«Ձեռքը պահել զարկերակին»․ կարծիք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների բրյուսելյան ձևաչափի մասին
Միշելի անդրադարձը «Զանգեզուրի միջանցքին»
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրուսելյան վերջին հանդիպումից հետո պարբերաբար պարզաբանման կարիք է ծագում քննարկված հարցերի և ընդունված որոշումների շուրջ։ Մասնավորպաես, պաշտոնական Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ, թե հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հանդիպման միջնորդ, ԵԽ նախագահ Շառլ Միշելը հրապարակավ պատասխանել է, թե ափսոսանք է հարուցում արտատարածքային պահանջների վերաբերյալ շահարկումը: Նա անհրաժեշտ է համարել ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին, թեև հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունում նման արձանագրում ընդհանրապես չկար:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմը բազմիցս հանդես է եկել Հայաստանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան «միջանցքի» տրամադրման պահանջով։ Հայկական կողմը մշտապես պատասխանել է, որ կողմ է ապաշրջափակել տարածաշրջանայաին կոմունիկացիաները, սակայն կտրականապես դեմ է տրամադրել որևէ ճանապարհ «միջանցքային տրամաբանությամբ»։ Ըստ Հայաստանի իշխանությունների բացատրության, «միջանցք» եզրը ենթադրում է սուվերենության կորուստ այդ տարածքի նկատմամբ, ինչի մասին խոսք լինել չի կարող։
Վերլուծելով Շառլ Միշելի վերջին հայտարարությունը՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիք է հայտնել, թե ԵԽ նախագահը «դողում» է բրյուսելյան ձևաչափի «լինելիության» վրա: Այն, ըստ քաղաքական մեկնաբանի, «չունի բավարար ռազմա-քաղաքական ռեսուրս ինքնաբավության համար», իսկ գործընթացի կարգավիճակն ունի «ճշտման կարիք»։
Բրյուսելին հաջորդած իրողությունները, Միշելի նոր հայտարարությունը, ինչպես նաև փորձագիտական կարծիք եվրոպական միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի մասին։
Նոր հայտարարություն՝ որպես բացատրություն
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմը պնդում է, թե պաշտոնական Երևանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Բաքվի օրակարգին։ Այդ թվում խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին: Ալիևի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ Ադրբեջանի ղեկավարին կոչ անելով չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»:
Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցն էր հրապարակել է նոր հայտարարություն: Այստեղ շեշտվում է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը.
«Երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում»:
Հայտարարության համաձայն Շառլ Միշելը՝
- ողջունել և պատմական է որակել սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը,
- շեշտել է սահմանազատումից առաջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը,
- կարծիք է հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության ապահովման համար պետք է անդրադառնալ բոլոր չլուծված խնդիրներին, այդ թվում՝ հակամարտության արմատներին,
- ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին:
ԵԽ նախագահի համոզմամբ՝ իր նախորդ հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի»: Նկատում է՝ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը, ինչը «ներառում է բոլոր բնակչությունների իրավունքները և անվտանգությունը»:
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նախ արձանագրում է, որ Միշելի հայտարարությունը տարածվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ։ Այն տեղի ունեցավ մայիսի 28-ին, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհ․
«ԵԽ նախագահի հայտարարությունը շրջանցում է այդ կոնկրետությունը, ինչը թերևս զարմանալի էլ չէ և հատուկ է ոչ միայն Միշելին, այլ որևէ միջնորդական գործառույթ իրականացնող այլ սուբյեկտի, ներառյալ Մինսկի խմբի համանախագահ եռյակի երկրները [ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդները՝ մինչև 2020թ․ պատերազմը]»:
Փորձագետի դիտարկմամբ՝ Եվրամիության և Միշելի քաղաքական ուժը գերագնահատել պետք չէ.
«Միշելի դիվանագիտական ջանքն ինքնին ունի տարբեր ուժային բևեռների միջև մանևրելու, որոշակի հավասարակշռություն պահելու անհրաժեշտություն»:
Նկատում է՝ Եվրամիությունը քաղաքական միատարր սուբյեկտ չէ: Բադալյանը համոզված է՝ այդ մասին են վկայում նաև ԵՄ ներսում չհաղթահարվող տարակարծությունները Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ:
Բրյուսելյան գործընթացն, ըստ քաղաքական մեկնաբանի, «չունի բավարար ներուժ, բավարար ռազմա-քաղաքական ռեսուրս ինքնաբավության համար», իսկ գործընթացի կարգավիճակն ունի «ճշտման կարիք»:
«Բոլորովին միարժեք չէ այն, որ Հայաստանը պետք է ամեն գնով նպաստի այդ գործընթացի զարգացմանն ու ծավալմանը: Հայաստանը պետք է ձեռքը պահի դրա զարկերակին, սակայն չցուցաբերի դրա հանդեպ ավելորդ դյուրահավատություն»,- ընդգծում է Բադալյանն ու հավելում, որ մայիսի 22-ից հետո Երևանն ու Բաքուն փորձում են «ոտքն» արգելակի վրա պահել:
Շառլ Միշելի անդրադարձը «Զանգեզուրի միջանցքին»