Պատերազմ, թթու և ժենգյալով հաց․ իրենց տները լքած արցախցիների կյանքի մասին
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արցախի բնակիչների մի մասը հարկադրված լքել են իրենց տներն ու տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, այդ թվում՝ Հայաստան։ Նրանք ստիպված են եղել արագ փախչել, շատերը լքել են իրենց տներն առանց իրերի, միայն վրան եղած հագուստով։
Նրանց մի մասն ապաստանել է Արցախի այլ հատվածներում, մյուս մասը տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ նրանց ընդունել են հարազատները, ծանոթները, երբեմն նույնիսկ՝ անծանոթները։ Ոմանք տեղավորվել են հյուրանոցներում, որոնք ոչ միայն ընդունել են պատերազմից տուժածներին, այլև իրենց վրա են վերցրել նրանց ապահովման հարցը՝ սննդով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։
Տեղափոխվածների խնդիրները Հայաստանում այժմ փորձում են լուծել ոչ միայն իշխանություններն, այլև՝ տեղացիները։ Եվ որոշ ուղղություններով արդեն հաջողվում է սայլը տեղից շարժել։
Մանրամասներ․ ովքե՞ր և ինչպե՞ս են լուծում պատերազմից փախած մարդկանց խնդիրները, ի՞նչ է լինելու հետո։
•Արցախցիները Գորիսում՝ պատերազմից հետո տուն վերադառնալու սպասումով․ լուսանկարներ
Քանի՞ մարդ է լքել իր տունը
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի հաշվարկներով՝ շուրջ 90 հազար մարդ լքել է իր բնակավայրը «ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների պատճառով»։ Այս թվի մեջ ներառված են ինչպես ներքին տեղահանվածները, որոնք տեղափոխվել են Արցախի ներսում ավելի անվտանգ բնակավայրեր, այնպես էլ ժամանակավորապես Հայաստանում ապաստան գտածները։
Արցախում, վիճակագրության ծառայության տվյալներով, 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր մոտ 148 հազար մարդ։ Այսինքն՝ իր տունն ու տեղը լքել է բնակչության մոտ 60 տոկոսը։
Պաշտոնական տարհանում Արցախում չեն հայտարարել։ Մարդիկ տեղափոխվում են ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ, ասում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Հետևաբար, հստակ վիճակագրություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձանց թվի մասին՝ չկա։ Հիմնականում նրանք տեղափոխվում են ազգականների և ծանոթների մոտ։ Ընտանիքներ կան, որոնք բնակարան են վարձակալում։
Բիզնեսն օգնության ձեռք է մեկնել
Ժամանակավոր տեղափոխվածներից նրանք, ովքեր չունեն ազգականներ և ծանոթներ, ում տանը կկարողանար ապաստան գտնել, տեղավորվել են տարբեր հյուրանոցներում և հանգստյան տներում։ Ընդ որում, դրանց ղեկավարությունն ինքն է ցանկություն հայտնել ընդունել նրանց։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայն համակարգում է այդ գործընթացը։ Այն հավաքագրում է այդ հաստատությունների տվյալները, հասցեները և այնտեղ ուղարկում մարդկանց, որոնք բնակվելու տեղ չունեն։
«Այդ ամենն արվում է մասնավոր կարգով, կառավարությունը բիզնեսին չի ստիպում մարդկանց տեղավորել։ Սա նրանց նախաձեռնությունն է», — հաղորդել է նախարարության մամուլի քարտուղարը։
Կազմակերպված ձևով Արցախից դուրս են բերվել միայն ծերանոցի բնակիչները, գիշերօթիկ դպրոցի աշակերտներն ու հոգեբուժարանի հիվանդները, որոնք Հայաստանում տեղավորվել են համապատասխան հաստատություններում։
Աջակցման կենտրոն
Հայաստանի իշխանությունները Երևանում Աջակցման կենտրոն են ստեղծել Արցախից տեղափոխված անձանց օգնելու համար։ Նրանց այստեղ ապահովում են սննդով, գիշերակացով, այնուհետև տեղափոխում են ժամանակավոր կացարաններ՝ հստակ հասցեներով, որոնք առկա են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների բազայում։
Աջակցման կենտրոնում մշտապես ներկա են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչի կարիք ունեն մարդիկ։ Նրանց հետ աշխատում են սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաներին։ Նրանց ուղղորդում են տեղի դպրոցներ և մանկապարտեզներ։
Կրթության նախարարության մամուլի քարտուղար Օֆելյա Կամավոսյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր դպրոցները հասանելի են արցախցի երեխաների համար։ Նրանք պետք է միայն դիմեն իրենց նոր բնակավայրին ամենամոտ դպրոց ու առանց որևէ փաստաթղթերի և սահմանափակումների՝ տեղ զբաղեցնեն դասարանում։ Բոլոր անհրաժեշտ գրքերով այդ երեխաներին ապահովում են դպրոցները։
Կամավորական ցանց
Տեղի բնակիչները՝ յուրաքանչյուրն իր չափով, նույնպես փորձում են օգնել փախստականներին։ Նրանք սննդամթերքի, հագուստի և դեղորայքի հավաքագրում են կազմակերպում, իրենց ուժերով փորձում են լուծել դրանց բաշխման հարցը։
Կամավորների գործողությունները համակարգվում են հիմնականում սոցցանցերի միջոցով, որտեղ հրապարակվում են անհրաժեշտ օգնություն մասին հայտարարությունները։
«Մարդիկ Հայաստան են տեղափոխվել այն հագուստով, որով եղել են՝ խալաթներով, թեթև զգեստով, հողաթափերով, այդ պատճառով էլ առաջնահերթ խնդիրն այդ մարդկանց հագուստով և սննդով ապահովելն է։ Հատկապես, որ շատ ընտանիքներ տեղափոխվել են այնպիսի մարդկանց տներ, որոնք իրենք էլ ոչ այնքան բարեկեցիկ են ապրում։
Իսկ տեղափոխվածներից շատերը՝ հատկապես տարեցները, դեղորայքի կարիք ունեն։ Ընդ որում, տեղափոխվածները չեն ուզում նեղություն տալ իրենց ընդունած ընտանիքներին, այդ պատճառով էլ շատ կարևոր է այժմ նրանց համար այս օգնությունը կազմակերպելը», — ասում է Երևանի բնակիչ, կամավոր Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։
Նանա Մարտիրոսյանը Հայաստան է տեղափոխվել Մոսկվայից, դեռ արցախյան մարտական գործողություններից առաջ, սակայն որոշել է Երևանում մնալ և ընկերների հետ օգնել Արցախից տեղափոխված ընտանիքներին։
Պատերազմի առաջին օրերից երիտասարդները միջոցների հավաքագրում են սկսել՝ ժամանածներին օգնելու համար։ Նրանց կոչին արձագանքել են ընկերները տարբեր երկրներից, որոնք փող են ուղարկում արցախցիներին անհրաժեշտ ամեն ինչի գնման համար։ Իսկ կամավորները չեն մոռանում նաև երեխաների ժամանցի և խաղերի մասին, նրանց համար կազմակերպում են թատերական ներկայացումներ և ֆիլմերի անվճար ցուցադրություն։
«Չգիտեմ, թե երբ, բայց հիմնադրամները կսկսեն աշխատել, նրանք, հավանաբար, կօգնեն ընտանիքներին, սակայն այդ մարդկանց հենց այսօր է օգնություն պետք։ Խոսքը հիգիենայի պարագաների, հագուստի, սննդի, մանկական կերերի և, իհարկե, կացարանի մասին է», — ասում է Նանան։
Օգնություն՝ աշխատանքի տեսքով
Նանա Մարտիրոսյանի ցուցակում Արցախից ժամանած 500 ընտանիք կա։ Նրանք հիմնականում տարեցներ, կանայք և երեխաներ են։ Ինչ-որ գումար վաստակել այդ ընտանիքներում կարող են հենց կանայք, և նրանք արդեն գործի են անցել։
Կամավորները նրանց կապել են գործարարների հետ, որոնք պատրաստ են օգնություն ցուցաբերել։ Եվ այժմ նրանցից ոմանք կարուձևի սրահներում են արդեն սովորում և միաժամանակ աշխատում, աշխատավարձ ստանում, ոմանք ռեստորաններում թթու են դնում, ոմանք ղարաբաղյան ժենգյալով հաց են թխում։
Գործարարները նրանց աշխատանքից ստացված գումարից աշխատավարձ են վճարում նրանց, մնացած գումարը փոխանցում են որպես օգնություն՝ մյուս տուժած ընտանիքներին։
Իսկ նրանք, որոնք ապրում են հյուրանոցներում, ամառանոցներում և անվճար տրամադրված բնակարաններում, որպես շնորհակալություն, նույնպես սկսել են աշխատել, օրինակ՝ ավանդական արցախյան ուտեստներ պատրաստել և թխել։ Վաճառքից ստացված գումարը նրանք տալիս են այն հաստատություններին, որտեղ բնակվում են։ Օրինակ՝ Դիլիջանի «Հովեր» հյուրանոցում ապաստանած արցախցի կանայք օրական 1000 հատ ժենգյալով հաց են թխում։
Սեփական բիզնես՝ զրոյից
Իր նախկին՝ մինչպատերազմական կյանքում Արմինե Աղաբեկյանն աշխատել է Ստեփանակերտի կենտրոնական շուկայում, ղարաբաղյան հայտնի ժենգյալով հաց է թխել։
Սեպտեմբերի 27-ի համար մեծ պատվեր է ունեցել զբոսաշրջիկներից, այդ պատճառով էլ ողջ գիշեր աշխատել է։
«Ոչ ոք պատվերի հետևից չեկավ, քանի որ վաղ առավոտից քաղաքը սկսեցին ռմբակոծել, և պատվիրատու զբոսաշրջիկները միանգամից Հայաստան մեկնեցին», — պատմում է Արմինեն։
Որոշ ժամանակ անց աշխատանքի դուրս գալը վտանգավոր է դարձել։ Ստեփանակերտի բնակիչները սկսել են ռմբակոծությունից թաքնվել շենքերի նկուղներում։ Օրեցօր իրավիճակը սրվել է։ Ութերորդ օրը քաղաքը հրետակոծվել է 5-6 ժամ անընդմեջ։
«Առողջությունս կտրուկ վատթարացավ, ամուսինս մեքենա գտավ և ինձ Երևան ուղարկեց հողաթափերով։ Այստեղ ինձ մի քանի անգամ սնունդ են բերել որպես օգնություն, որից սկսեցի ավելի վատ զգալ։ Այս ի՞նչ իրավիճակում եմ հայտնվել։ Հիմա, ի՞նչ է, այսպե՞ս եմ ապրելու», — սկսել է մտահոգվել Արմինեն։
Այդ ժամանակ նա որոշել է ինչ-որ գործ սկսել՝ գումար վաստակելու համար։ Իր և իր գաղափարի մասին գրել է Ֆեյսբուքում, և մարդիկ արձագանքել են, օգնել տեղի հարցում, որպեսզի նա կրկին սկսի զբաղվել նրանով, ինչն ամենից լավն է կարողանում անել՝ ժենգյալով հաց թխելով։
«Մեկ ժենգյալով հացի արժեքը 600 դրամ է, սակայն շատերն ավելին են վճարում, մեկը՝ 1000 դրամ, մյուսը՝ 5 հազար, ոմանք էլ նույնիսկ՝ 10 հազար դրամ։ Որոշակի գումար ինձ վրա եմ ծախսում, մնացածը փոխանցում եմ Համահայկական հիմնադրամին՝ օգնություն բանակին։ Չգիտենք, թե երբ կավարտվի պատերազմը, բայց պետք է կարողանանք պահել մեզ և մեր զինվորներին օգնել», — ասում է նա։
Արցախյան թթու՝ երևանյան ռեստորանում
Իրինա Օբորինան ամուսնացել է արցախցու հետ, և 2017 թ-ին Սլավյանսկից տեղափոխվել Ստեփանակերտ։ Ամուսինը զինվորական է, սպա, չորս երեխա ունեն։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Իրինան պատրաստվում էր շուկա գնալ՝ գնումների, սակայն ինչ-որ պայթյուններ է լսել, բայց չի հասկացել, որ արկեր են պայթում։
«Ես չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է։ Ինձ թվաց, թե հրավառություն է։ Սակայն երբ պատշգամբից հարևանուհուս հետ ծխի քուլաներ տեսանք, նա ասաց, որ պատերազմ է․ ստեփանակերտցիներին ծանոթ են այդ ձայները դեռ առաջին պատերազմից»։
Երեք օր Իրինան երեխաների և թաղամասի մյուս բնակիչների հետ ապաստարանում է մնացել։ Այնուհետև ամուսինը նրան ու երեխաներին Երևան է ուղարկել, որտեղ նրանց ընդունել է անծանոթ ընտանիք։
«Տնից դուրս ենք եկել, ինչպես հագնված էինք այդ պահին, ոչ հագուստ ենք հետներս բերել, ոչ կոշիկ։ Այստեղ բարի մարդիկ ապաստան են տվել, հագուստ բերել։ Ես այսօր էլ Ստեփանակերտ կվերադառնամ, եթե ամուսինս ասի՝ արի։ Շատ եմ նրա համար անհանգստանում, լինում է, որ երկու օր լուր չեմ ունենում։ Իսկ երբ զանգահարում է, հարցնում եմ, թե ինչպես է, միշտ պատասխանում է՝ նորմալ»։
Այժմ Իրինան աշխատում է «Մեր տունը» երևանյան ռեստորանում։ Այն հայտնի է դարձել նրանով, որ այստեղ արցախցի կանայք թթու են պատրաստում և ապրուստի միջոց վաստակում։
Ապագայի պլաններ
Արցախից եկածներն անընդհատ խոսում են վերադարձի մասին՝ չնայած որ ռազմական գործողությունները դեռ չեն դադարում։
«Ոչ ոք չգիտի, թե երբ է ավարտվելու պատերազմը, որպեսզի այդ մարդիկ իրենց տուն վերադառնան, այդ պատճառով էլ որոշ սոցիալական հարցեր, նրանց սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով ապահովելու հոգսն իրենց վրա են վերցրել այն համայնքները, որտեղ նրանք տեղավորվել են», — ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Կառավարությունը մտադիր է որոշակի գումար հատկացնել այն տների և հաստատությունների տերերին, որոնք ապաստան են տվել արցախցիներին, մասնավորապես՝ կոմունալ ծախսերը հոգալու համար։
Իսկ զբաղվածության պետական ծառայությունն այն անձանց տվյալների բազա է ստեղծում, որոնք այժմ արդեն ցանկություն են հայտնել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ մեկնել և մասնակցել շինարարական և վերականգնողական ախատանքներին։ Արդեն ավելի քան 600 մարդ է գրանցվել։
Թե որքանով Հայաստանին կհաջողվի լուծել ստեղծված խնդիրները, ըստ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի, կախված է նրանից, թե որքան երկար մարդիկ չեն կարողանա վերադառնալ իրենց տներ։
Որքան երկար նրանք ստիպված լինեն մնալ այն վայրերում, ուր տեղափոխվել են, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանց պետք է ինչ-որ կարգավիճակ շնորհվի և համապատասխան ապահովում հատկացվի։
«Սակայն, այո, ակնհայտ է, որ խնդիրներ լինելու են։ Հայաստանն, առանց այն էլ, խորը տնտեսական ճգնաժամի մեջ էր, իսկ այժմ նաև մեծ տնտեսական վնաս է կրել պատերազմից։
Հետևաբար, տեղափոխված անձանց ապահովումը լրացուցիչ բեռ է լինելու։ Սակայն այդ մարդկանց անհնար է չօգնել, միջոցներ կգտնվեն։ Սփյուռքը կօգնի փախստականների համար մարդասիրական ծրագրերին, մասնավորապես, տեղափոխված անձանց պահպանմանն ու նրանց կացարանային պայմանների բարելավմանը», — կարծում է փորձագետը։