«Երեք օր է, ինչ ԼՂ-ի հայերը պատանդի կարգավիճակում են»․ Հայաստանի խորհրդարան
Հումանիտար աղետ Լեռնային Ղարաբաղում
«Ադրբեջանն անընդհատ ուզում է նոր զիջում, որից հետո մեկ օր ասելու է՝ դուրս եկեք, ռադներդ քաշեք այստեղից։ Իրավունք ու շահ չունենք զիջելու»,- ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա արցախցիների կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար անժամկետ նստացույց է սկսել։
Ասում է՝ նպատակը չպետք է լինի միայն Լաչինի միջանցքի բացումն ու գազամատակարարման վերականգնումը․ առանց լրացուցիչ երաշխիքների որոշ ժամանակ անց նույնը կարող է կրկնվել։
Երևանում այսօր կազմակերպվել է նաև երկու բողոքի ակցիա՝ մեկը՝ Ռուսաստանի դեսպանատան, մյուսը՝ Հայաստանի կառավարության շենքի առաջ։ Երկրի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունել։
Երրորդ օրն է, ինչ ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից դադարեցված է նաև գազամատակարարումը, ինչի հետևանքով բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Աշխատանքները դադարեցրել են նաև գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները։
Արցախի շուրջ 120 հազարանոց հայ բնակչությունը շրջափակման մեջ է և հումանիտար ճգնաժամի առաջ․ մի քանի օրվա սնունդ և դեղորայք ունեն։ Տուն վերադառնալու հնարավորությունից զրկված է շուրջ 1100 արցախցի, այդ թվում՝ 270 երեխա։ Նրանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում։ Արցախում կա 5 ծանր հիվանդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք բուժման նպատակով պետք է տեղափոխվեն Երևան, սակայն դա այս պահին անհնար է։ Խնդրի լուծման նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
Բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով այսօր Արցախում ռազմական դրության աշխատանքային ռեժիմ է հայտարարվել։
Վերջին մեկ օրվա զարգացումները
«Անժամկետ նստացույց»․ արցախցի պաշտոնյան շարժում է սկսել
Կեսօրին նման նախաձեռնության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նա նշել էր, որ
- «ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ,
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով,
- առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ»:
Բեգլարյանը Հայաստանի հասարակությանը կոչ է արել «տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ։ Սփյուռքի հայրենակիցներին էլ հորդորել էր իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ։
Նստացույցը մեկնարկեց ՄԱԿ-ի գրասենյակի առջև, ինչպես և նախապես հայտարարվել էր։
Մինչ այդ Բեգլարյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և ներկայացրեց նախաձեռնության նպատակը։ Պետնախարարի խորհրդականն ընդգծեց՝ արձակուրդում է, որպես արցախցի է հանդես գալիս, եթե պետք լինի, ազատման դիմում էլ կգրի։ Նրա գնահատմամբ՝ Արցախը կանգնած է ծայրահեղ հումանիտար աղետի առաջ, միջազգային կառույցները պետք է արագ արձագանքեն, այլապես կարող է ուշ լինել։ Ասում է՝ պետք է կիրառել «բոլոր հնարավոր գործիքները» մարդկանց կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար․
«Ադրբեջանն անընդհատ ուզում է նոր զիջում, որից հետո մեկ օր ասելու է՝ դուրս եկեք, ռադներդ քաշեք այստեղից։ Իրավունք ու շահ չունենք զիջելու»։
Արտակ Բեգլարյանը շեշտում է՝ նպատակ չպետք է լինի միայն շրջափակման վերացումն ու գազամատակարարման վերականգնումը․ որոշ ժամանակ անց նույնը կարող է կրկնվել։
«Պետք է հասնենք նրան, որ լրացուցիչ երաշխիքներ ստանանք, որ որևէ նման դեպք չի կրկնվելու։ Դրա համար Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի՝ կլինեն սանկցիաներ, թե ռազմական, քաղաքական, իրավական գործիքակազմ։ Այլապես փոքր քայլերով անընդհատ խախտելու է մեր կարմիր գծերը, ստանալու է զիջումներ, ստանալու է Արցախն ու Հայաստանը»,- ընդգծել է նա։
«120 հազար մարդ պատանդի կարգավիճակում է»․ Հայաստանի խորհրդարանի ընդունած նախագիծը
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, ներկայացրել «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծ։ Նախագիծն ընդունվել է։ Կողմ է քվեարկել 57 պատգամավոր: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քննարկմանն ու քվեարկությանը։
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագիծը՝ հավանության արժանացնելով իշխող ուժինը: Ընդդիմադիրները, սակայն, պնդում են՝ այն «Հայաստանի շահերից չի բխում»։ ԱԺ մեծամասնության գնահատմամբ՝ ընդդիմությունը ոչ թե հայտարարության նախագիծ է ուզում, այլ հանրահավաք։
Ընդունված հայտարարությամբ խրհրդարանականները Ռուսաստանին կոչ են անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու «2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»։
Շեշտվում է, որ Լաչինի միջանցքն արգելափակվել է «ապօրինի կերպով», կոպտորեն ոտնահարվել են եռակողմ հայտարարության դրույթները։
«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»,- ասված է հայտարարությունում։
Պատգամավորներն ակնկալում են, որ միջազգային հանրությունը խստորեն և հասցեական կերպով կդատապարտի Ադրբեջանի գործողությունները․
«Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը»։
Կոչ են հղել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է «հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»։
Հայտարարության քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, թե՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․
«ՌԴ-ն ցանկանում է հրաժարվել Ղարաբաղից և Հայաստան ստանալ, սա մենք պետք է հասկանանք, և ուղղակի պետք է խոսակցության մեջ մտնենք Ադրբեջանի հետ և միջազգային գործընկերների»։
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի «ռևանշիստ» ընդդիմադիրները «երազում են» պատերազմի մասին, որովհետև դա է միակ ճանապարհը, որ «մի հատ էլ պարտվենք, ու իրենք իշխանության գան արդեն Ռուսաստանի նահանգում»։ Վստահեցրել է՝ նման բան չի լինելու։
Բողոքի ակցիաներ Երևանում
Ռուսաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել մի խումբ արցախցիներ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ հակառուսական կամ քաղաքական բնույթ իրենց նախաձեռնությունը չունի, պայքարում են իրենց իրավունքների համար։ Նրանք պահանջել են, որ Ռուսաստանը կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովի արցախցիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ավելի ուշ Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առաջ էին հավաքվել տասնյակ մարդիկ։ Նախօրեին հանրահավաքի մասին հայտարարել էր Հանրապետական կուսակցությունը։ Կուսակցության համակիրները պնդում են՝ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն օրվա իշխանությունն է, խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են «ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել»
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է նշել, որ նման տեղեկություններ ունի։ Հիշեցրել է՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ նման հայտարարություններ արել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- շեշտել է Սիմոնյանը:
Պաշտոնական Մոսկվան ստեղծված իրավիճակը դեռևս չի մեկնաբանել։ Նախօրեին Ռուսաստանի Պն կայքում հրապարակված հաղորդագրությունում անդրադարձ կար նաև Լաչինի միջանցքի փակմանը․ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»։
Անդրադառնալով ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ կարիք կա երկարաձգել նրանց գործունեության ժամկետը, բայց «միգուցե, պետք է դիտարկենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների, այլև միջազգային այլ ձևաչափեր»։
«Արցախը պատրաստ է բանակցությունների»
Ուղիղ եթերում հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու հավելել՝ «եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար»․
«Հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց առջև կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, պնդում ենք, որ ճանապարհը պետք է բացվի»:
Տուն վերադառնալ չկարողացող քաղաքացիների խնդիրներից բացի Վարդանյանը կարևորել է նաև վառելիքի հարցը, երկրում մտցվել է «խնայողության ռեժիմ» բոլորի, այդ թվում՝ պետական կառույցների համար։
Բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակասի մասին հայտարարություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ «վառելիքային ճգնաժամ» թույլ չտալու նպատակով կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
«Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին»,- նշել է շտաբը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է միջազգային կառույցներին
Մայր Աթոռն Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը դատապարտող հայտարարություն է տարածել՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահին հորդորելով «շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար»:
Հայոց Հայրապետը դիմումներ է հղել նաև Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Սպասում են, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք «մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը»․
«Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում»։
Հումանիտար աղետ Լեռնային Ղարաբաղում