Առաջին առցանց հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Կողմերը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը գլոբալ ճգնաժամի պայմաններում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջին անգամ առցանց բանակցություններ են վարել։
Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ տեսակոնֆերանսը կազմակերպել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք կարծում են, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը չպետք է խոչընդոտի բանակցությունների անցկացմանը։ Նախարարների առցանց կոնֆերանսը տևել է գրեթե երկու ժամ։
Ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ կայքում, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են հետագա քայլերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում։ Նրանք պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը մոտ ապագայում։
Տեսահանդիպման ընթացքում քննարկվել է նաև COVID 19 գլոբալ պանդեմիայի ազդեցությունը տարածաշրջանի կյանքի և ավելի վաղ պլանավորված միջոցառումների վրա։ Մասնավորապես, հետաձգվել է նախարարների հանդիպումն ու համանախագահների այցը տարածաշրջան։
Առցանց բանակցությունները հատկանշական էին նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են գլոբալ ճգնաժամի պայմաններում հրադադարի ռեժիմի պահպանման և ցանկացած սադրանքից հրաժարվելու կարևորության մասին։
Հայաստանի վարչապետ․Ղարաբաղը չի կարող Արբեջանին տարածքներ փոխանցել և զոհաբերել անվտանգությունը
Երիտասարդ ադրբեջանցիները խոսում են Ղարաբաղի մասին
Տեղեկություններ Երևանից
Մնացականյանի և Մամեդյարովի առցանց հանդիպման մասին հայտնի է դարձել ապրիլի 20–ի երեկոյան։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նույն օրը կայացել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։
«Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական (նախագահական և խորհրդարանական) ընտրություններին», -գրել է մամուլի քարտուղարը ֆեյբուքյան իր էջում։
Ապրիլի 21–ին առցանց բանակցություններից առաջ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ պետք է շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ մոտեցումների որոնումն անգամ բարդ իրավիճակում, որը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով․
«Այն պայաններում, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի պանդեմիայի տարածման դեմ պայքարի վրա, հրադադարի ռեժիմի պահպանումն ու որևէ ռիսկի բացառումը (հակամարտության գոտում) առավել քան առաջնահերթ խնդիր է»։
Նույն ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը։
Բանակցություններից առաջ Հայաստանում հրապարակվել էր Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Նա նշել էր, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվում է ղարաբաղյան խնդրի փուլային կարգավորման նախագիծը, որը հակամարտության երկու հայկական կողմերն էլ հակամարտության լուծման համար անընդունելի մոտեցում են համարում։
«Կարծում եմ, առաջին փուլն առավել արդիական խնդիրների լուծումն է, Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջանների ազատագրումը և տրանսպորտային, տնտեսական և հաղորդակցության մյուս ճյուղերի ապաարգելափակումը», — հայտարարել է Լավրովը։
Այս առնչությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ առցանց բանակցություններից անմիջապես առաջ Զոհաբ Մնացականյանը նշել է․ տարածքները, որոնց մասին խոսել է Լավրովն, ամեն ինչից զատ նաև անվտանգության և պաշտպանության գոտի են Ղարաբաղի համար։
«Անհնար է ենթադրել, որ հայկական կողմը կգնա զիջումների՝ վտանգելով Արցախի ժողովրդին», — ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փոխադարձ զիջումների դեպքում, և դրան «պետք է լինեն համաչափ»։
Տեղեկություններ Լեռնային Ղարաբաղից․ շփման գծում խոցվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առցանց բանակցություններից անմիջապես առաջ տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 21–ին խոցել են Ադրբեջանի անօդաչու թռչող սարք։
Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարությունում ասվում է, որ վերջերս շփման գծում հաճախակի են դարձել ադրբեջանական սարքերի թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ․
«Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան»:
Հայ փորձագետները կարծում են, որ այս միջադեպն ավանդական փորձ է՝ սրելու իրավիճակը շփման գծում, որը սովորաբար ձեռնարկվում է Ղարաբաղի շուրջ պաշտոնական բանակցությունների նախօրեին։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանում առանձնապես չեն մեկնաբանում ոչ նախարարների հանդիպումը, ոչ խոցված անօդաչու սարքի մասին լուրերը։
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը քիչ բան է ավելացրել ԵԱՀԿ հայտարարությանը։
JAMnews–ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է․
«Այս բանակցությունները նախորդներից տարբերվում էին միայն իրենց ձևաչափով, այսինքն՝ նրանով, որ առցանց էին անցկացվում։ Սակայն ոչ մի նոր բան մեզ չասացին։ Շարունակվում է իմիտացիան ու առարկայազուրկ շփումը։ Բացառությամբ նրա, որ կորոնավիրուսը նոր գույներ է մտցրել այդ ձանձրալի գործընթաց»։