Ճտերը ոտքի են կանգնում
Լորետա Գասպարյանն արդեն 13 տարի է իր օրը նույն կերպ է սկսում՝ անցնում է թռչնաբուծական ֆաբրիկայի մեծ տարածքի երկար շարքերով: Այստեղ աղմկում են օդորակիչները, սակայն դրանք միայն խլացնում են ճտերի ծվծվոցը: Լորետան քայլում է շարքերի միջով և հայացքով փնտրում սատկածներին կամ ուշքները կորցրած ճտերին: Սա նրա առավոտյան առօրյան է:
Ճտերն այս ու այն կողմ են վազում, դրանք այնքան շատ են, որ երբեմն հատակը չի երևում:
Թռչնաբուծական ֆաբրիկան, որտեղ աշխատում է Լորետան, կոչվում է «Լուսակերտ» և գտնվում է Մարտունիում: Նա աշխատում է 4 թռչնանոցներից մեկում: Ձեռնարկության տնօրենը Բորիս Դոլուխանյանն է, նա պատմում է, որ ֆաբրիկան դեռևս ողջ ուժով չի աշխատում, 6 թռչնանոցից միայն 4-ն են ամբողջությամբ զբաղեցրած: Ամեն մեկում 25 հազ. թռչուն կա:
Լուսակերտի արտադրանքը պահանջարկ ունի. այսօրվա դրությամբ այն 25 տեսակի արտադրանք է տալիս:
“Թռչնամիս պոլիէթիլենային փաթեթներում, ափսեներում, կտրատած, բուդ, կրծքամիս, մեջք, վզիկ, ենթամթերք, կիսաֆաբրիկատներ, պելմենի, կոտլետ, ծխեցրած հավ և այլն”, — թվարկում է տնօրենը:
Տեղացի տնտեսուհիները գնահատում են Լուսակերտը, քան որ միայն այստեղ կարելի է գնել թարմ չսառեցրած հավ:
“Միայն չսառեցվածն է համապատասխանում իր իրական քաշին , — բացատրում է Ստեփանակերտի բնակիչ Կարինե Պետրոսյանը:
Իր հաջողությամբ Լուսակերտը հիմնականում պարտական է Լեռնային Ղարաբաղի Գյուղին ու գյուղական տնտեսության աջակցման հիմնադրամին. այն մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք խթանում են անասնապահությունն ու թռչնաբուծությունը տարածաջրջանում: Հիմնադրամն ընտրում է տնտեսությունները մրցութային կարգով՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են, օրինակ, բոլոր անհրաժեշտ կառույցների առկայությունը, օդորակիչների, լուսավորության համակարգերի, խոնավության վերահսկման առկայությունը և այլն: Հաջողակ թեկնածուներին հիմնադրամը արտոնյալ վարկեր է տրամադրում:
Ղարաբաղյան թռչնաբուծարանները որպես կեր հիմնականում օգտագործում են տեղական մթերքը, մնացածը ներկրվում է արտասահմանից: Լուսակերտը բերում է այն Վրաստանից ու Իրանից:
«Վրաստանից ներկրվում են ինկուբացիոն հավկիթներ, որոնք 180-200 դրամ արժեն (մոտ 40 ցենտ), իսկ Իրանից ներմուծում ենք 1 օրական ճտեր՝ 240-250 դրամով (մոտ 50 ցենտ)»:
Ինկուբացիոն հավկիթը Լուսակերտի համար կիսաֆաբրիկատ է: 22 օրից դրանից ճուտ է դուրս գալիս, իսկ 55 օրից, ավաղ, վերածվում է թռչնամսի, որը փաթեթավորվում և ուղարկվում է խանութ: Նոր ճտերը ձվից դուրս են գալիս ամիսը երկու անգամ, ամեն ամիս մորթվում է 45-50 հազ. հավ: Ամռանը՝ մի փոքր պակաս:
Ֆերմայում աշխատում է 130 մարդ, ևս 30-ը՝ ֆիրմային խանութներում: Միայն Ստեփանակերտում 8 նման խանութ կա, դրանք գործում են նաև Զանգեզուրում: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 60-80 հազ. դրամ (125-170 դոլար):
Չնայած, որ արտադրանքը պահանջարկ ունի, իսկ խանութները լավ վաճառք են ապահովում, թռչնաֆաբրիկայի տնօրենի խոսքով ձեռնարկությունը համարյա եկամուտ չի բերում: «Կարելի է ասել, որ մենք այժմ աշխատում ենք առանց եկամտի, արտարժույթի տատանման հետևանքով 7-8 մլն դրամի վնաս ենք կրել, իսկ գազի թանկացումից հետո ստիպված ենք գազի համար 17-18 դրամով ավել վճարել, և նախատեսվածից 1 մլն ավել ենք ծախսել: Ստիպված գինը բարձրացրինք 50 դրամով ու սկսեցինք մտածել, թե ինչպես կարելի է տնտեսել: Եթե ներդրումներ լինեն, հաջորդ տարվանից կարելի է փորձել տաքացնել ֆաբրիկան թռչնի ծերտի հատուկ բրիկետների միջոցով»,- ասում է տնօրենը:
Ղարաբաղյան շուկայում Լուսակերտի արտադրանքից զատ կան նաև ներկրված ապրանքներ, սակայն, ինչպես շատ վաճառողներ են ասում, բնակիչները նախընտրում են տեղական արտադրանքը:
«Մեր արտադրանքն իրացվում է ոչ միայն Ղարաբաղի շրջաններում, այլ նաև Հայաստանում, մասնավորապես՝ Զանգեզուրի շրջանում՝ Մեղրիում, Գորիսում, Կապանում, նույնիսկ Ագարակում», — նշում է Բորիս Դոլուխանյանը:
Բայց սա սահմանագիծը չէ: Ծրագրվում է ընդլայնել շուկան ու սկսել մրցակցել Հայաստանի խոշոր ընկերությունների հետ:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի