«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվտանգի մեր գործունեությունը Վրաստանում»․ ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) իր խորը մտահոգությունն է հայտնել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը սպառնում է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության կառուցման գործում նրանց նշանակալի ներդրմանը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նման օրենքի ընդունումը կարող է բարդացնել ՄԱԿ-ի գործունեությունը կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։
Կազմակերպությունն ընդգծում է, որ ավելի քան երեսուն տարի ՄԱԿ-ը եղել է Վրաստանի վստահելի գործընկերն ու դաշնակիցը՝ աջակցելով Վրաստանի զարգացմանը՝ երկրի ազգային առաջնահերթություններին համապատասխան և օգնություն տրամադրելով «վրացի ժողովրդին մեր տեղական գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ միասին»:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զգալի աջակցություն են ցուցաբերում հասարակության ամենախոցելի խմբերին և պաշտպանում նրանց իրավունքները։ Իսկ քաղաքացիական հասարակության գործունեության խարանավորումը կարող է առանց համապատասխան օգնության թողնել այդ խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տարեցներին, կանանց, երիտասարդներին, երեխաներին, ընտանեկան բռնության զոհերին և մյուսներին, ովքեր արդյունավետ աջակցության և օգնության կարիք ունեն:
«Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու համար այնպիսի միջոցառումները, որոնք կվտանգեն վրացական ժողովրդավարությունը և կխոչընդոտեն կամ կդանդաղեցնեն աջակցությունը Վրաստանի զարգացմանը»,— ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
- Վրաստանում առաջարկում են ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի անալոգը
- «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ»․ ՀԿ-ների և ԶԼՄ-ների համատեղ բողոքի ակցիան
- «Սարե՞ր շարժել»․ ի՞նչ են ասել Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին այդ խորագրով քննարկմանը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պաշտոնապես անջատված և «Ժողովրդի իշխանություն» շարժումը հիմնած պատգամավորները խորհրդարանին են ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների գործունեությանը։
Օրինագծի համաձայն՝ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները ստիպված կլինեն մուտք գործել «օտարերկրյա գործակալների» ռեեստր։ Շարժման առաջնորդներից նախկին հանրային պաշտպան Սոզար Սուբարին պնդում է՝ դա լինելու է ֆինանսական թափանցիկության արևմտյան անալոգը, և այն ոչ մի կապ չունի ռուսական մոդելի հետ։
«Ժողովրդի իշխանության» առաջնորդներից Գուրամ Մաչարաշվիլիի խոսքով՝ ելնելով հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներից՝ հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետության մեջ որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների եկամտի աղբյուրները, քանի որ նրանք ազդում են հասարակական որոշումների վրա և մասնակցում հանրային կարծիքի ձևավորմանը կամ ակտիվորեն մասնակցում են քննարկումների, որոնք օրենքներ կամ որոշումներ ընդունելիս կազմակերպում են օրենսդիր և գործադիր իշխանությունները:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փետրվարի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը արձագանքել էր նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ նման օրենքը պոտենցիալ սպառնալիք կստեղծի Վրաստանի եվրատլանտյան շարժման համար։ Փրայսի խոսքով՝ այս օրինագիծը հիմնված է ոչ թե ամերիկյան, այլ ռուսական և հունգարական մոդելների վրա։
Փրայսի գնահատմամբ՝ առաջարկվող օրենքը կբացառի և կլռեցնի անկախ ձայնը Վրաստանի քաղաքացիների, որոնք ձգտում են ստեղծել լավագույն ապագա իրենց հասարակության համար: