Հայաստանը` երկընտրանքի առջև. արդյո՞ք երկիրը դուրս կգա ՌԴ ազդեցության գոտուց
Ճգնաժամ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում
«Եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Երևանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները հնչում են 2021 թվականի մայիսից, երբ Հայաստանը դիմեց Ռուսաստանին ՀՀ սահմանները պաշտպանելու խնդրանքով և օգնություն չստացավ։
Իրավիճակը սրում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները երկրի տարածքը պաշտպանելու համար չստացան ոչ միայն ռազմական օգնության, այլև քաղաքական հայտարարություններ Ռուսաստանից ու ՀԱՊԿ դաշնակիցներից։ Նրանք դեռ չեն հաստատել, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են երկրի ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք հրաժարվեցին օգնել դաշնակից Հայաստանին՝ պատրվակով, թե սահմանագծում և սահմանազատում իրականացված չէ։
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից։ Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս։ Ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծապես վնասում են ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս»,- հայտարարել էր Փաշինյանը։
Վարչապետը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ Ռուսաստանի ղեկավարությամբ գործող ռազմական դաշինքից։ Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա Երևանը փաստացի կխզի դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ և կորդեգրի Արևմուտքի հետ ինտեգրման կուրս։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմավարական դաշնակցի վարկանիշն արդեն իսկ ամենացածր դիրքերում է վերջին 30 տարվա ընթացքում։
- «60 զրույց Պուտինի հետ». Փաշինյանը պատերազմի դադարեցման նոր մանրամասներ է հայտնել
- «Լրջագույն զինատեսակներ Ֆրանսիան չի տա, բայց կհամագործակցի»․ հայ վերլուծաբան
- «Գույք կամ գումար՝ չմատակարարված զենքի դիմաց»․ կարծիք Երևանից ՌԴ պարտքի մասին
- ՀԱՊԿ-ից դուրս գալը Երևանի օրակարգում չէ․ ինչո՞վ է վտանգավոր
Ինչի՞ց սկսվեց ճգնաժամը
Արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն ապրում։ Հայաստանի իշխանությունները երբեք այսքան բացահայտ չեն քննադատել Մոսկվային ու ՀԱՊԿ-ին։ Հայաստանում մարդիկ զարմանքով են հետևում Փաշինյանի՝ Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատական հայտարարություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների անգործության մասով։
Մասնավորապես, Հայաստանի վարչապետը քննադատել է ռուս խաղաղապահներին՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շրջափակումը, միակ ճանապարհի, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ.
«Իհարկե, սա տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում։ Որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»։
Երևանի դժգոհությունը Մոսկվայի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումից ձնագնդի պես աճեց։ Ամեն ինչ սկսվեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերով։
Երկրի իշխանությունները հայտարարում են, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ գնացել է լայնածավալ ռազմական գործողությունների՝ միաժամանակ իրականացնելով սողացող էքսպանսիա և խորանալով Հայաստանի տարածքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո թուլացած Հայաստանը մեծ հույսեր էր կապում դաշնակիցների աջակցության հետ։
«2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիան կրկնակի ցավոտ էր, քանի որ մեր անվտանգային դաշնակիցները մեզ մենակ թողեցին՝ գերադասելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միայն դա՞ էր ճգնաժամի պատճառը
Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում կարող են իշխանության գալ եվրոպամետ ուժեր, ակտիվացել էին դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ։ Այդ ժամանակ բոլորը հիշեցին, որ շարժման առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Փաշինյանը հայտարարություններ է արել Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտության մասին։
Բայց երբ իշխանության եկավ, Փաշինյանը փոխեց իր հռետորաբանությունը և հայտարարեց՝ Երևանը չի պատրաստվում լքել որևէ ինտեգրացիոն կառույց, առավել ևս չի ձգտում քաղաքական ռեվերսի։ Քաղաքական մեկնաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը վստահ է՝ սրանք միայն խոսքեր էին․
«Բավական է պարզապես ուսումնասիրել 2018 թվականի, այսպես կոչված, երիտհեղափոխականների առաջին կազմը, որը բավականին ակտիվ երևում էր հանրային դաշտում: Դա այն մարդիկ էին, որոնք կազմակերպում էին հակառուսական գործընթացներ Ռուսաստանի դեսպանատան մոտ: Նույնիսկ կառավարության կազմում հիմա կան այդպիսի մարդիկ»։
Երկրի բարձրագույն ղեկավարությունում իսկապես կան՝ այսպես կոչված «վառ ընդգծված արևմտամետներ», որոնք մինչև 2018 թվականը կոշտ քննադատության էին ենթարկում Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Նրանցից ամենաակնառու դեմքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։
Միևնույն ժամանակ, գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մշտապես հայտարարում էին Մոսկվայի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու իրենց ձգտման մասին։ Երկու երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում էին, ու թվում էր, թե Հայաստանն ու Ռուսաստանը գոհ են երկկողմ հարաբերություններից։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է՝ վարչապետության սկզբնական փուլում Փաշինյանն իսկապես չի մտածել արտաքին քաղաքական կուրսը փոխելու մասին․
«2018-ին մի պատրանք կար, որ հնարավոր է նույնիսկ նոր որակի հարաբերություններ հաստատել, ավելի խորացնել Ռուսաստանի հետ: Եվ որ Հայստանի ժողովրդավարական իշխանությունները դա կանեն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա ոչ միայն պատրանք էր, այլ նաև վտանգավոր պատրանք էր: Եվ հիմա, ըստ էության, կարելի է ասել՝ այդ պատրանքներից քարը քարի վրա չի մնացել»։
Հայաստանն իսկապե՞ս ընտրում է Արևմուտքը
2020 թվականի պատերազմից հետո թվում էր, թե Ռուսաստանը հաստատել էր «միանձնյա հեգեմոնիա Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Այդ տպավորությունը փոքր-ինչ խախտում էր միայն Թուրքիայի ներկայությունը: Սակայն ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվան սկսեց արագորեն կորցնել դիրքերը։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ պատերազմից ի վեր ամենամասշտաբային էսկալացիան։ Օրեր անց Հայաստան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, իսկ համաշխարհային լրատվամիջոցները հայտնեցին, որ հենց Վաշինգտոնի շնորհիվ են դադարեցվել սեպտեմբերյան բախումները։ Սա, թերևս, շրջադարձային պահ էր ղարաբաղյան կարգավորման հետպատերազմյան շրջափուլում։
Իրավիճակն ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որ ամեն անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բախվում էին սահմանին, Ռուսաստանը լռում էր։ Ինչը հանգեցրեց նրան, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը սկսում են գրավել բանակցային գործընթացի հիմնական մոդերատորի դերը։
«Հանգամանքների թելադրանքով Հայաստանն այնուամենայնիվ վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Առաջինը: Երկրորդը՝ Հայաստանը ֆիքսել է իր շահերի, նպատակների և արժեքների ընդհանրությունը Արևմուտքի հետ և, ըստ այդմ, Արևմուտքին դիտարկում է որպես հեռանկարային գործընկեր: Եվ երրորդը` միևնույն ժամանակ Հայաստանն այս պատկերն ամբողջացնելու համար վերջնական որոշում չունի: Ես գոնե այդպիսի տպավորություն եմ ստանում, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ բոլոր այն կառույցներում, որոնք հակասում են Հայաստանի պետական շահերին և անվտանգությանը»,- ներկայիս իրավիճակն այսպես է բնութագրում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Սրան զուգահեռ իրողությունները փոխվում էին նաև Լեռնային Ղարաբաղում։ Անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանցիները, որոնք իրենց բնապահպան ակտիվիստներ էին կոչում, փակեցին Լաչինի միջանցքը։ Իսկ Ռուսաստանը փաստացի ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց այն ապաշրջափակելու համար։ Հետո Բաքուն ավելի հեռուն գնաց և ռուս խաղաղապահների լուռ համաձայնությամբ հսկիչ-անցագրային կետ տեղակայեց Լաչինի միջանցքում։ Այսպիսով, ճանապարհն այժմ Ռուսաստանի կողմից փաստացիորեն չի վերահսկվում, ինչը ենթադրվում է 2020 թվականի եռակողմ հայտարարության տեքստով։
Հրաժարում Ղարաբաղից
Որքան առաջ էր գնում Ադրբեջանը, և որքան երկար էր լռում Մոսկվան, այնքան ավելի թույլ էին դառնում Երևանի բանակցային դիրքերը։ Ռազմական բախումները սահմանին դարձել էին Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոց։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, ապա բանակցությունների ժամանակ հաստատեց Երևանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրականություն կդառնա, եթե երկու երկրներն էլ հստակորեն, առանց երկիմաստության, ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Այժմ ես ուզում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»։
Իրավիճակի մակերեսային վերլուծությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը ստիպված է գնում նման քայլի։ Արման Աբովյանը կարծում է, որ սա ավելի մտածված ու երկարաժամկետ քաղաքականություն է, որի նպատակն է փոխել արտաքին քաղաքականության վեկտորը.
«Այս իշխանությունը այն աշխարհաքաղաքական կենտրոնների կատարողն է, որոնց հիմնական նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանից արևելյան վեկտորի՝ Ռուսաստանի, Իրանի և մասամբ Չինաստանի դուրս մղումն է»։
Փորձագետները հանգում են այն վարկածին, թե այս գործընթացի վերջնարդյունքը պետք է դառնա Թուրքիայի հետ սահմանի բացումը ղարաբաղյան հարցում զիջումների գնով։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանը կստանա ամենակարճ հաղորդակցությունը դեպի Եվրոպա, ինչը կարող է զգալիորեն ընդլայնել Երևանի և Բրյուսելի համագործակցության հնարավորությունները։
Համապատասխանո՞ւմ է սա Հայաստանի ազգային շահերին
Ի՞նչ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ։ Սա, թերեւս, Հայաստանի քաղաքական օրակարգի ամենանշանակալից դիսկուրսներից մեկն է։ Եթե մի քանի տարի առաջ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը հավանության էր արժանացնում Մոսկվայի հետ համագործակցությունը խորացնելու իշխանությունների քաղաքականությունը, ապա 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները փոխեցին հասարակության կարծիքը։ Այժմ Ռուսաստանին բարեկամ երկիր է համարում բնակչության միայն 35 տոկոսը, մինչդեռ մինչ պատերազմը այդ ցուցանիշը գերազանցում էր 50 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիան բարեկամական երկիր է համարում 45 տոկոսը:
Մեկ այլ կարևոր հարց, որին փորձում է պատասխանել հայկական վերլուծական հանրությունը, այն է, թե ինչու է Ռուսաստանը նման քաղաքականություն վարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ այս հարցի պատասխանը փորձագետները կապում են ուկրաինական ճգնաժամի հետ։
Եվրոպական երկրների սահմանների փակվելուց և արևմտյան պատժամիջոցներից հետո Ռուսաստանը հաղորդակցությունների և ածխաջրածինների արտահանման հարցերով մեծ կախվածություն ունի Թուրքիայից և նույնիսկ Ադրբեջանից: Այժմ Թուրքիան Ռուսաստանի արտահանման և ներմուծման հիմնական և գլխավոր ուղին է։ Նման իրավիճակում Մոսկվան պարզապես չի կարող իրեն թույլ տալ «նեղացնել» Անկարային ու Բաքվին ու չզիջել նրանց ԼՂ-ի ու Հայաստանի հարցերում։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը վստահ է՝ այս իրողությունների ըմբռնումը պետք է հանգեցնի Հայաստանի արտաքին քաղաքականության նորացման․
«Ժամանակն է, որպեսզի մենք հստակ դիրքորոշում արտահայտենք և այդ [ՀԱՊԿ] ռազմաքաղաքական դաշինքը լքենք: 2020 թվականի ռազմական ագրեսիայի վերջնարդյունքում, այն ակնկալիքները, որոնք ունեինք ՌԴ հետ երկկողմ պայմանագրային բազայի համատեքստում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի համատեքստում, մեղմ ասած՝ չբավարարվեցին: Եթե չասենք, որ շատ մեծ հարված հասցրեցին մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներին»։
Հայաստանը դժգոհ է նաև նրանից, որ Ռուսաստանը չի մատակարարում իր՝ ավելի վաղ գնած զենքը, որի դիմաց, ի դեպ, վճարվել է։ Այս իրավիճակում Երևանը զգալիորեն ակտիվացրել է շփումները Հնդկաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի հետ։ Այսինքն՝ երկիրը մտադիր է փոխել, գոնե դիվերսիֆիկացնել նաև ռազմատեխնիկական համագործակցության վեկտորը։
Կկարողանա՞ Երևանը կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն ներկայիս սաստիկ տուրբուլենտության պայմաններում։ Եվ, որ ամենակարևորն է, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ գործընթացը։ Հարցեր, որոնք դեռ բաց են մնում։ Մի բան հաստատ է, որ Երևանն արդեն սկսել է վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ, փաստացի դա տեղի է ունենում անկախությունից հետո առաջին անգամ։
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիացանցի (Медиасеть) աջակցությամբ
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ճգնաժամ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում