Ղարաբաղ. նո՞ր փուլ
Եվ Հայաստանում, և Ադրբեջանում մայիսի 16-ի օրվա լուրը երկու երկրների նախագահների հանդիպումն էր Վիեննայում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Համանախագահ երկրները հանդիպմանը ներկայացնում էին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:
Բանակցությունների արդյունքները.
- Համանախագահների հիմնական ուղերձը հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը կտրականապես «ոչ» ասելն էր և 1994, 1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերին հետևելու անհրաժեշտության հաստատումը:
- Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատեցին, որ հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են:
- Երկու նախագահներն էլ համաձայնեցին, որ ԵԱՀԿ-ն զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն սկսի:
- Նրանք նաև համաձայն են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի լիազորությունների ընդլայնմանը:
- Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվեցին, որ կշարունակեն անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ:
- Երկու երկրների նախագահներն էլ համաձայնեցին այս տարվա հունիսին անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը՝ լայնամասշտաբ կարգավորման հասնելու համար:
— Առաջընթաց է նկատվում անհետ կորածների հարցերով զբաղվելու ֆրանսիական առաջարկի վերաբերյալ: Ադրբեջանի լուրջ պահանջով որոշում է կայացվել հունիսին նոր «լայնածավալ» բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Շատ բան կա դեռ անելու, բայց սկիզբի համար վատ չէ: Սա ապացույցն է, որ երբ արտաքին գործերի երեք նախարարներ իրոք անցնում են գործի, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրական արդյունքների հասնել’,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Հանդիպումից անմիջապես հետո ինքնաթիռում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրն ու ինքն անձամբ նպատակ չունեն խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Բայց դուք շատ լավ հասկանում եք և նույնիսկ կռահում եք, թե ինչպիսին էր իմ արձագանքը: Այն հետևյալն էր. դա լավ է, սակայն քիչ վստահություն է ներշնչում, քանի որ նման խոսակցություններ շատ են եղել, սակայն իրականում արդեն մի քանի տարի է, ինչ (հրադադարի) համաձայնագիրը չի պահպանվում»:
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև
Բանակցություններին զուգահեռ Երևանում էննարկվում էր «Արցախի հանրապետության անկախության ճանաչման» մասին օրինագիծը: Մայիսի 16-ին Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը չհաստատեց օրինագիծը, այսպիսով, այն նույնիսկ չմտավ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ:
Դա անսպասելի չէր: Հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները հենց սկզբից խոսում էին այն մասին, որ այդ օրինագիծը չի ընդունվի, որ անկախությունը ճանաչումը հնարավոր է միայն որպես պատասխան լայնամասշտաբ պատերազմին, երբ արդեն կորցնելու բան չլինի:
Այնուամենայնիվ, խորհրդարանական հանձնաժողովի նիստին բացատրություններ հնչեցին: Մասնավորապես, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն ասել է.
«Փաստացի ԼՂՀ-ն կայացած պետություն է։ Բայց հարցը դեռ հասունացման շրջանում է, եւ պետք չէ միակողմանի քայլերի դիմել, որոնք բոլորին՝ մեզ եւ մեր գործընկերներին, անհարմար վիճակի մեջ կդնեն, հնարավորություն չեն տա համապատասխան չափորոշիչներով եւ խաղաղ կարգավորման տրամաբանությամբ բոլորին միջազգային ճանաչման մասնակից դարձնել։ Հիմա մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը դրա վրա»:
Բանակցությունների հաջորդ օրը երկու կողմերն էլ հաղորդեցին շփման գծում նոր միջադեպերի մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ԱՊԱ-ին այսօր առավոտյան հաղորդել է.
«Հակամարտության վերաբերյալ (Վիեննայում) բանակցությունների ավարտից անմիջապես հետո Հայաստանի կողմից շփման գծում զինադադարի խախտման հետևանքով մայիսի 17-ին զոհվել է ադրբեջանցի զինծառայող Թայիրլի Նաթիգ Նամիրօղլուն»:
Հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին, նույնպես հաղորդում էին միջադեպերի մասին՝ պնդելով, որ «ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման եւ սադրիչ գործողությունների է դիմել»:
Հաղորդվում է, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով, որի «հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին, ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը»:
Երևան
Սոցցանցերում
Հայաստանի սոցցանցերում ակտիվ քննարկվում են բանակցությունները:
Տարածված գրառումներից մեկը կոչվում է «Թե ինչպես Ալիևը թքեց Վիեննայի հանդիպման բոլոր բարձրաստիճան միջնորդների դեմքին»:
«Մենք այնտեղ բանակցություններ ենք վարելու, իսկ այստեղ առաջնագծում սպանելու են մեր զինվորներին: Հենց այդպես էլ արեց Ալիևը (հենց նրա կարգադրությամբ էր հանդիպմանը զուգահեռ Ղարաբաղում էսկալացիայի փորձ արվում, դա անկասկած է բոլոր նրանց համար, ովքեր լավ են հասկանում Ադրբեջանում ներքին կառավարման փիլիսոփայությունը): Հետաքրքիր է՝ կլինի՞ արդյոք դրանից հետո համատեղ հայտարարություն, որի տեքստն արդեն հաստատել են միջնորդներն ու այն համաձայնեցված է: Ինչպե՞ս են իրենք վերաբերվելու առաջին դեպքում հենց իրենց հանդեպ Ալիևի կողմից ցինիկ և լկտի կերպով արտահայտած անարգանքին: Կասկածողներ կա՞ն, թե կողմերից ով է խախտել ապրիլի 5-ի այսպես կոչված հաշտության մասին բանավոր պայմանավորվածությունը»:
Երբ հայ օգտատերերից մեկը տեղադրեց ադրբեջանական զինվորի մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հղումը, հետևյալ տիպի մեկնաբանություններ արվեցին.
«Այս գիշեր ադրբեջանական կողմի զինվորի մահվան կապացությամբ բոլորին խորհուրդ եմ տալիս… պարզել, թե երբ է մահացել այդ զինվորը: Սա բարձրահասակ և բարձրաստիճան գլխավոր ադրբեջանցու արյունոտ պահմտոցի խաղն է»:
Հայկական սոցցանցերում գոյություն ունի երկու տենդենց.
1) պետք չէ վախենալ պատերազմից, պետք է ճանաչել Ղարաբաղը,
2) ոչ մի պատերազմ, չէ՞ որ մարտի դաշտում մարդիկ են զոհվում:
«Մեր ազգն իմաստուն է, մարդիկ գիտեն, որ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, սակայն իշխանությունները խանգարում են: Մարդիկ գիտեն, որ Ադրբեջանին պետք է կապիտուլյացիայի ենթարկել: Մենք պետք է դաս տանք այդ երկրին: Սակայն Հայաստանի իշխանությունները վախենում են կորցնել իշխանությունը, այդ պատճառով էլ ժողովրդին թույլ չեն տալիս լուծել այդ հարցը: Այն, որ ժողովուրդը միավորվել էր քառօրյա պատերազմի օրերին, չի նշանակում, որ ժողովուրդը վստահում է իշխանություններին և կարող է հավատալ նրանց խոստացած խաղաղ կարգավորմանը»:
«Զարմանում եմ, թե ինչպես են այն մարդիկ, ում որդիները բանակում են, կարողանում խոսել խնդրի ռազմական լուծման մասին: Ես երեխաներ չունեմ, բայց դա չի նշանակում, որ կարող եմ ստիպել ուրիշի երեխային գնալ կռվել մի բանի համար, ինչը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով: Հավատացած եղեք, որ իշխանություններն ավելի լավ գիտեն, ինչն ինչոց է: Եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն չլիներ, նրանք բանակցություններ չէին վարի»:
Փորձագիտական գնահատական
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյան.
«Հիմա շատ կարևոր է թույլ չտալ, որ կրկին աշխատի այն մեխանիզմը, որն աշխատում էր վերջին վեց տարիների ընթացքում: Դա այն մեխանիզմն է, երբ Ալիևը սկսում է սպասքը կոտրել Մոսկվայի թույլտվությամբ: Բոլորն են հասկանում, որ առանց Մոսկվայի աջակցության և ռազմական տեխնիկայի նա երբեք նման մասշտաբի ռազմական գործողություններ չէր նախաձեռնի, քանի որ Մոսկվայից բացի նրան ոչ ոք այսպես չէր զինել:
Շփման գծում անհրաժեշտ է ներդնել մշտական մոնիտորինգի մեխանիզմներ: Անհրաժեշտ է ռազմատեխնիկական բնույթի միջոցների համալիր, որը նվազագույնի կհասցնի այսպիսի դեպքերի հնարավորությունը: Պետք է. դիպուկահարներին հետ քաշել սահմանից, հրետանին ետ կանչել, հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմներ ու նմանատիպ խախտումների համար պատասխանատվության մեխանիզմներ ներդնել:
Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի խախտել հրադադարը և դա գցել հակառակ կողմի վրա: Խախտումը պետք է պատժվի»:
Քաղաքական մեկնաբան Հովսեփ Խուրշուդյան.
«Արցախի ճանաչումը զգալիորեն խոչընդոտում է տարածաշրջանում Կրեմլի զավթողական սցենարներին: Պատահական չէ, որ նախագահ Օբամայի հայրենի Հավայի նահանգը ճանաչել է Արցախը այս տարվա մարտին կայացած միջուկային գագաթնաժողովի օրերին, երբ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը Վաշինգտոնում էին:
Չունենալով իրավական հետևանքներ՝ նման ճանաչումներն ուղերձներ են՝ ուղղված տարածաշրջանին, հակամարտության կողմերին և Ռուսաստանին: Ավելացնենք, որ Արցախի դեմոկրատական կուսակցությունը ներառվել է Եվրախորհրդարանի՝ անդամների քանակությամբ 6-րդ կուսակցության ՝ Եվրոպական ազատ ալյանսի կազմում, որպես ասոցիատիվ անդամ»:
Բաքու
Սոցցանցերում
Ադրբեջանական սոցցանցերը զուսպ արձագանքեցին նախագահների հանդիպման մասին նորությանը:
Հասարակության օրակարգում նախկինի պես երկու նորություն է. ջրի սակագնի բարձրացումն ու երիտասարդ ակտիվիստ Բայրամ Մամեդովի պատմությունը կտտանքների մասին, որոնց նրան ենթարկել են ոստիկանությունում:
Առավել ակտիվ են disput.az ֆորումի օգտատերերը: Նրանք միակարծիք են, որ այդ հանդիպումը Ադրբեջանի համար օգտակար չի լինի, ոչ էլ Ղարաբաղի հաղթական վերադարձ այլևս կլինի:
Տիպիկ մեկնաբանություններ.
«Փոխարենն այժմ հեռուստացույցով գրպանի վերլուծաբաններն անդադար խոսում են բանակցությունների
հաջողության մասին… իսկ արդյունքում մենք կորցրինք խնդիրը լուծելու իրական հնարավորությունը»:
«Դեռ չեմ լսել, բայց մոտ ապագայում, վստահ եմ, կլսենք… նրանք դեռ նոր են պատրաստվում հեքիաթներ
պատմել: Իսկ մենք պետք է մեր ականջները պատրաստենք, գնամ դրոշը մեքենայիս վրայից հանեմ»:
«Ոչինչ էլ չէի սպասում այդ հանդիպումից: Ինչ-որ մի բան մեր օգտին կարելի է լուծել ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ: Որքան էլ դա դաժան չհնչի: Մնացածը խաբկանք է»:
«Այժմ հայկական դիվանագիտությունն Արևմուտքին համոզում է, որ Հայաստանի հրաժարվելը Արևելյան
գործընկերությունից և այլ արևմտյան նախագծերից պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանին զենք մատակարարելը Հայաստանին շանտաժի ենթարկելու համար: Այսինքն հայերը մեզ ներկայացնում են որպես զենք ռուսների ձեռքում, ինչը ցուցադրում է մեր դիվանագիտության անկարողությունը»:
«Ես ընդհանրապես սկսում եմ կասկածել քառօրյա պատերազմում մեր հաղթանակի վրա, երևի հայերը ձևացրին, որ այսօրվա արդյունքն ունենան»:
«Այո: Հույս ունեինք վերադարձնել մի քանի շրջաններ: Ձեզ, ինչպես միշտ, խաբել են»:
Փորձագիտական գնահատական
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարով.
«Նախօրեի բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորման փուլային հայտնի մոտեցման հիման վրա հստակ բանակցություններ սկսելու համար»:
Լրագրող Շահին Ռզաև.
«Կարևոր է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն առաջին անգամ համաձայնել են, որ ղարաբաղյան հարցի ռազմական լուծումն անհնար է: Եվս մեկ նշանակալի արդյունք կա. Սերգեյ Լավրովը խաղասեղանին է դրել իր հեղինակությունը՝ ասելով, որ Ռուսաստանն աջակցելու է խնդրի վերջնական լուծմանը: Կարծում եմ, մինչև այս տարվա վերջ բանակցությունները մեռյալ կետից կշարժվեն»:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ