ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտե. Ղրիմում անհիմն ձերբակալում և կտտանքների են ենթարկում մարդկանց
Կիսվել
Կիսվել
Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը զգալիորեն վատթարացել է ռուսական օկուպացիայի պայմաններում: Այդ մասին խոսվում է ՄԱԿ մարդու իրավունքների վարչության զեկույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 25-ին:
«Մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել, օրինակ, կամայական կալանքն ու ձերբակալությունները, բռնի անհետացումները, դաժան վերաբերմունքն ու կտտանքները, արտադատարանական պատժի գոնե մեկ դեպք», — ասված է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի բոլոր բնակիչները տուժել են, երբ ուկրաինական օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Դաշնության օրենքներով: Իսկ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հրաժարվել են ռուսական քաղաքացիությունից և կեցության իրավունք են ստացել, զրկված են շատ իրավունքներից:Մասնավորապես, չեն կարող քվեարկել ընտրություններին և ընտրված լինել, հանրային հավաքների անցկացման համար դիմում ներկայացնել, պետական վարչակազմում պաշտոններ զբաղեցնել:Այս և այլ գործողությունները, որոնք նշված են զեկույցում, կատարվել են միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում իրավունքների խախտմամբ:
ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունը նույնպես նշում է, որ Ղրիմում էքստրեմիզմի դեմ պայքարի պատրվակով տներում խուզարկություններ էին անցկացվում և վախեցնում լրագրողներին, բլոգերներին, «Ղրիմի թաթարների ժողովրդի մեջլիս» կազմակերպության կողմնակիցներին և ակտիվիստներին:
Զեկույցում երկու դեպք է նշվում, որոնք գրանցվել են 2016թ-ին, երբ ուկրաինամետ ակտիվիտսների դեմ կիրառվել են «սեռական բռնության տարրերով կտտանքներ», որի պատճառով նրանք ստիպված էին խոստովանել ահաբեկչության հետ կապված հանցագործություններ:
Զեկույցը ռուսական կառավարությանը 20 խորհուրդ է պարունակում: ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ է անում պաշտպանել Ղրիմում մարդու իրավունքները և արդյունավետ կերպով հետաքննել ենթադրվող կտտանքները, առևանգումներն ու սպանությունները:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը ՄԱԿ զեկույցն անգրագետ փաստաթուղթ է անվանել, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Նա նաև հավելել է, որ «զեկույցներ կազմող բոլոր այդ կազմակերպություններն» աչքերը փակ են գործում, և ռուսական իշխանությունները մտադիր չեն «կուրորեն հետևել դրանց»: