Հարաբերությունների վերականգնում 10 տարի անց․ Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Երևան
Հունգարիան ՀՀ-ում հյուպատոսություն կբացի
«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ։
Սա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Հունգարիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։ Սիյարտոյի խոսքով՝ այն «վերջակետ է դնում այն տասնամյակին, երբ երկու երկրների միջև դիվանագիտական կապեր չկային»։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012 թ. օգոստոսի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ։ Պատճառն այն էր, որ Հունգարիան որոշել էր Ադրբեջանին արտահանձնել ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թ․-ին կացնահարել էր հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։
2021 թ․-ի դեկտեմբերի վերջին Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք վերադարձան 5 հայ գերիներ։ 2022 թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին։
Հաղորդվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, տնտեսության և մյուս ոլորտներում առկա ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ: Ընդգծել են նաև «էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը»։
Առանձնազրույցից հետո Հայաստանի և Հունգարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում Սիյարտոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, կարևորել ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։
Ամենակարևոր հայտարարությունները՝ հակիրճ
«Ուզում ենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի հնարավորինս արագ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին ասել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նրա համոզմամբ՝ այն կերաշխավորի, որ «հաջորդ տասնամյակներում տարածաշրջանում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ»։
«Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,- ասել է նա։
Պետեր Սիյարտոի դիտարկմամբ՝ Հունգարիան այն երկրներից է, որ բախումների, պատերազմների դեպքում ձգտում է խաղաղ կարգավորման, ուստի կողմ է խաղաղ կարգավորմանը նաև կովկասյան տարածաշրջանում:
Ավելի քան 110 հազար դոլար աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Արտգործնախարար Պետեր Սիյարտոն վստահեցրել է՝ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը։
«Որպես դրա դրսևորում մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ [ավելի քան 110 հազար դոլար]՝ ի աջակցություն այն ընտանիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան»,- հայտարարել է նա։
Սիյարտոյի խոսքով՝ երկիրը անհրաժեշտության դեպքում մասնակցություն կցուցաբերի այդ անձանց բուժման գործում։ Ընդգծել է՝ ԼՂ-ից Հայաստան եկած ընտանիքների երեխաներին պատրաստ են ընդունել ինչպես Հունգարիայի բուժհաստատությունները, այնպես էլ մանկական ճամբարները։
Հունգարիան կմիջամտի, որ ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի
Բուդապեշտի նման պատրաստակամության մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու շնորհակալություն հայտնել գործընկերոջը։
«Նա անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել ու իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը»,-պատմել է Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի գնահատմամբ՝ ԼՂ-ի հայերի բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հարցն էլ ավելի է սրվել: Հիշեցրել է՝ մինչ այդ Հայաստանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:
«Ադրբեջանի հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը մինչև այժմ չի կայացել։ Բայց հիմա այդ առաքելությունն էլ ավելի պահանջված է»,- արձանագրել է նա և նշել, որ այցի կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Հայաստան-ԵՄ գործընկերության մասին
Հունգարիան աջակցո՞ւմ է Հայաստանի ներգրավմանը «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխ» նախագծին: Հարցին ի պատասխան՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը կարագացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և կամրացնի կապերը:
Սիյարտոյի խոսքով՝ որքան շատ երկրների կարողանա սատարել ԵՄ-ն, այնքան ավելի մեծ շանսեր կլինեն «ԵՄ մրցունակության ողբերգական անկումը կանգնեցնելու»։
Հայաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունում նշվել էր, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հունգարիան ՀՀ-ում հյուպատոսություն կբացի