«Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում։ Փաշինյանի խոսքը տևել է 17 րոպե։ Ներկայացնում ենք այդ ելույթի ամենակարևոր ուղերձները։
Հեղափոխություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Իր ելույթը Նիկոլ Փաշինյանը սկսել է «թավշյա հեղափոխությունից»։ Նա ևս մեկ անգամ պատմել է, թե ինչպես են ինքն ու իր համախոհները կարողացել խաղաղ իշխանափոխություն անել։
«Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների: Եվ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Երբ [մենք] ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդեմ իշխող վարչակարգի: Եվ մենք հաղթեցինք բացառապես խաղաղ ցույցերի միջոցով՝ առանց գեթ մեկ կրակոցի և առանց զոհերի: Մենք հաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է է նաև, որ Հայաստանի խորհրդարանն իրեն վարչապետ է ընտրել հասարակության ճնշման տակ։ Միաժամանակ ընդգծել է, որ Ազգային ժողովի ներկայիս կազմը չի արտահայտում ժողովրդի կամքը, քանի որ նախորդ ընտրությունները կեղծվել են։
«Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին: Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ կառավարությունը պատրաստվում է երաշխավորել ժողովրդի կամարտահայտումը ոչ միայն ընտրությունների, այլև հանրաքվեների միջոցով։
Սիրիա և Ղարաբաղ
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է գլոբալ ճգնաժամերի թեմային և նշել, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնելու հումանիտար առաքելությունը Սիրիայում։
«Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը»։
Հայաստանի առաջնորդը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից։ Նա ևս մեկ անգամ հնչեցրել է այն դրույթը, որ չճանաչված հանրապետության ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին։
«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը»։
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է մաքրել Ղարաբաղը հայերից։
«Այսպիսով, սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասելու, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը
Իր ելույթի ավարտին Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ մի քանի շաբաթ անց Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, և բոլորին հրավիրել է Երևան։