիսիի Գլդանի թաղամասում։ Քեթևանի հետ միասին այստեղ այժմ ապրում է ևս 12 հոգի՝ տասը կին և երկու տղամարդ։ Ամենատարեցը 94 տարեկան է, ամենակրտսերը՝ 75։ Այս տասներկու տարեցներից հինգի համար վճարում են նրանց ընտանիքները, մնացածների համար՝ պետությունը։
Պետությունը ծախսերի համար օրական տրամադրում է 22 լարի [մոտ $6,5]։ Այս գումարի մեջ է մտնում տարեցների շուրջօրյա խնամքը, նրանց հիգիենան, առաջին օգնությունն ու երեքանգամյա սնունդը։
Սակայն 22 լարիով անհնար է տարեցին նորմալ ապահովել, ասում է ծերանոցի տնօրեն Մայա Ախալաձեն։ Մնացած բոլոր ծախսերը հոգում են հասարակական կազմակերպությունները, տարբեր հիմնադրամներն ու մասնավոր անձինք։
«Այդ պատճառով էլ կարող եմ ընդունել միայն յոթ տարեցի, որոնց համար ոչ ոք չի վճարում։ Սակայն սպասման ցուցակը մեծ է, և այս սահմանաչափը մենք պետք է ավելացնենք», — ասում է Ախալաձեն։
Պետական ծերանոցներից զատ՝ Վրաստանում ոչ մեծ մասնավոր ծերանոցներ էլ կան, որտեղ մեկ կենվորի ծախսն ավելի զգալի է։ Օրինակ՝ «Տաոբա» ծերանոցում 14 տարեց կա, որոնցից յուրաքանչյուրն իր համար վճարում է օրական 60 լարի [մոտ $17,5]։ Նրանց մեծ մասը տարեցներ են, որոնք հատուկ և մշտական խնամքի կարիք ունեն։
«Մենք բարձր չափանիշներ և որակ ենք ապահովում։ Չէ՞ որ տանը հիվանդ տարեցին խնամելը շատ ավելի թանկ է, քան մեզ մոտ։ Պետք է բուժքույր բերես, հիգիենայի պարագաներ գնես և այլն։ Ընտանիքի համար դա արժենում է ամսական մոտ 4 000 լարի [շուրջ $1 170]։ Իսկ մենք այդ ամենն անում ենք 1 800 լարիով [մոտ $525]», — ասում է ծերանոցի վարիչ Ուչա Վախանիան։
Սակայն միջինում Վրաստանի ծերանոցներում մեկ տարեցի կյանքի համար ամսական 500-800 լարի է անհրաժեշտ [մոտ $146-235]։ Գները կախված են տարբեր գործոններից՝ տարեցի առողջական վիճակից, նրանից, թե արդյոք նա կարող է իր համար ինքնուրույն հոգ տանել, և այլ պայմաններից։ Ամսավճարը միշտ ներառում է երեքանգամյա սնունդ, տարեցների տարրական խնամք և առաջնային բուժսանիտարական օգնություն։
Մտածողությունն ասում է, որ ծերանոցում ապրելը դժբախտություն է։ Բայց արդյո՞ք դա այդպես է
Մասնավոր ծերանոցների տերերն ասում են, որ ծերանոցը Վրաստանում ոչ շահեկան բիզնես է։ Եվ դա մի քանի պատճառ ունի։
Վրաստանում դեռ տարածված է այն կարծրատիպը, որ տարեցին ծերանոց ուղարկելը նույն բանն է, ինչ նրան ճակատագրի քմահաճույքին թողնելը։ Այդ պատճառով էլ ծերանոցներում հիմնականում ապրում են մարդիկ, որոնք չունեն խնամակալ, ում ընտանիքն արտասահման է մեկնել, և ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն՝ Ալցհեյմերի հիվանդություն, տկարամտություն։
Եվս մի խումբ են կազմում նրանք, ովքեր կորցրել են բնակարանը և սեփական տուն չունեն։ Կամ ընտանիքի անդամների հետ վատ հարաբերություններ ունեն։ Կամ էլ ընտանիքը չի կարող հարկ եղած ձևով հոգ տանել տարեց ազգականի համար։
«Շատերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում ծերի կյանքը։ Երբ բավարար չէ, որ կան երեխաներ և թոռներ։ Երբ մարդն ուզում է շփվել հասակակիցների հետ, ընկերների շրջապատում գտնվել, այլ ոչ միայն ընտանիքում», — ասում է Մայա Ախալաձեն՝ «Իմ ընտանիքը» ծերանոցի տնօրենը։
Լրագրող Ցիրա Գվասալիան, որը ծերանոցների մասին վավերագրական ֆիլմ է նկարել, նույնպես ասում է, որ նկարահանումներից առաջ կարծրատիպերի ազդեցության տակ է եղել․
«Ի սկզբանե պատկերացում ունեի, որ ծերանոցներում տարեցները լքված են և դժբախտ։ Բայց երբ այնտեղ հայտնվեցի, բոլորովին այլ իրականություն տեսա։ Նրանց կյանքը լիարժեք է և հետաքրքիր, նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում»։
Ուչա Վախանիան ասում է, որ երկրում մտածողությունը դանդաղ, բայց փոխվում է։ Եթե լավ ծերանոցներ շատ լինեն, հասարակական կարծիքը է՛լ ավելի արագ կփոխվի․
«Տարեցների ընտանիքների անդամները տեսնում են, որ մենք նրանց համար ավելի լավ ենք հոգ տանում, քան իրենք։ Եվ որ շատ տարեցներ ավելի երջանիկ են, երբ այստեղ են ապրում և ընկերներ գտնում։ Հայտնի և արժանի շատ մարդիկ են իրենց կյանքի մի մասը մեզ հետ անցկացրել»։
Նույնն է ասում նաև Մայա Ախալաձեն․
«Հասարակության վերաբերմունքը փոխվում է։ 2003 թ-ին, երբ որոշեցի ծերանոց բացել, ինձ քննադատում էին, ասում էին, որ Վրաստանում տարեցներին չի կարելի ծերանոց ուղարկել։ Սակայն այժմ ավելի ու ավելի քիչ մարդիկ են մտածում, թե ինչ կասեն իրենց ազգականներն ու հարևանները։ Գլխավորն այն է, որ հարազատի հետ ամեն ինչ լավ լինի»։
Եվս մեկ պատճառ, թե ինչու մասնավոր ծերանոցները Վրաստանում դեռևս նորմա չեն դարձել, աղքատությունն է։ UNPFA և Կարմիր խաչի անցկացրած հարցման համաձայն՝ 2020 թ․ օգոստոսին 65 և դրանից բարձր տարիքի 189 213 մարդ Վրաստանում սոցիալապես խոցելի խմբում է եղել, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ տարեցը։
Վրաստանում տարեցների 84 տոկոսի հիմնական եկամուտը 220 լարի թոշակն է [մոտ $64]։
Անգամ այն տարեցները, որոնք որոշակի խնայողություներ ունեն, չեն կարող իրենց թույլ տալ մասնավոր ծերանոցի դիմաց վճարել։ Երբեմն նրանց փոխարեն դա անում են նրանց հարազատները։ Հաճախ դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ երեխաներն արտասահման են մեկնում սովորելու և չեն կարողանում անձնամբ հոգ տանել Վրաստանում մնացած ծնողների համար։ Այդ ժամանակ նրանք աշխատում են մասնավոր ծերանոցում հանգիստ և ապահով ծերություն ապահովել նրանց համար։
Վրաստանում ծերերի խնդիրը միայն աղքատությունը չէ
Վրաստանն, ինչպես աշխարհի մեծ մասը, ծերացող երկիր է և 50-ից 43-րդ տեղն է զբաղեցնում։
Ըստ ՄԱԿ տվյալների՝ ազգը ծերացող է համարվում, եթե բնակչության 7 տոկոսը 65 տարեկանից բարձր է։ Ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների՝ 2019 թ-ին Վրաստանում այս տարիքի անձանց թիվը 14,8 տոկոսից ավելին է։
Վրաստանում տարեցների խնդիրը միայն աղքատությունը չէ։ Թեև ավելի քան կես միլիոն մարդ տարեց է, նրանց համար հատուկ ծառայություններ չկան։ Քաղաքներում հատուկ ենթակառուցվածքներ չկան, որոնք տարեցներին թույլ կտան ավելի լավ ինտեգրվել հասարակությանը և ապրել լիարժեք կյանքով։
Ինչպես ասում է Ուչա Վախանիան՝ նրա համար, որ Վրաստանում տարեցը «անպետք» է համարվում, նախևառաջ, մեղավոր է մտածողությունը, հասարակությունն ու այդ տարեցների ընտանիքների անդամները․
«Հասարակությունը սովոր է, որ տարեցները բառացիորեն լիարժեք կյանքի իրավունք չունեն։ Կարծես նրանք գոյություն չունեն։ Ոչ ոքի չի հուզում, թե ինչ է մտածում ծեր մարդը, ինչ կարծիք նա ունի տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ։ Ինչ օգուտ նրանք կցանկանային տալ հասարակությանը, ինչպես կցանկանային իրացնել իրենց հնարավորությունները։ Տանը փակված նստիր և հանդարտություն պահպանիր․ ահա տարեցների ճակատագիրը Վրաստանում»։
«Ո՛չ ընտանիքները, ո՛չ հասարակությունը հոգ չեն տանում տարեցների՝ հասարակությանն ու պետությանն ինտեգրվելու մասին»։
Վրաստանում տարեցների մեծ մասն իրեն «բեռ» է համարում իր ընտանիքի համար, ասում է Թբիլիսիի պետական համալսարանի Ձևաբանության ինստիտուտի ծերունաբանության և պալիատիվ բժշկության ամբիոնի նախագծերի հեղինակ Էլենե Ջանբերիձեն։
Երկրի ծանր սոցիալական դրության պատճառով 65 տարեկանից բարձր անձինք Վրաստանում բազմաթիվ առողջական խնդիրներ ունեն։ Եվ սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի ծերանոցների հասանելի և ճյուղավորված ցանցի ստեղծումը»։
«Վրաստանում ծերանալը սարսափելի է, — ասում է լրագրող Ցիրա Գվասալիան։ — Ոչ մի երաշխիք չկա, որ պետությունը կօգնի, եթե հիվանդանաք կամ սովից մահանալու լինեք։ Եթե երեխա չունեք, ոչ ոքի վրա չեք կարող հույս դնել»։
Ի՞նչ պետք է արվի
2012 թ-ից Վրաստանում տարեցներն օգտվում են առողջապահական ծրագրից, նրանք ունեն դեղորայքի և տրանսպորտի զեղչ։ Սակայն դա բավական չէ։ Միջինում, բժշկական կարիքների համար ծախսի մեկ երրորդը, երբեմն՝ ավելին, ընտանիքի վրա է։
2020 թ-ին այս բոլոր խնդիրներին ավելացել է նաև կորոնավիրուսը։ Եվ սա, ըստ բոլոր գնահատականների և կանխատեսումների, մարդկության համար երկարաժամկետ խնդիր է դառնալու։
UNPFA և Կարմիր խաչի հետազոտության համաձայն՝ համավարակը բարձր մահացություն է առաջացրել Վրաստանի և ողջ աշխարհի տարեցների շրջանում։ Իսկ սոցիալական հեռավորությունը, մեկուսացումն ու մարդկանց շփման մեծ մասամբ առցանց դառնալն ազդել է տարեցների ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։
«Սակայն տարեցի կյանքը կարող են գունավորել մանր դետալները։ Օրինակ՝ որ հետիոտնային անցումի կանաչ լույսն այդքան կարճ չլինի։ Կամ որ քաղաքի փողոցներում ավելի շատ զուգարաններ լինեն», — ասում է Վախանիան։
Վրաստանի պես աղքատ երկրում երկու պարզ և ոչ թանկ լուծում կա, որը կարող է տարեցների կյանքն ավելի հաճելի դարձնել, ասում է նա․
«Առաջինը՝ տարեցի համար վայրն է, ուր նա կարող է գալ և ընկերների հետ ժամանակ անցկացնել։
Երկրորդը՝ տան պայմաններում խնամքի ծառայությունն է։ Այդ դեպքում տարեցները տանը կլինեն, իսկ նրանց կօգնեն լվացքի, սննդի պատրաստման և դեղորայքի գնման հարցերում»։
«Փոխակերպում» հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարիամ Պալավանդիշվիլին որպես օրինակ է բերում այլ երկրները, որտեղ տարեցների համար շատ բան են անում կամավորները․
«Անգլիայում, օրինակ, պալիատիվ օգնություն ցուցաբերող կամավորները պատրաստություն են անցնում, այնուհետև գնում են տարեցների տուն, նրանց համար դեղորայք գնում, ներարկումներ անում և շփվում նրանց հետո։ Շատ կարևոր է մեր հասարակության հետ այս ուղղությամբ աշխատելը»։
Փորձագետներն ասում են, որ որպեսզի տարեցների կյանքն իրոք փոխվի, անհրաժեշտ է, նախևռաջ, փոխել հանրային գիտակցությունը․
«Տարեցների բարեկեցության համար մեր հասարակության և պետության ներդրումները գրեթե զրոյի են հավասար։ Բայց ինչո՞ւ։ Մի՞թե որևէ մեկն ասել է, որ որոշակի տարիքից՝ նորմալ կյանք հնարավոր չէ։ Թե՞ 85 տարեկանում չեք կարող երջանիկ լինել։ Աստված և բնությունն այդպիսի սահմանափակումներ չեն դրել։ Այդ մենք ենք նման սահմանափակումներ դնում», — ասում է Մարիամ Պալավանդիշվիլին։