«Հռոմեական արձակուրդն» ավարտվեց
Հռոմի պապի այցը ժամանակային առումով գրեթե համընկավ, ավելի ճիշտ՝ հաջորդեց Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան խնդրի շուրջ կայացած բանակցություններին: Եվ եթե այցի ժամկետները դրանից շատ ավելի վաղ պլանավորված չլինեին, կարելի էր մտածել, որ Հայաստանի իշխանությունները դրանով հասարակության ուշադրությունն են շեղում ցավոտ, սուր, հին ու նոր խնդիրներից:
Ֆրանցիսկոս պապը կարծես թարմ օդ լիներ՝ իր ներկայությամբ միայն հանգստություն և խաղաղություն բերելով: Եվ դա բացարձակապես հաճոյախոսություն չէ, դա երևում էր այն մարդկանց դեմքերից, ովքեր հնարավորություն ունեցան տեսնելու և լսելու նրան:
Ձևափոխելով հայտնի արտահայտությունը՝ կարելի է ասել. Պապը եկավ, նրան տեսան, նա հաղթեց: Եվ քանի որ նա անձնական նպատակներ չուներ և աղոթում էր միայն խաղաղության համար, որ «մարդիկ չարը բարուց տարբերեն», ապա «շահեցին» բոլորը:
Պապի արտաբերած խոսքը, կարծես, բալասան լիներ Հայաստանի ժողովրդի հոգու համար, և կրկին առաջացրեց Թուրքիայի իշխանությունների վրդովմունքը: Նա կրկին ցեղասպանություն կոչեց 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ, թեև նախնական տեքստում գրված էր «ողբերգություն»:
«Մենք պետք է պահպանենք հայ ժողղովրդի ողբերգության մասին հիշողությունը: Հենց այդ հիշողությունը հետագայում կկանխի նման հանցագործությունները», — հաջորդ օրը Ցեղասպանության թանգարանի պատվո հյուրերի մատյանում գրել էր Սրբազան քահանայապետը:
Ֆրանցիսկոս պապը շրջապատի մարդկանց զարմացնում էր իր համեստությամբ՝ երթևեկելով ոչ թանկարժեք մեքենայով՝ թույլ չտալով իրենից հեռացնեն հավատացյալներին, ովքեր նրա ձեռքն էին ուզում սեղմել:
Այդ պատճառով էլ նա արդեն ոչ ոքի չզարմացրեց, երբ խաղաղության համար համընդհանուր աղոթքից հետո, Հանրապետության հրապարակից հեռանալիս, մոտեցավ ներկա գտնվող հաշմանդամներին ու բոլորին համբուրեց:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե քահանայապետը չի ցանկացել, որ Հայաստան ժամանելիս իրեն ողջունեն մեր երկրի բիզնեսմենները, հրաժարվել է իր համար նախատեսված շքեղ կեցավայրից և ցանկացել ծերանոցում գիշերել:
Սրանք դասեր էին Հռոմի պապից. հասկացողը՝ կհասկանա: Այնքան հաճելի է թվարկել դրանք, որ նույնիսկ չես ուզում վերադառնալ իրականություն, որտեղ նա չկա, որտեղ կուտակվել են հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաններ:
Միայն մի քանի հայկական լրատվամիջոց, չնվազեցնելով Պապի այցի կարևորությունն ու չմոռանալով լուսաբանել այն, այնուամենայնիվ հիշեցնում էին մեր ցավոտ խնդիրների մասին: Ցուցակը գլխավորում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը, այսինքն՝ խաղաղությունը, որի համար Հայաստանում աղոթում էր Ֆրանցիսկոս պապը:
Վերլուծվում էր Սանկտ Պետերբուրգի Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը, հիշատակվում էր Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև դրան հաջորդած Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի կոշտ հերքումը:
Գլխավոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնում հասարակությանը բանակցությունների իրական պատկերը: Հետևաբար ԶԼՄ-ները վերլուծություններ են անում, ելնելով պաշտոնական սեղմ տեղեկատվությունից և մամուլ սողոսկած մանրամասներից՝ հաճախ կասկածելով դրանց հավաստիությանը:
Հայաստանում հիմնականում քննարկվում էր Ռուսաստանի խնդրի լուծումն իր ձեռքը վերցնելու և ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի դերը նվազեցնելու նախաձեռնությունը: Ընդ որում, այդ մասին արդեն խոսել են ոչ միայն քաղաքագետները, այլ նաև ակտիվ մտավորականները:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ. «Այնպես չի, որ Մինսկի խումբը շտապում է հակազդել Ռուսաստանի նախաձեռնություններին, չնայած Ֆրանսիան իր դեսպանի միջոցով հայտարարեց, որ հաջորդ հանդիպումն առաջիկայում պատրաստ է իր երկրում կազմակերպել: Չի երևում, սակայն, թե ում միջև՝ եռակո՞ղմ՝ Ֆրանսիա, Հայաստան, Ադրբեջան, թե՞ Մինսկի խմբի շրջանակներում, Ֆրանսիայի տարածքում:
Մինսկի խմբի գոյությունը մասամբ զսպում է կտրուկ գործողությունները, քանի դեռ երեք երկրներից առնվազն երկուսը մրցակցում են: Միջազգային դիտորդների միջոցով շփման գծում մշտադիտարկում իրականացնելու ԱՄՆ-ի առաջարկը, ճիշտ է, մերժվել է Ադրբեջանի կողմից, բայց Ռուսաստանի ակտիվ օժանդակությամբ: Մյուս կողմից, ԱՄՆ-ի ներկայացուցիչը առիթը բաց չի թողնում շրջանները վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ անելու, որոնց դեպքերում Ռուսաստանը խորհրդավոր լռություն է պահպանում: Այս փոխադարձ «վերահսկողությունը» մասամբ հավասարակշռում է իրավիճակը ստատուս քվոյի օգտին»:
Այդ համատեքստում քննարկվեցին նաև հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանը դադարել է Հայաստանում միանշանակ ընկալվել՝ ընկեր և վերջ: «Բանն այն է, որ Մոսկվան տևական ժամանակ դե ֆակտո Հայաստանի դաշնակիցը չէ, բայց դե յուրե շարունակում է լինել փաստաթղթային դաշնակցային հարաբերության մեջ, դրանից բխող պարտավորություններով: Մոսկվան հասել է մի կետի, որ դե ֆակտո ոչ դաշնակցությունը դե յուրե դաշնակցության հետ այլևս խիստ անհամատեղելի է», — գրել է Lragir.am-ի մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը. «հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա», «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ապագայի հարց է», գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը գրել է. «Եթե Ալիևը միայն փուլային տարբերակն է ընդունում, ընդ որում, ուզում է մի քանի փուլ վերցնի, հետո մտածի՝ դիմացը բան տա, թե չտա, ընդհանրապես ինչի՞ մասին են բանակցությունները»:
Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է տարաձայնություն առաջացնող հարցերի շուրջ կողմերի միջև համաձայնության հասնելու հնարավորության և հակամարտությունը մոտ ապագայում լուծելու մասին: Սակայն իր այդ լավատեսությունը դիվանագետը ոչ մի կերպ չի հիմնավորել:
Այնուհետև լրատվամիջոցները հրապարակեցին համանախագահների համատեղ հայտարարությունը, որով Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արվում «չեզոքացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունն ընդլայնելու ճանապարհին առաջացած բոլոր խոչընդոտները», «բանակցություններում և [շփման գծում միջադեպերի] հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների ստեղծման առաջարկի վերաբերյալ առաջընթաց արձանագրել»:
Հայաստանի մամուլի տեսությունը համալրվում է մեկնաբանների մեծ մասի արտահայտած իշխանությունների գործողությունների հանդեպ տարակուսանքով և դժգոհությամբ: Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը գրել է.
«Կարելի է արձանագրել հետևյալ իրավիճակը: Ադրբեջանի համար ռազմական գործողությունների դիմելը դարձել է խնդրահարույց, Ռուսաստանն ակնարկել է պատերազմի դեպքում Ադրբեջանին սպասվող աղետի մասին, ԵԱՀԿ-ն պնդում է սարքավորումների տեղակայումը, ըստ այդմ՝ ստատուս քվոյի ճանաչումը: Հողերի վերադարձի հարցը հանվում է: Մնում է, որ Հայաստանի ղեկավարությունը վարի այս իրավիճակին համարժեք ինքնիշխան քաղաքականություն…»:
Հրապարակվել է 27.06.2016