Ղարաբաղի փախստական գորգերը
Ղարաբաղյան գորգերն ադրբեջանական գորգագործության դասական չորս «դպրոցներից» մեկն են ներկայացնում: Ղարաբաղյան պատերազմից հետո այդ գորգերը հարկադրված տեղահանվեցին ու այժմ «բնակվում են» Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում:
Բաքվի գորգերի թանգարանում այս փոքրիկ նմուշը ձեզ շքեղ գորգերից առաջ ցույց կտան: Այն ընդամենը 47 տարեկան է, նույնիսկ հնություն չէ: Իսկ տեսքից կարծես մի 300 տարեկան լինի: «Ծննդյան թիվը» նշված է ներքևում` 1971թ., ադրբեջաներեն «Որդուս`նրա ծննդյան օրվա առթիվ» գրության հետ մեկտեղ:
«Դատելով նախշից` այդ գորգն իր որդու համար գործել է Աղդամի բնակիչներից մեկը»,- պատմում է էքսկուրսավար աղջիկը: «Հավանաբար, այն պահվել է այդ ընտանիքում, իսկ պատերազմից հետո ինչ-որ կերպ արևմուտքում է հայտնվել: Լոս-Անջելեսում ապրող մեր հայրենակիցներից մեկը տեսել է այն աճուրդին, որոշել է գնել և տերերին վերադարձնել: Ցավոք, նրան չի հաջողվել գտնել տերերին, և գորգը մեզ մոտ է հայտնվել: Սա մեր ցուցադրության ամենահետաքրքիր նմուշներից մեկն է` ոչ թե իր գեղարվեստական արժեքի շնորհիվ, այլ որպես ընտանեկան պատմության կրող»:
Ամենածաղկուն գորգերը
Ղարաբաղյան գորգերի հիմնական առանձնահատկությունը վառ գույներն ու բուսական նախշերն են: Որպես կանոն, այդ գորգերի վրա փարթամ ծաղիկներ են պատկերված, կամ, առնվազն, դրանք զանազան երանգներով են ներկված, որտեղ գերակշռում է ալ կարմիրը:
Սա`ընդհանուր առմամբ: Իսկ մանրամասն ուսումնասիրելու դեպքում բացահայտվում են մի քանի տասնյակ տարբեր կոմպոզիցիաներ, որոնցից շատերը կոչվել են այն տեղանունների պատվին, որտեղ տարածված էր հենց այդ կոնկրետ նախշը:
Գորգերը չորս խմբի են դասակարգվում` առանց վարդյակների, վարդյակներով, նամազլիգներ (նամազի համար նախատեսված հատուկ գորգեր) և սյուժետային գորգեր:
Ղարաբաղյան գորգերը հաճախ առանձին չէին գործում, այլ կոմպլեկտներով: Որպես կանոն, ղարաբաղյան տներում սենյակները հսկայական էին, ու ամբողջ հատակը ծածկելու համար հինգ գորգից բաղկացած կոմպլեկտ` «գյաբե» էին գործում:
Գորգերի թանգարանում վերստեղծված է 18-19դդ. տիպիկ ղարաբաղյան սենյակի պատկերը` այդպիսի գորգերով, կենցաղային իրերով, կահույքով ու գորգերի նախշերին համահունչ պատերի նախշերով: Իհարկե, սենյակն իրական մեծությամբ չէ պատկերված, բայց հարմարավետ տեսք ունի: Գիտակների պնդմամբ` բավական ճշմարտացիորեն է վերարտադրված:
Փախստական թանգարանը
Այսօր ղարաբաղյան գորգերն ադրբեջանցիների ու հայերի միջև վեճերի ևս մեկ պատճառ են դարձել: Ադրբեջանցի գորգագործները, պատմաբանները, հետազոտողներն ու գորգագործությանն առնչվող այլ մարդիկ հայկական կողմին մեղադրում են ղարաբաղյան գորգերը յուրացնելու, վաճառելու և որպես հայկական ներկայացնելու համար: Հայկական կողմը բնավ հետ չի մնում, այսինքն` մեղադրում է ադրբեջանցիներին հենց նույն բանի համար: Արդյունքում Ադրբեջանըայս ուղղությամբ ևս տեղեկատվական պատերազմ է մղում Հայաստանի դեմ:
Թանգարանի մյուս հարկում, ղարաբաղյան այլ գորգերից զատ, ներկայացված են «փախստականները»` 1980-ական թթ. կեսերին Ղարաբաղի Շուշի քաղաքում բացված մասնաճյուղը: Նրա գոյությունը երկար չտևեց, ու պատերազմի սկզբում`1992թ., երբ քաղաքում իրավիճակը ծայր աստիճան սրվեց, թանգարանի աշխատակիցները պայմանավորվեցին վարորդի հետ ու անջատված լույսերով մեքենայով գիշերը Բաքու տեղափոխեցին այն ամենն, ինչ հնարավոր էր` գրեթե բոլոր գորգերը, նաև ոսկերչական ու ասեղնագործ իրերի մեծ մասը: Ստիպված էին թողնել չափազանց ծանր պղնձե ամանեղենը: Հիմա Շուշիի մասնաճյուղը տեղակայված է Բաքվի գորգերի թանգարանում:
Ղարաբաղյան գորգերը` Ղարաբաղից դուրս
Նույն 1992թ. Աղդամից տարհանվել է նաև «Ազերխալչա» [«Ադրբեջանական գորգերի» կրճատ անվանում`խմբ.ծնթ.] արտադրական միավորման մասնաճյուղը, որտեղ դեռ խորհրդային տարիներին կենցաղային և այլ նպատակներով գորգեր էին հյուսվում:




Թերևս, սա կարելի էր տարհանում անվանել զուտ խորհրդանշական իմաստով. ծանր հաստոցներն, իհարկե, ոչ մի տեղ էլ չտեղափոխեցին, իսկ արտադրամասի աշխատակիցներն ամեն դեպքում պետք է պատերազմից փախչեին: Արդյունքում նրանք բնակություն հաստատեցին մոտակայքում` Բարդա քաղաքում (շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա), «Ազերխալչայի» տեղի արտադրամասի շենքում: Սկզբնական շրջանում գորգագործներն ու նրանց ընտանիքները հենց այնտեղ ապրում և աշխատում էին, շարունակելով գորգեր հյուսել: Ժամանակի ընթացքում փախստականներին այլ վայր տեղափոխեցին, իսկ արտադրամասը շարունակեց գործել ու մինչ օրս էլ աշխատում է: Այդ ընթացքում վարպետների նոր սերունդ է մեծացել, ովքեր սովորել են ավագ գորգագործների մոտ ու նաև մասնագիտական ուսուցում են անցել:
«Ազերխալչայում» երկար տարիներ աշխատած Շուշիի մասնաճյուղի ներկա ղեկավար Ալիսաֆա Նուրիևն ասում է, որ նայելով, թե ինչ կերպ է գորգը հյուսված, մասնագետը կարող է որոշել գորգագործի տրամադրությունը տվյալ պահին:
«Եթե առավոտյան արտադրամաս էի մտնում ու նկատում, որ վարպետներից որևէ մեկի մոտ հանգույցները չափից ավելի խիտ են, ամուր, ուրեմն, ամենայն հավանականությամբ, տվյալ պահին կինը լարված է: Երևի տանը ինչ-որ վիճաբանություն է ունեցել կամ խիստ մտահոգված է ինչ-որ հարցով: Իսկ եթե նախշը բավականաչափ խիտ չէ, նորմատիվից քիչ է, ուրեմն, գորգագործը հանգիստ տրամադրություն ունի, մտքերով ուրիշ տեղ է»:
Նուրիևի կարծիքով, Ղարաբաղի սահմաններից դուրս հյուսված ժամանակակից ղարաբաղյան գորգերին նայելով կարելի է կռահել այն ստեղծած վարպետի տարիքը: Տարեց կանայք, Շուշիից, Աղդամից փախստականները, ովքեր լավ են հիշում 90-ականների սկզբի իրադարձությունները, գիտակցաբար կամ անգիտակցաբար ավելի մռայլ գորգեր են հյուսում` ի տարբերություն պատերազմ չտեսած երիտասարդների:
Բայց նման նրբությունները տեսանելի են միայն գորգերի լեզվին կատարելապես տիրապետող մարդկանց: Իսկ տնայնագործ ղարաբաղյան գորգը «գործարանայինից» ցանկացած ոք կտարբերի: Որքան ավելի անհամաչափ են նախշերը, որքան ավելի շատ է կամայականությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն նախատեսված չէր վաճառքի համար ու արտադրամասում չի պատրաստվել, այլ հյուսվել է տանը` դստեր օժիտի համար, երեխայի ծննդյան կապակցությամբ կամ պարզապես մոտալուտ ձմռանը սենյակի հատակը ծածկելու նպատակով:





