Ղարաբաղ-2015
2015 թվականը ղարաբաղյան հակամարտության կողմերին հեռացրեց հաշտության պայմանագրի ստորագրումից առանց ռազմական բախումների: Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդնորը ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահների, զբաղված են այլ խնդիրների լուծմամբ: Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունն ու դեպի Եվրոպա միգրանտների խոսքը Հարավային Կովկասի հակամարտությունը ստվերում թողեցին, որը Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը նախընտրում են «սառեցված անվանել»:
Շփման գիծը կրակահերթի տակ է
1994թ.-ին Ադրբեջանն ու Հայաստանը զինադադարի պայմանագիր են կնքել: Մինչ այդ երկու երկրների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին ընթանում, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին ու հարյուր հազարներին փախստական դարձրին:
Երկար տարիներ կողմերը հետևողականորեն պահպանում էին զինադադարը: Սակայն վերջին տարիներին և՛ Ադրբեջանը, և՛ Հայասատնը թերահավատորեն են վերաբերվում «սառեցված հակամարտություն» ձևակերպմանը: Երկու կողմերից էլ ամեն տարի տասնյակ զինվորականներ, խաղաղ բնակիչներ են զոհվում:
Արդեն որերորդ տարին է՝ խոշոր ռազմական բախումներ են տեղի ունենում ամառ-աշուն ժամանակահատվածում: 2014թ. Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի վերսկսման վտանգի առջև էին: Սակայն Բաքուն ու Երևանը զսպվածություն ցուցաբերեցին:
Հակամարտությունը ռազմական կամ խաղաղ ճանապարհով լուծելը կախված է ոչ միայն հակամարտության կողմերից: Հարավային Կովկասը համաշխարհային ու տարածաշրջանային գերտերությունների շահերի բախման կիզակետ է, ինչը կապում է Բաքվի ու Երևանի ձեռքերը՝ թույլ չտալով որևէ որոշիչ գործողություն կատարել առանց նրանց հետ համաձայնեցնելու:
Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է բանակի պահպանման ծախսերը: Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն մի քանի տարի շարունակ գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն: Բաքուն հայտարարում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր իրավունքի մասին՝ Հայաստանից պահանջելով դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը ձևավորվել է նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներից: ՀԱՊԿ ամբողջությամբ համակարգվում է Ռուսաստանի կողմից: Այդ պատճառով էլ և՛ Երևանը, և՛ Մոսկվան հաճախ են ակնարկում, որ եթե Բաքուն որոշի օգտագործել իր ռազմական պոտենցիալը, նա անպայման պետք է հաշվի առնի ՀԱՊԿ գործոնը: Ինչպես նաև, Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմաբազան, ինչը ստիպված է հաշվի առնել ոչ միայն Ադրբեջանը այլ նաև տարածաշրջանի այլ երկրները:
2015թ.-ին զինադադարի կնքումից ի վեր առաջին անգամ կողմերը սկսել են կիրառել խոշոր տրամաչափի զենք: Հետևաբար երկու կողմերից էլ զոհերն ավելացել են: Իրական պատերազմի բանը չհասավ, սակայն բանակցությունների սեղանի շուրջ կողմերն ավելի հազվադեպ են հավաքվում: Բաքուն ու Երևանը փաստացի խոսելու բան չունեն:
Շփման գծում ակտիվության աճին որոշակիորեն նպաստել է նաև անձնական գործոնը: 2013թ. հոկտեմբերին նշանակված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պարզվեց, «գրասենյակային գեներալ» չէ:
Ի տարբերություն իր նախորդի, նա հազվադեպ է Բաքվում լինում՝ նախընտրելով գտնվել շփման գծում կամ զորավարժություններ անցկացնել: Հասանովի հռետորաբանությունը բավականին կոշտ է, և նրա գլխավորությամբ ադրբեջանական բանակն ավելի ագրեսիվ է:
Հավերժական Մինսկի խումբը
Միջազգային միջնորդները ղարաբաղյան հակամարտությամբ սկսել են զբաղվել 1992թ.-ից, երբ կողմերի միջև մասշտաբային պատերազմ էր: 90-ականների կեսերին ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի Խումբը, որի համանախագահող երկրներն էին ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան:
Ժամանակ առ ժամանակ միջնորդները առանձին-առանձին կամ միասին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկներով են հանդես գալիս: Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը հայտարարում են, որ հակամարտության լուծումը կախված է կողմերի կամքից: Ընդ որում, և Բաքվում, և Երևանում համանախագահների նման մոտեցումը կեղծավոր են համարում:
Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի կողմից ղեկավարվող բոլոր քաղաքական-տնտեսական միություններին: Հայկական իշխանությունների արտաքին քաղաքականության ռուսամետ ուղղվածությունը կասկածի տեղ չի թողնում: Ռուսական կապիտալը վերահսկում է Հայաստանի գործունեության բազմաթիվ ոլորտներ:
Անկախության ձեռքբերման օրվանից Ադրբեջանը որդեգրել էր արևմտամետ դիրքորոշում: Երկիրը եվրաինտեգրացիան իր առաջնահերթությունն է համարել: Ի հեճուկս Ռուսաստանի ճնշման, Ադրբեջանը դարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման առանցքային խաղացողներից մեկը: Կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը կասպիական նավթի մեծ ծավալներ է դուրս բերել համաշխարհային շուկա: Այժմ ընթանում է դեպի Հարավային Եվրոպա գազատարի կառուցումը, որը Մոսկվայի հակազդեցությանն է արժանանում:
Սակայն վերջին տարիներին Ադրբեջանը, շարունակելով տնտեսապես համագործակցել Արևմուտքի հետ, քաղաքականապես ավելի շատ սկսեց մտերմանալ Ռուսաստանի հետ: 2008թ. օգոստոսին Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմից, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամից հետո Բաքվում սկսեցին վերանայել առաջնահերթությունները: Արևմուտքը չկարողացավ խանգարել Ռուսաստանին անջատել Վրաստանից Աբխազիան ու Հարավային Օսիան: Ինչպես նաև, մինչ այժմ չի ստացվում լուծել Ղրիմի ու արևելյան Ուկրաինայի մի շարք շրջանների հարցը: Մոսկվան նախկին ԽՍՀՄ տարածքում ծայրահեղ ագրեսիվ է, և ավելի ու ավելի շատ երկրներ են դա ստիպված հաշվի առնել:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները բացահայտել են «ֆեյսբուքյան հեղաշրջումներ անցկացնելու Արևմուտքի ծրագրերը», ինչպես դա պատահեց Մեծ Մերձավոր Արևելքում, Բաքուն սկսեց սահմանափակել միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Արևմուտքի կողմնակիցներին իշխանամետ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները սկսեցին «5-րդ շարասյուն» անվանել, արևմտյան ինստիտուտների հետ համագործակցող մի շարք հասարակական գործիչներ քրեական հետապնդման ենթարկվեցին:
Արտաքին քաղաքականությունում այս փոփոխություններն անդրադարձան նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Եթե նախկինում Հայաստանը ակցենտը դնում էր Մոսկվայի որոշման վրա, ապա այժմ Բաքվում նույնպես սկսել են ավելի ուշադիր լսել Կրեմլի քաղաքական գործիչներին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի շատ է Երևանի ու Բաքվի քննադատության արժանանում: Դրա գործունեւոթյունը ոչ արդյունավետ է համարվում: Եվ միջնորդության այլ ձևաչափեր փնտրելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են հնչում: Սակայն, բոլորն էլ հասկանում են, որ ոչ մի նոր ձևաչափ չի կարող կյանքի կոչվել առանց ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի, այդ պատճառով էլ Մինսկի խումբը մի կերպ տանում են որպես անխուսափելի մի բան:
Հույսի բացակայություն
Արդյո՞ք 2016թ. խաղաղություն կբերի Հարավային Կովկասում: Բաքվեցի շատ փորձագետներ մեծապես կասկածում են:
Մինչդեռ հիմնական համաշխարհային խաղացողները զբաղված են Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի խնդիրներով, նրանք գործ չունեն Հարավային Կովկասի «սառեցված հակամարտության հետ», որի մասնակիցները հազիվ թե առիթից օգտվեն ու հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծեն: Ղարաբաղյան համամարտությունը վաղուց երկրորդ, միգուցե նույնիսկ վերջին պլան է մղված:
Աշխարհին այժմ չեն հետաքրքրում փոքր Ադրբեջանի ու Հայաստանի խնդիրները: Առայժմ Ռուսաստանն ու Արևմուտքը նախընտրում են ավելի շատ Բաքվի ու Երևանի հետ քննարկել ոչ թե այդ երկրների միջև գոյություն ունեցող հակամարտությունը, այլ այն, թե ում են նրանք ավելի հակված Ուկրաինայի, Սիրիայի ու մի շարք այլ երկրների ու տարածաշրջանների հարցում, որտեղ կատաղի բախվում են համաշխարհային գերտերությունների շահերը: