«Շրջափակված Արցախի էլիտան գզվռտոցի մեջ է»․ հայ քաղաքագետ
Հրաժարականների հավանականությունը ԼՂ-ում
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են Արցախի շուրջ հնարավոր զարգացումները, մասնավորապես՝ նախագահի և պետնախարարի հնարավոր հրաժարականը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը չի արձագանքել տարածվող տեղեկություններին։ Վստահեցրել է՝ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, բայց նաև հավելել՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծմանը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հերքել է դրանք՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում դա իր համար «անընդունելի» է։
Չնայած դրան՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումն ու հայտարարել է, որ առաջադրվելու։
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ Արցախում ընթացող ճգնաժամը նաև ներիշխանական պայքարի արդյունք է։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ հրաժարականների թեման գեներացվում է Հայաստանի իշխանամերձ շրջանակների կողմից։
Արցախցի պաշտոնյաների ելույթները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Հանձնվելու իրավունք չունենք»
Նման հայտարարություն է արել պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու հավելել, որ չկա նաև «ադրբեջանական օրակարգը սպասարկելու իրավունք»։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,— այսպես է Վարդանյանը մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը։
Նա բոլորին «քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ» է արել ու համոզմունք հայտնել, որ հիմա «Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն» կա:
Ավելի վաղ Արցախի պետնախարարը վերահաստատել էր՝ Ստեփանակերտը պատրաստ է կառուցողական երկխոսության։
«Ադրբեջանը պետք է հասկանա՝ հայերի կյանքի գնով խաղաղություն չի կարող լինել»,- նշել էր Վարդանյանը։
«Պատրաստ եմ անձնազոհության»
Անձնազոհության պատրաստ գործիչը Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանն է։ Նա հայտարարել է արտահերթ ընտրությունների հավանականության և իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
«Ընտրվելու դեպքում իմ ժողովրդին մենակ չեմ թողնի»,- նշել է նա՝ առանց հստակեցնելու՝ ի՞նչ կշահի դրանից Արցախը։
Պատասխանելով հարցին, թե ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար գործող իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ չի արել՝ Թովմասյանը ասել է՝ ինքն իր «քիթը չի խոթում կառավարության գործերի մեջ»։
Արցախի ընդդիմությունը կարծում է՝ ԱԺ նախագահն առաջ է ընկնում իրադարձություններից, քանի որ արտահերթ ընտրություններից առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պետք է անցկացվի, կառավարման մոդել ընտրվի։ Ասում են՝ չնայած ճգնաժամային իրավիճակին իշխանությունը «նախընտրական քարոզարշավ» է սկսել։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ եթե Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, դա դեռ չի նշանակում, թե փակված է նրա «հնարավոր պաշտոնանկության թեման»։ Կարծում է՝ այն գեներացվում է Հայաստանի իշխանամերձ շրջանակների կողմից։
Սուրենյանցի խոսքով՝ նորանշանակ պետնախարարը ԼՂ-ի համար ընտրել է «Ավարայրի» ճակատամարտի սցենարը, բայց Արցախն այն սպասարկելու ռեսուրս չունի։
Ուստի չի բացառում, որ հենց այս պատճառով էլ Վարդանյանը մի օր «ստիպված թողնի» Արցախն ու հեռանա։
«Եթե Վարդանյանի գիծը («Ավարայր») մերժվում է, ապա ի՞նչ գիծ է որդեգրվելու՝ ռեինտեգրացիա՞, թե՞ էվակուացիա»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ խորհրդարանի խոսնակ Թովմասյանի՝ առաջադրվելու մասին հայտարարությունը «պրովոկացիա» էր։ Ասում է՝ դրա հեռահար հետևանքը կարող է լինել ԼՂ-ի նույնիսկ ֆորմալ սուբեկտության ոչնչացումը:
«Արցախում հիմա տեղի է ունենում սուբեկտության ոչնչացման վերջին արարը։ ԼՂ-ում կարող է չեղարկվել սահմանադրական իշխանությունը: Շրջափակված Արցախում էլիտա կոչվածը գզվռտոցի մեջ է՝ ինֆորմացիոն պատերազմի «ուժեղ արսենալով»,- տելեգրամյան ալիքում գրել է նա։
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ Արցախում ընթացող ճգնաժամը, ի թիվս այլ գործոնների, նաև ներիշխանական, անձնային պայքար է:
«Այս պայմաններում, երբ Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ շարունակում է շրջափակման տակ պահել Արցախը, ներքաղաքական պայքարում զրո վերջնարդյունքով խաղը լավագույն տարբերակը չէ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ըստ Հակոբյանի՝ ստեղծված իրավիճակում հնարավոր է երեք սցենար՝
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարական, որի դեպքում Ռուսաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տալու նոր ընտրություն կամ ևս մի բան են պոկելու Արցախից/Հայաստանից,
- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարական/պաշտոնանկության, որի դեպքում միանաշանակ պնդվելու է, որ Վարդանյանը «լավ կյանքը թողած եկել էր կանգնելու Արցախի կողքին, իսկ նրա հրաժարականով սկսվում է Արցախի հպատակեցումը Ադրբեջանին»,
- Ոչ նախագահը, ոչ պետնախարարը հրաժարական չեն տալիս, ինչի արդյունքում գոնե մի որոշ ժամանակով կրքերը հանդարտվում են, և բոլորը կրկին կենտրոնանում են Արցախի շրջափակման թեմայի վրա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հրաժարականների հավանականությունը ԼՂ-ում