Ճակատամարտ երեխաների համար
Հուլիս, անտանելի շոգ: Տանն օդափոխիչ չկա, փոխարենը բոլոր պատուհանները բաց են: 5-ամյա Նիգյարը ցրված նայում է պատուհանից երևացող բալի ծառերին և կրկին գլուխը խոնարհում տետրին. պետք է օրինակները լուծի: Ես՝ որպես ընտանիքի ընկեր, օգնությունս առաջարկեցի մաթեմատիկայի հարցում, ինչն էլ անում էի ողջ ամառ, ամեն օր՝ ժամը 5-6-ը: Ընդ որում, գլխումս անընդհատ հարցեր էին պտտվում. ինչո՞ւ են հնգամյա երեխային այդպես տանջում: Եվ եթե Եվրոպական լիցեյն այդքան լավն է, որտեղ Նիգյարի մայրն ուզում է նրան ընդունել տալ, ապա ինչու ուսուցիչներն իրենք չեն կարողանում դասերին երեխաներին հետհաշվարկ անել և պարզ թվերի գումարում սովորեցնել: Այդ ի՞նչ նորաձություն է. երկու քննական փուլ առաջին դասարան ընդունվելիս:
Դպրոցներ հանճարների համար
Բաքվի դպրոցների մեծ մասը ընդունելության քննություն է անցկացնում երեխաների համար: Կրթության նախարարության աշխատակիցները խուսափում են մամուլին մեկնաբանություններ տալ, սակայն նրանցից մեկը, որը չցանկացավ անունը նշել, մեզ ասաց, որ քննությունները «միշտ չէ որ օրինական են, սակայն բացատրելի են»: «Քանի որ միջնակարգ դպրոցում մրցակցությունը շատ բարձր է և որոշ տնօրեններ իրենց իրավունք են վերապահում չընդունել երեխային, եթե նա հարցազրույց չի անցել:
Բացի այդ, տաղանդավոր երեխաների դպրոց, լիցեյ, վարժարան ընդունվելիս երեխային պետք է ստուգել, արդյոք նա միջինից բարձր ընդունակությունների տեր է, քանի որ այդ ուսումնական հաստատություններում ծրագիրը բարդ է, երեխան պետք է կարողանա այն հաղթահարել:
Ահա, թե ինչի մասին է խոսքը. Եվրոպական լիցեյը միջինից բարձր զարգացվածության երեխաների համար է, ինչպես նշված է դպրոցի կայքում:
Թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, եթե ձեր երեխան հանճար չի ծնվել, պարզապես մի՛ տանջեք նրան և սովորական դպրոց տարեք: Սակայն այստեղ մենք մեկ այլ խնդրի ենք բախվում. Բաքվի կենտրոնի գրեթե բոլոր դպրոցները, որոնք խորհրդային տարիներին սովորական ուսումնական հաստատություններ էին, անկախանալուց հետո սկսեցին վերածվել լիցեյների և «ուսումնական կենտրոնների». դրանք սովորաբար ոչնչով չեն տարբերվում մնացած դպրոցներից:
Ուսումնական ծրագիրն Ադրբեջանում ստանդարտ է, դասագրքերը՝ նույնպես: Այնուամենայնիվ, № 6, 132/134, 160, 23 դպրոցները «հեղինակավոր» են համարվում, ինչը հաճախ նշանակում է «ոչ այնքան վատը, ինչպես մնացած բոլորը»: Այդ դպրոց-լիցեյներն իրավունք ունեն «ընդունելության քննություններ» անցկացնելու՝ ըստ իրենց ճաշակի, ինչն ամեն տարի վիրավորված ծնողների ամբոխներ է ծնում, որոնց երեխաները թեստերը չեն կարողացել հանձնել: Սովորական դպրոցները, որոնք պարտավոր են բոլորին ընդունել, երբեմն նույնպես թեստային քննություններ են անցկացնում՝ բացատրելով դա չափազանց մեծ մրցակցությամբ:
Ինչո՞ւ է լիցեյը երեխայի համար ավելի լավ
6-ամյա Ջամալի մայր Լեյլա Մամեդովան պատմում է. «Այս տարի մենք պատրաստվում էինք լիցեյ ընդունվել: Այդ դպոցի ուսուցիչներից մեկի մոտ երկար ժամանակ պարապել ենք: Որդիս պատասխանեց բոլոր հարցերին, սակայն նրան չընդունեցին, որովհետև երբ խնդրեցին մարդ նկարել, նա թղթի վրա ոտքերը չտեղավորեց: Նրան մերժեցին՝ ասելով, թե իբր համաչափության զգացումը խախտված է»:
Փոքրի Սայիդայի մայրը վշտացած է. «Մենք շատ լուրջ էինք դպրոցի քննությանը նախապատրաստվում, սակայն այնտեղ կային անսպասելի հարցեր: Քննությանը երեխային խնդրեցին Ադրբեջանին սահմանակից երկրները թվել: Վեցամյա երեխայի՜ն»:
Մի անգամ Նիգյարի մորից՝ Սաբինայից, հարցրի, ինչու նա չի ուզում պարզապես դստերը տանել իրենց բնակության վայրին կցված դպրոց: Սաբինան այն կանանցից է, որ իրենց զոհաբերում են հանուն երեխաների: Այսինքն՝ մազերը միշտ պոչ են կապած, արդեն երեք տարի է՝ նույն ջինսն է հագնում, փոխարենը երեխաներին տանում է լողի երաժշտության, ավագ տղան 4 տարի առաջ հերոսաբար ընդունվեց այդ Եվրոպական լիցեյը երկու տարի պարապելուց հետո: Սաբինան ինձ նայեց՝ չհասկացող աչքերով և պատասխանեց. «Անարչիկն ընդունվեց, չէ՞, ինչո՞ւ Նիգյարը չի կարող: Ախր նա էլ է խելացի աղջիկ: Հասկանում եմ, որ նրա համար դժվար է, սակայն նա պայքարում է իր գիտելիքների համար»:
Իմ պատուհանների տակ Բաքվի սովորական, «շարքային» դպրոցի բակ է: Այն իրենից քառակուսի հատակագծով ասֆալտապատած տարածք է ներկայացնում՝ տեղ-տեղ անխուսափելիորեն թափված պլաստիկե շշերով: Ժամը երկուսից հետո այնտեղ սկսում են ֆուտբոլ խաղալ: Իմ պատուհանները կրկնակի շրջանակներով են, սակայն եթե բացեմ, կյանքիս ֆոնը չդադարող «Վայ, ես քո..» անդադար բղավոցներն ու այլ ավելի թունդ արտահայտությունները կդառնան: Դա սովորական դպրոց է և, ըստ օրենքի, պետք է ընդունի այդ բնակավայրի բոլոր 6 տարեկանը լրացած երեխաներին: Այստեղ որևէ ընտրական փուլ չի անցկացվում: Ամեն օր խաղացող երեխաներին լսելիս հասկանում ես, թե ինչու է կենտրոնական դպրոցներում հաճախ մեկ դասարանում 30 աշակերտ լինում. ծնողները փորձում են իրենց երեխաների ուսումն ապահովել քիչ թե շատ «նորմալ» կոլեկտիվում (անգամ եթե դա ընդամենը թվում է), թարմ վերանորոգված տաք և մաքուր դպրոցում:
Յոթ տարեկանում ուշ է
Այսպիսով, 5 տարեկան և 10 ամսական Նիգյարն արդեն կարողանում է աշխարհամասերը տարբերել մայրցամաքներից, կաթնասուններին՝ երկկենցաղներից, և կարող է ցույց տալ, թե որտեղ են գտնվում մարդու թոքերը, երիկամները, լյարդն ու փայծաղը: Նա անգիր գիտի նաև Ադրբեջանի հիմնն ու պատմական առանցքային որոշ տարեթվեր:
Գրելու և կարդալու ունակությունը դպրոց ընդունվելիս չի էլ քննարկվում, անկախ նրանից՝ հեղինակավոր է այն, թե՝ ոչ: Նախադրպոցական տարիքի երեխայի յուրաքանչյուր մայր առաջին հերթին մտահոգվում է, որ իր երեխայի համար հանկարծ ուշ չլինի այդ բազային գիտելիքները յուրացնել (և աստված մի արասցե, բարեկամների և ծանոթների երեխաներից հետ չընկնի):
Կրթության նախարարության մեր աղբյուրը դա բացատրում է նրանով, որ դասարաններում հիմա երեխաները շատ են, և ուսուցիչներն ի վիճակի չեն բազային գիտելիքներ փոխանցել միանգամից 30-40 աշակերտի, նրանք պարզապես ի վիճակի չեն լինի դաս վարել չպատրաստված աշակերտների հետ:
Կրթության նոր նախարար Միխայիլ Ջաբարովը նախադպրոցական կրթության ինստիտուտի զարգացման ջատագով է: Ինչպես նա նշել է իր հարցազրույցներից մեկում, ներկա պահին նախադպրոցական կրթությունը ներառում է երեխաների մոտ 25%, սակայն այդ թիվը ծրագրվում է հասցնել 70%-ի: Այսօր մանկապարտեզների կատաստրոֆիկ պակաս կա, պետականների պայմաններն անբավարար են, իսկ մասնավորներն արվարձանում մեկ-սենյականոց բնակարան վարձակալելու գնի են:
2014-2015թթ.-ի ուսումնական տարում դեռևս 87 դպրոցներում էին նախադպրոցական պատրաստության խմբեր ստեղծվել (վճարովի): Հաջորդ ուսումնական տարում դրանց թիվը հասնում էր 138-ի: Կուրսն անցնելուց հետո երեխային կարող են դպրոց ընդունել առանց քննությունների, քանի որ հաճախ նա պարապում է արդեն իր ապագա ուսուցչի մոտ:
Ծնողների մեծ մասն օգտվում է այդ խմբերի ծառայություններից, սակայն կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ խմբերն օրինականացված կաշառակերության տեսակ են. ուզո՞ւմ ես առանց խնդիրների ընդունվել՝ վճարի՛ր կուրսերի համար:
Նախապատրաստական կուրսերին, որոնց Նիգյարն էր գնում, նա խմբում տարիքով ամենամեծն էր: Վերջին ժամանակներս բաքվեցիները ձգտում են երեխաներին դպրոց ուղարկել որքան հնարավոր է շուտ: Արդյո՞ք դա ճշտ է: Ինչպես նշում է հոգեբան Ումայ Ախունդզադեն, որը երկար տարիներ մասնակցել է երեխաներին դպրոց ընդունելու ընթացակարգերում, այդքան փոքր երեխան պատրաստ չէ սովորելու: Անգամ եթե նրա մտավոր զարգացումը գերազանցում է տարիքը, 1-2 տարուց կարող է ֆիզիկական հյուծվածություն առաջանալ. «Այդ տարիքում նույնիսկ մի քանի ամիսը կարող է մեծ նշանակություն ունենալ երեխայի զարգացման հարցում»:
Ի՞նչ անել, եթե երեխան չի ուզում հանճար լինել
Ահա և եկավ իքս օրը: Նախօրեին Նիգյարը վերջին անգամ կարդաց դասագիրքը սկզբից մինչև վերջ: Սաբինան կատվախոտ էր խմում և տան փոշին էր նյարդայնացած մաքրում: Երբ առավոտյան եկա նրանց քննության ճանապարհելու, նրանք երկուսն էլ տանջված տեսք ունեին. Նիգյարը՝ ամբողջությամբ նոր և արդուկված շորերով, մազերի անթերի բացվածքով և կոկիկ ծամերով, իսկ Սաբինան՝ երկար շրջազգեստով: Հնամենի ջինսը պատռվել էր լվացքի մեքենայի մեջ:
Տաքսու մեջ բազմապատկման աղյուսակն էին կրկնում: Լիցեյի առջև հավաքվել էին նույնպիսի դժբախտ ու մտահոգ ծնողներ: Պետք էր տեսնել, թե ինչպես է Սաբինան դստերը խրատում քննությունից առաջ, կարծես աշխարհը փրկելու էր ուղարկում:
Արդյունքում Նիգյարը ձախողեց քննությունը: Հավանաբար պարզապես նյարդերն էին տեղի տվել և հարցերին ավելի վատ էր պատասխանել, քան կարող էր, իսկ հետո ընդհանրապես լռել էր: Սա նույնպես հաճախ քննարկվող խնդիր է. արդյո՞ք երեխայի համար ծանր չէ քննություններն ընդունողների հետ առերեսվել:
Ումայ Ախունդզադեի խոսքով, հարցազրույցը ոչ մի կերպ չպետք է անցնի քննության տեսքով, դա հենց ընկերական զրույց պետք է լինի, նույնիսկ՝ խաղ. «Պետք է հաշվի առնել բոլոր գործոնները՝ քանի երեխա և քանի մեծ կա սենյակում: Եթե իրավիճակը շատ պաշտոնական է ու խիստ, երեխան պարզապես կարող է փակվել և չպատասխանել հարցերին»: Նշանակություն ունի անգամ քննությունը վերցնողի նստած դիրքը, լավ է, եթե նա երեխայի կողքն է նստած, այլ ոչ թե դիմացը:
Սաբինայի վիշտը սահմաններ չուներ, իսկ Նիգյարը հանկարծ հայտարարեց, որ ընդհանրապես որևէ դպրոց չի գնալու: Նա կամակոր ու նյարդային դարձավ, հաճախ էր գիշերները արթնանում: Այդ ժամանակ Սաբինան զգուշացավ. երեխայի հետ ակնհայտ մի բան այն չէր: Որոշեցին հոգեբանի դիմել, նույն այն մարդուն, ով մի տարի առաջ Սաբինայի դեմքին ասել էր, որ Նիգյարը ոչ մի գերունակություններ չունի և նրա տեղը սովորական ծրագիր ունեցող սովորական դպրոցում է: Այն ժամանակ Սաբինան ուժեղ վիրավորվել էր, սակայն հիմա իրավիճակն այլ էր:
Կոնսուլտացիաների արդյունքում որոշվեց երեխային մի որոշ ժամանակով հանգիստ թողնել, իսկ մեկ ամիս անց Նիգյարն ընդունվեց կենտրոնի մեկ այլ դպրոց, նույնպես «լիցեյ»: Սակայն, առաջին հերթին, դպրոցի անունն էր միայն լիցեյ, ընդունվելիս ոչ մի արտասովոր բան չէր պահանջվում: Երկրորդ հերթին, Սաբինան որոշել էր ավանդական ադրբեջանական մեթոդ կիրառել. պարզապես գտել էր ծանոթ, որի ծանոթը տնօրենի լավ ընկերն էր:
Այդ պատճառով էլ մայր ու դուստր հանգիստ նստած էին հերթում՝ ոտքերը պարզած և դատարկ բաների մասին խոսելով, երբ հանկարծ մյուս դիմորդների ծնողները հանկարծ բացահայտեցին, թե ինչպիսի հարցեր են լինելու. «Իսկ էլեկտրական սարքերի մասին հարցնո՞ւմ են»:
Հարցազրույցին Նիգյարին խնդրել էին մի քանի տառ «ճանաչել», մինչև 20-ը հաշվել և 10 միրգ նշել, ինչն էլ նա հաջողությամբ արել էր: Կարծում եմ՝ օգնեց այն, որ նրա կողքին նստած էր բացարձակ հանգիստ մայրը, այլ ոչ թե օգտակար ծանոթությունները: «Ի՜նչ խելացի աղջիկ է» — նկատել էին քննություն հանձնաժողովի անդամները:
Այժմ Նիգյարն արդեն սովորում է հեղինակավոր լիցեյում: Սաբինան կրկին շաբաթը 7 օր նույն ջինսով է, ժամանակ չունի նորը գնելու: Լիցեյը լեզվական թեքումով է, այսինքն՝ առաջին դասարանից այնտեղ միանգամից 2 օտար լեզու են սովորեցնում: Նիգյարը գերազանց գնահատականներ է ստանում. հասկանալով, որ դպրոցի ուսուցիչները նրան ոչինչ չեն սովորեցնի (40 մարդ կա դասարանում), Սաբինան ուսուցիչ է վարձել: Այն հարցին, թե ինչն է այդ դպրոցը լիցեյ դարձնում, Սաբինան ուսերն է թոթվում և դատապարտված պատասխանում. «100 դոլարանոց համազգեստը երևի: Աստված գիտի»:
Հրապարակվել է 25.10.2016