Հրաժեշտ աջ ղեկին
Հայաստանն արգելել է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Գլխավոր պատճառն անվտանգության նկատառումներն են: Իշխանությունների փաստարկների հետ համաձայն չեն վարորդները, որոնք վաղուց են բողոքում կառավարության պլանների դեմ: Իսկ Վրաստանում հրաժարվել են աջ ղեկով մեքենաների ներկրումն ու գրանցումն արգելելու մտադրությունից, փոխարենը մեկ տարի առաջ եռակի բարձրացրել են դրանց ներկրման ակցիզը: Թե ինչով են Վրաստանի և Հայաստանի վարորդներին գրավում աջ ղեկով մեքենաները և որքանով է արդարացված արգելքը, պարզել են JAMnews-ի թղթակիցները Երևանում և Թբիլիսիում:
Հանուն աջ ղեկի և ժողովրդավարության
30-ամյա Արա Մելիքջանյանը 12 տարվա վարորդ է: Աջ ղեկով մեքենա վարում է վերջին 3 տարիներին: Աջ ղեկով մեքենաների խնդիրն Արային և հազարավոր այլ վարորդների ստիպեց դուրս գալ փողոց և պայքարել ՀՀ կառավարություն ներկայացված նախագծի դեմ.
«Մեր պայքարը աջ ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի դեմ էր, բայց այն նաև մարդու սահմանադրական իրավունքների խախտման դեմ էր: Մեր երկրում կամայական արգելքի դեպքում, իրենց իրավունքների խախտման յուրաքանչյուր դրսևորման ժամանակ մարդիկ միայն մեկ «պլան Բ» ունեն, և դա արտագաղթն է: Այս արգելքին դեմ դուրս եկած մարդիկ ուղղակի ասում են՝ մնալու ենք Հայաստանում և պայքարելու ենք մեր իրավունքների իրացման համար»,- ասում է Արան:
Ամեն ինչ սկսվեց 2017-ի վերջին, երբ կառավարությունը քննարկման դրեց որոշումների փաթեթ, որով առաջարկվում էր 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը: Թույլատրվում էր միայն մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված մեքենաների շահագործումը, բայց ոչ դրանց վերահաշվառումը:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աջ ղեկով շուրջ 32 հազար մեքենա կա: Նախագծի դեմ բողոքողները, սակայն, պնդում են, որ դրանց թիվը գրեթե 100.000 է.
«Խնդիրն այն է, որ դեռևս 4-5 տարի առաջ մեքենայի տեխնիկական գրքույկում հստակ չի ֆիքսվել՝ մեքենան աջ ղեկանիվո՞վ է, թե ձախ: Այս պարագայում կառավարության ներկայացրած տվյալները հավատ չեն ներշնչում»,- բացատրում է Արան:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որպես նախագծի հիմնավորում նշում էր ավտովթարներում աջ ղեկով մեքենաների մասնակցության բարձր ցուցանիշը: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունը աջ ղեկով մեքենաների «մեղավորության» վերաբերյալ որևէ վիճակագրություն չունի.
«Այն բանից հետո, երբ մենք նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցինք, որ չկա վթարների վիճակագրություն, թիվ, որը կարող էր հիմք դառնալ նման պնդման համար, մեկ գիշերվա մեջ կառավարությունը «նկարեց» այդ թիվը՝ ասելով, որ տվյալները տրամադրել են ապահովագրական ընկերությունները: Եթե սա ճիշտ է, ապա ևս մեկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ապահովագրական ընկերությունը վարորդների անձնական տվյալները տրամադրում երրորդ կողմի՝ թեկուզ ՀՀ կառավարությանը: Ո՞ր իրավունքով»,- ասում է Արան:
Շաբաթներ տևած պայքարից հետո նախագիծն ուղարկվեց լրամշակման և կետը, որը վերաբերում էր աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին, հանվեց նախագծից: Լրամշակված նախագիծով ապրիլի 1-ից հետո կարգելվի միայն այդ մեքենաների ներմուծումը, սակայն մինչ այդ աջ ղեկով մեքենա գնողները կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել դրանք, այսինքն վաճառել՝ անհրաժեշտության դեպքում:
Սակայն Արա Մելիքջանյանը պնդում է՝ սրանով խնդիրը չի լուծվել, իրենց պայքարը շարունակվելու է.
«Այստեղ 3 շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Նախ, մենք համարում ենք, որ մինչև ապրիլի 1-ը սահմանված ժամկետը ողջամիտ չէ: Մարդիկ մեքենա են գնել դեռ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց դրանք մինչև ապրիլի 1-ը Հայաստան չեն հասնի: Միայն մեկ միջնորդ ընկերության տվյալների համաձայն՝ սահմանված ժամկետում Հայաստան չի հասնի շուրջ 900 մեքենա: Ի՞նչ պետք է անեն դրանց գնորդները:
Երկրորդ խնդիրն առավել սուր է. աջակողմյան ղեկով մեքենաները, հիմնականում ճապոնական արտադրության, զգալիորեն էժան են, և մարդիկ, ովքեր տարիներով խնայողություններ են արել մեքենա գնելու, օրինակ՝ տաքսի քշելու, և իրենց ընտանիքի հացի խնդիրը լուծելու համար, այսօր կանգնել են դրա անհնարինության առաջ: Նույն գնով, լավագույն դեպքում, ռուսական «Լադա» կգնես, որը անվտանգության ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում»,- ասում է Արան:
Երրորդ խնդրի մասին բողոքի ակցիայի նախաձեռնողները նշել են նաև ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկների մեջ: Խոսքը էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին է.
«Մենք առաջարկում ենք, որ արգելքը գոնե մասնակի լինի և չտարածվի էկոլոգիապես մաքուր, հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով մեքենաների վրա, որոնց ներմուծումը և շահագործումը կնպաստի էկոլոգիական շատ խնդիրների լուծման: Ճապոնիան այս իմաստով առաջատար արտադրող է, որը, սակայն, ձախ ղեկանիվով մեքենաներ ուղղակի չի արտադրում: Որպես օրինակ միայն նշեմ, որ ճապոնական արտադրության էլեկտրական շարժիչով մեքնաներից մեկը արժե շուրջ 4500 դոլար, դրա ձախ ղեկանիվով անալոգը ԱՄՆ-ում շուրջ 21 հազար ԱՄՆ դոլար»,- ասում է Արան:
Նախագծի դեմ հանդես եկողները հույս ունեն, որ իրենց ներկայացրած առաջարկները կքննարկվեն և որոշումներ կայացնելիս՝ կառավարությունը հիմք կընդունի միայն ժողովրդավարական արժեքները:
Աջ ղեկով՝ քիչ, հին՝ շատ մեքենաներ
Մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել աջ ղեկով մեքենաների ակցիզների եռապատկման մասին Վրաստանի կառավարության որոշումը: Փորձագետները պդնում են, որ կառավարության հույսերն առ այն, որ ընդունված որոշումից հետո Վրաստանի ավտոպարկը կթարմանա, չեն արդարացել:
Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի վերաբերյալ նախաձեռնություն դեռևս 2015թ-ի դեկտեմբերին ներկայացրել էր ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: Այն ժամանակ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնիսկ շնորհակալություն հայտնեց նախարարին: Թեև ավելի ուշ կառավարությունը փոփոխեց որոշումն ու աջ ղեկով մեքենաների ներկրումն ամբողջությամբ արգելելու որոշման փոխարեն փոփոխեց մեքենաների հարկման ռեժիմը:
Հարկային օրենսգրքում արված և 2017թ-ի հունվարի մեկից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ բարձրացվել են այն մեքենաների ակցիզները, որոնց տարիքը գերազանցում էր 6 տարին, իսկ աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը թանկացել է 3 անգամ:
Ինչպես պնդում են ներքին գործերի նախարարությունում, հարկման փոփոխման գլխավոր նպատակը Վրաստան նոր մեքենաների ներկրման խթանումն էր և, որպես հետևանք, երկրի ճանապարհներին անվտանգության բարձրացումը:
«Ըստ կառավարության հաշվարկների՝ համեմատաբար հին մեքենաների ներկրումը պետք է կրճատվի: Բնականաբար, նրանք, ովքեր մտադիր էին ձեռք բերել, ասենք, 14 տարեկան մեքենա և տաքսի վարել, հիասթափված են», — այն ժամանակ հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2007թ-ից Վրաստանում գրանցված մեքենաների թիվը գրեթե կրկնապատկվեց և 2016թ-ին հասավ 1մլն 126 հազ. 470-ի: ՆԳՆ տվյալների համաձայն՝ այդ մեքենաների գրեթե կեսը՝ 46%-ը, 20-ից ավել տարեկան է, և երկրի ավտոպարկի միայն 3,6%-ն է 6 տարեկանից «փոքր»:
Իսկ աջ ղեկով մեքենաների ներկրումը կազմեց Վրաստան ներկրված մեքենաների ընդհանուր քանակի 38,9%-ը:
Աջ ղեկով մեքենաների մաքսազերծման թանկացումն իշխանությունները բացատրեցին նրանց քանակի այնպիսի կտրուկ աճով, որ այն կրիտիկականի էր հասնում, և մոտակա 5-7 տարվա ընթացքում աջ և ձախ ղեկով մեքենաների քանակը կարող էր հավասարվել: Իսկ դա արդեն լուրջ խնդիրներ կստեղծեր երթևեկության կարգավորման և ճանապարհային անվտանգության ոլորտում:
Ինչպես պնդում են ՆԳՆ-ում, աջ ղեկով մեքենաները ձախ ղեկով մեքենաների համար նախատեսված ճանապարհներին բարձր ռիսկեր են կրում, և այդ ռիսկերն աճում են վազանցի, ուղևորին իջեցնելու, գիշերը միացրած լուսարձակներով երթևեկելու ժամանակ: Սակայն աջ ղեկով մեքենաների բարձր ռիսկերը հաստատող որևէ հետազոտության տվյալ իշխանությունները չներկայացրին:
2017թ-ին Վրաստան 66 479 մեքենա է ներկրվել, դրանցից 14 578-ը՝ աջ ղեկով, ինչը կազմել է ողջ ներկրման 21.9%-ը: Այսինքն՝ 2016թ-ի համեմատ աջ ղեկով մեքենաների ներկրումը կրճատվել է 17%-ով:
Տրանսպորտային հարցերով զբաղվող «Հաբ Ջորջիա» պլատֆորմի գլխավոր տնօրեն Վասո Ուրուշաձեն ասում է, որ երկրի ավտոպարկի թարմացման հույսերը չարդարացան, քանի որ բնակչության սոցիալ-տնտեսական դրության պատճառով 10-20 տարվա մեքենաների պահանջարկը պահպանվեց:
«Բնակչությունը, որը բարեկեցիկ կյանքով չի ապրում, նոր մեքենաներ չի գնի: Աջ մեքենաների ակցիզի թանկացման պատճառով մենք բախվեցինք նրան, որ տեխնիկական լավ վիճակում գտնվող ճապոնական մեքենաների փոխարեն երկիր սկսեցին ներկրել թեև ձախ ղեկով, բայց ավելի ամորտիզացված մեքենաներ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից: Ճապոնական մեքենաների համեմատ դրանք ավելի շատ վառելիք են ծախսում, վազքը մեծ է, ավելի շատ են աղտոտում շրջակա միջավայրը: Եվ այդպիսի մեքենաներն ավելի քիչ են համապատասխանելու տեխզննման պայմաններին, քան ճապոնականները», — ասում է Ուրիուշաձեն: