«Հրաշքների դաշտն» Աբխազիայում
Սուխումի «քրչի շուկայում» ամեն ցանկացող կարող է առևտուր անել, պետք է պարզապես սիմվոլիկ «տուրք» վճարել առևտրի կետի համար ու ապրանքը դասավորել այսպես կոչված վաճառասեղանին: Եվ այդ իրերն այստեղ կարծես փոխակերպվում են. այն ինչ դուք բոլորովին արդարացված կերպով կարող էիք անպետք համարել, հանկարծ պահանջված ապրանք է դառնում՝ եթե ոչ կոլեկցիոների վաղեմի երազանք:
Իհարկե ամեն ինչ պետք է սակարկել: Բայց դրանում այն թեթևությունն ու խաղը չկա, ինչ սովորական արևելյան շուկաներում, որովհետև այս շուկան սակարկելու իր սեփական մարտավարությունն ունի: Երկու կողմերն էլ պետք է կարիքավոր ձևանան.
— Քսանով տվեք, վերջին դրամս է:
— Ոչ, երեսուն է, բնակարանիս կես տարվա վարձը չեմ մուծել:
Հարկ եղած չափի ազքատ կարելի է դառնալ համապատասխան հագուստի միջոցով: «Քրչի» շուկայի չգրված կարգի համաձայն և՛ վաճառողները, և՛ գնորդները պետք է հատուկ «աղքատի դրես կոդը» պահպանեն: Ոմանք նույնիսկ իրենց հետ փոխնորդ են բերում, օրինակ, ճմռթված կեպի կամ հին վերարկու: Ակնկալվում է, որ «աղքատ» տեսքը ձեր խոսքերին ավելի մեծ արժեք է հաղորդում:
«Քրչի շուկայում» փոխակերպվում են ոչ միայն իրերն, այլ նաև գաղափարները: Օրինակ, այստեղ անընդհատ բախում է տեղի ունենում շուկայի էժանության ու վաճառողների՝ իրենց ապրանքի գնի մասին պատկերացումների միջև:
«Քրչի շուկայի» տիպիկ վաճառողն իր ապրանքին շատ անձնավորված է վերաբերվում. նա օտար մարդ չէ, ինչպես մի խանութում կամ տաղավարում, որտեղ նույնպես հին իրեր են վաճառվում: Եվ ապրանքի գինը գցելու ցանկացած փորձ դիմադրություն է առաջացնում.
— Ի՞նչ արժե բամբակե տաբատը:
— Թանկ է:
— Որքա՞ն:
— 150:
— Բայց սա շուկա է:
— Ե՞վ:
— Իսկ 100-ո՞վ: Չէ՞ որ սա շուկա է:
— 100-ով ափսոս է:
Հնարավոր է, հենց այս հրաշալի փոխակերպումների պատճառով է, որ Սուխումի «քրչի շուկան» հաճախ Հրաշքների դաշտ են անվանում: Ինչ-որ մեկը հիշեցրեց, որ շուկայի անվանումը (flea market – բառացիորեն «լվի շուկա») Ֆրանսիայից է գալիս: Մի քանի դար առաջ Փարիզի մերձակայքում մարդիկ հավաքվում ու էժան գներով վաճառում էին հագած հագուստ, որի վրա շատ լվեր կային:
«Քրչի շուկայի» սովորական գնորդը զբոսաշրջիկներն են, տեղացիների մեջ «հնոտիների» սիրահարներն ավելի քիչ են: Սակայն ամբոխը բավականին բազմազան է: Այստեղ ում ասես՝ կարելի է հանդիպել՝ և թոշակառուների, ովքեր էժան հագուստ գնելու համար են այստեղ հայտնվել, և երիտասարդ ինտելեկտուալների, ովքեր բացառիկ հրատարակություն են փնտրում, և նորաձևությանը հետևողներին, ովքեր վինտաժային պայուսակներ, հազվագյուտ գրքեր ու զարդեր են գնում:
Այստեղ շատ են հին գրքերն ու բացիկները: Բայց քիչ մարդ կա, որ իր գրքերն է վաճառում սեփական գրադարանից: Հիմնականում դա վերավաճառք է: Գալինա Կոլեսնիկովան այս շուկայում 1998թ.-ից է աշխատում՝ գիրք է վաճառում: |«Սկզբից ես այստեղ մի անգամ գիրք էի վաճառում 20 ռուբլիով: Մի տղամարդ մոտեցավ ու գինը հարցրեց, իսկ երբ ասացի 20, հանեց 100 ռուբլի տվեց ու ասաց, որ այդ գիրքն ավելի թանկ է: Հեղինակին արդեն չեմ հիշում, բայց շատ հին հրատարակություն էր՝ 1879 թ.» – պատմում է Գալինա Սերգեևնան:
Լենա Լազինսկայան «Քրչի շուկա» է եկել 20 տարի առաջ, պատերազմից անմիջապես հետո՝ կարիքից դրդված. պետք էր երեխաներին կերակրել: «Այստեղ շատ գումար չես վաստակի, բայց ժամանակդ հետաքրքիր կանցկացնես: Իմ գրքերը թանկ չեն՝ 20-200 ռուբլի: Հիմնականում մեծահասակներ են գալիս, ովքեր գրքերին նայելիս իրենց երիտասարդությունն են հիշում: Շատ հետաքրքիր է նրանց հետ շփվելը»– ասում է Լենան:
Շուկայում նաև փող են վաճառում: Օրինակ, ահա այսպիսի սովետական: Վաճառողը պատմում է, որ այս հարստությունը բոլորովին պատահաբար է հայտնաբերել իր մորաքրոջ իրերի մեջ: Ի դեպ, դրանք այնքան էլ էժան չեն այստեղ:
Ցանկացած հին ապրանք, հավանաբար, պահանջարկ կունենա այստեղ, նույնիսկ եթե այն չի աշխատում արդեն: Նորաձևության հարց է, հին ոճի իրերն այժմ գնահատվում են: Սակայն հաճախ հինը նորի կողքին է, իսկ թանկը՝ էժանի: Շուկայի օրենքով, ամեն վաճառասեղանին թանկ իրերի կողքին պարտադիր պետք է ավելի մեղմ գներով ապրանք լինի:
Մի քիչ առաջանալով՝ կարելի է նույնիսկ իսկական ազնվական հնություն տեսնել: Բնականաբար, սա ձեռքի անկրկնելի աշխատանք է, նայեք՝ ինչպիսի նախշ: Կարծես հիմա գնորդ կդառնամ:
«Ո՞րտեղից է այս գեղեցկությունը» – հարցնում եմ վաճառողին:
«Չեք պատկերացնում, ինչքան արժեքավոր բաներ է մեր ժողովուրդը դեն նետում՝ իրենց տան կտուրներն ազատելով, — ասում է նա, — դեն նետված ապրանքի մեջ հաճախ կարելի է ХVIII և ХIХ դարերի թանգարանային իրեր գտնե»:
Ես չեմ զարմանում, սա հերթական անպետք իրի հրաշալի փոխակերպումն է: Արդեն հասկացել եմ, որ այստեղ դա նորություն չէ: